ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կցանկանայի իմանալ, թե ինչ կարգով է պետական գույքի մասնավորեցման գործընթացն իրականացվում: Եվ խնդրում եմ ասել նաեւ՝ արդյոք պետությունը երաշխիքներ տալիս է մասնավորեցման մասնակիցներին, եթե այո, ապա ի՞նչ սկզբունքով:

Սամվել Քեշիշյան (48 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Պետական գույքի մասնավորեցման գործընթացն իրականացվում է հետեւյալ ձեւերով՝
1) բաժնետոմսերի ազատ բաժանորդագրություն,
2) աճուրդ,
3) մրցույթ (այդ թվում՝ միջազգային մրցույթ),
4) ուղղակի վաճառք,
5) նոր բաժնետոմսերի բաց կամ փակ տեղաբաշխում,
6) պարտատոմսերի թողարկում բաժնետոմսերի փոխարկման իրավունքով,
7) բաժնետոմսերի վաճառք մասնագիտացված շուկաներում,
8) պետական գույքի, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց եւ համայնքների գույքի նկատմամբ պետությանը պատկանող օգտագործման իրավունքի փոխանցում:
Ինչ վերաբերում է երաշխիքներին, ապա նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է մասնավորեցման մասնակիցների իրավունքները: Դրանց խախտման համար մեղավոր պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով: Ավելացնենք, որ մասնավորեցման ընթացքում եւ հետեւանքով լիազորված պետական մարմնին հայտնի դարձած մասնավորեցման մասնակիցներին վերաբերող տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ենթակա չեն հրապարակման՝ առանց վերջիններիս համաձայնության:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ օրենքը բավական լայն հնարավորություն է տալիս մասնավորեցման գործընթացում քաղաքացիների ներգրավվածության առումով: Թեեւ բոլորին է հայտնի, որ յուղոտ պատառները սովորաբար բաժին են հասնում կոնկրետ մարդկանց:




Լրահոս