Ինչով է պայմանավորված երեխաների մոտ աղիքային վարակիչ հիվանդությունների կտրուկ աճը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ ՀՀ որոշ մարզերում գլուխ են բարձրացրել սուր աղիքային հիվանդությունները, ինչը պայմանավորված է սննդի անվտանգության եւ հիգիենայի կանոնների խախտմամբ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ այս տարվա օգոստոսի տվյալներով՝ Հայաստանում արձանագրվել է սուր աղիքային հիվանդությունների 1741 դեպք, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 1179:

Վիճակագրական տվյալները մտահոգիչ են ինչպես հիվանդացության դեպքերի քանակական, այնպես էլ որակական դինամիկայի առումով: Այսպես, աղիքային հիվանդությունների թվում բակտերիալ դիզենտերիայի արձանագրված դեպքերը կազմել են 171, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 63: Սուր աղիքային վարակները՝ չհաստատված, չճշգրտված հարուցիչներով, կազմել են 1065, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է ընդամենը 651 դեպք:

Ըստ որոշ մասնագիտական տվյալների` ինֆեկցիոն բնույթի բոլոր հիվանդությունների 80 տոկոսը հիմնականում պայմանավորված է ջրային գործոնով, որը կապված է ջրամատակարարման սանիտարա-հիգիենիկ նորմերի խախտման եւ խմելու ջրի անբավարար որակական ցուցանիշների հետ: Հատկապես վերջին ամիսներին «Ժողովուրդ» օրաթերթն այս խնդրի կապակցությամբ քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր է ստացել, որոնց մեծ մասը վերաբերում է Երեւանի կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզներին:

Նախօրեին էլ «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացիները տեղեկացրեցին, որ այս օրերին ՀՀ որոշ բուժհաստատություններ լեցուն են աղիքային վարակիչ հիվանդությունների ախտորոշում ունեցող հիվանդներով: Այդ բուժհաստատությունների թվում է Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը: Ստացված ահազանգերի հետքով «Ժողովուրդ»-ը այցելեց Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս