Սերժ Սարգսյանի` ՄԱԿ-ի գագաթնաժողովում արած հայտարարությունից եւ դրան հետեւած հայկական զինուժի գործողություններից հետո ակնհայտ դարձավ, որ Հայաստանն իր եւ Ղարաբաղի անվտանգության պաշտպանության հարցում անցնում է նոր ռեժիմի, որը ենթադրում է ինչպես երկրի զինված ուժերի եւ, առհասարակ, ողջ պետական համակարգի աշխատանքի տոտալ փոփոխություն, այնպես էլ երկրի ներքաղաքական կյանքի եւ առկա օրակարգի հիմնովին վերաձեւում:
Եվ դա առաջին հերթին վերաբերում է Հայաստանի ներքաղաքական օրակարգի թիվ մեկ հարցին` Սահմանադրության փոփոխությանը: Փաստորեն պատերազմից «հինգ պակաս» իրավիճակում գտնվող Հայաստանի Ազգային ժողովը փոխանակ երկրի անվտանգությանը սպառնացող այս իրավիճակից քաղաքական ելքեր փնտրելուն ուղղված ջանքեր գործադրելի, հաջորդ երկուշաբթի պետք է քվեարկի սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Սա այլ կերպ, քան քաղաքական անմեղսունակություն, դժվար է բնորոշել: Նույնն, ի դեպ, վերաբերում է նաեւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին, որոնցից, օրինակ, «Ոտքի Հայաստան»-ը, «Հիմնադիր խորհրդարան»-ը կամ ՀԱԿ-ը հայտարարում են, թե սահմանային լարվածությունը չի կարող եւ չպետք է ազդի հանուն իշխանափոխության իրենց պայքարի վրա եւ որ այս սահմանային լարվածությունը ձեռնտու է հենց Սերժ Սարգսյանի ռեժիմին:
Իրականում ամեն ինչ շատ ավելի լուրջ է, սակայն մեր քաղաքական դաշտը` Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունից սկսած, կարծես թե ի զորու չէ դա ընկալել: Հակառակ դեպքում հենց Հանրապետական կուսակցությունը պետք է հանդես գա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հետաձգելու առաջարկությամբ: Առավել եւս, որ ՀՀԿ խոսնակը հավաստիացնում էր, թե սահմանադրության փոփոխությունն իրենց համար գերխնդիր չէ, որ կան ավելի կարեւոր հարցեր, ինչպես երկրի տնտեսության եւ անվտանգության հետ կապված հիմնախնդիրները: Արդ` հիմա առկա է մեր երկրի անվտանգության ապահովման շատ լուրջ առաջնախնդիր, եւ եթե Սերժ Սարգսյանի վերարտադրությունը չէ ՀՀԿ-ի գերնպատակը, ապա այն պետք է ապացուցի իր խոսնակի խոսքերի ճշմարտացիությունը:
Իր հերթին ընդդիմությունը պետք է սահմանադրական հանրաքվեն հետաձգելու պահանջ առաջադրի իշխանությանը` այդ պարագայում խոստանալով առժամանակ կասեցնել իր պայքարը: Ի վերջո, եթե, Աստված մի արասցե, պատերազմական գործողությունները վերսկսվեն, այդ դեպքում հաստատ Սերժ Սարգսյանի իշխանությունը կերկարաձգվի անհայտ ժամկետով: