ՆԱՏՕ-ի արձագանքն իր գործընկեր Թուրքիայի հարցով չափազանց օպերատիվ էր եւ կտրուկ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական օդուժի կողմից օրերս Թուրքիայի սահմանը հատելու միջադեպին երեկ արձագանքել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` հայտարարելով, թե Հյուսիսատլանտյան դաշինքը կպաշտպանի իր ցանկացած անդամի ցանկացած վտանգից: «Թուրքական օդային սահմանների վերջին խախտումները անթույլատրելի են, եւ դաշինքը հայտնում է, որ Թուրքիայի պաշտպանության հարցում ՆԱՏՕ-ն շատ հետեւողական է լինելու»:

Այսպիսով` Թուրքիայի անվտանգության երաշխավորն իր անդամ երկրի սահմանը ռուսական օդուժի կողմից ընդամենը մի քանի վայրկյան հատելու փաստին նման կերպ է արձագանքում` անմիջապես պատրաստակամություն հայտնելով նաեւ համապատասխան ուժեր տեղակայել Թուրքիայի օդային սահմանը պաշտպանելու համար։ Նկատենք, որ ռուսական կործանիչները Թուրքիայի սահմանը հատել էին ոչ այդ երկրի նկատմամբ ագրեսիա իրականացնելու, ոչ էլ որեւէ հետախուզական գործողություն իրականացնելու նպատակով: Եվ չնայած դրան` ՆԱՏՕ-ի արձագանքը չափազանց օպերատիվ էր եւ կտրուկ:

Մի բան, որ երբեւէ տեղի չի ունենում Հայաստանի անվտանգության երաշխավորը հանդիսացող ՀԱՊԿ կողմից: Հայաստանի սահմանները տարիներ շարունակ գնդակոծվում են, այդ ամենի արդյունքում տասնյակ զոհեր ենք ունենում, այդ թվում` նաեւ խաղաղ բնակիչներ, սակայն մեր անվտանգության երաշխավորը այդպես էլ որեւէ կերպ չի արձագանքում: ՀԱՊԿ-ի անհաղորդությունը, փաստորեն, ՀՀ իշխանությունների համար այն աստիճան անլուծելի խնդիր է, որ անցած տարի Սերժ Սարգսյանը ստիպված եղավ լրագրողներին հրապարակավ ուղղորդել, որպեսզի նրանք Երեւան ժամանող Բորդյուժային դիմեն հարցապնդումներով, թե ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքում Հայաստանի սահմանների նկատմամբ իրականացվող ոտնձգություններին:

Իսկ վերջերս էլ արդեն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յ. Խաչատուրովը բացահայտ հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի կողմից նման պահվածքը անգամ մարդկայնորեն հասկանալի չէ: Դա, սակայն, ամենեւին չխանգարեց, որ երկու օր անց նույն Բորդյուժան Երեւանում հայտարարի, որ ՀԱՊԿ-ը չի պատրաստվում Ադրբեջանին դատապարտող որեւէ հայտարարություն անել, իսկ եթե Հայաստանը դիմի էլ իրեն պաշտպանելու խնդրանքով, ապա ՀԱՊԿ-ում դեռ պետք է քննարկեն եւ որոշեն` թե ինչպիսի աջակցություն պետք է ցուցաբերվի` ֆինանսական, ռազմական, թե ռազմատեխնիկական:

Ամփոփելով` նշենք, որ այսօր արդեն «ոզնուն էլ է» պարզ, որ Հայաստանը Ադրբեջանի հետ պատերազմում անվտանգության երաշխավոր չունի: Ո՛չ ՀԱՊԿ-ը եւ ո՛չ էլ անգամ ՀՀ սահմանները պաշտպանելու պարտավորությունը միջպետական համաձայնագրով ստանձված Ռուսաստանը չեն պատրաստվում դա անել, եւ որ ուշագրավ է` այդ մասին այլեւս չեն էլ թաքցնում: Տխուր է, բայց փաստ. Հայաստանը թե՛ իր ռազմական եւ թե՛ տնտեսական անվտանգությունը կապել է կեղծ դաշինքների հետ` ի դեմս ՀԱՊԿ-ի եւ ԵՏՄ-ի:




Լրահոս