ՀՀ առողջապահության նախարարության Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետները` տնօրեն Արմեն Տանանյանի գլխավորությամբ կատարեցին ամենամյա հերթական այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։
Կազմակերպված «Բաց դռների օրերի» շրջանակում փորձառու մասնագետները` պրոֆեսորներ Հայրապետ Գալստյանը, Գագիկ Բազիկյանը, բժշկագիտության թեկնածուներ Անդրեյ Մինասյանը, Հրայր Հակոբյանը, Կարապետ Բազիկյանը, Հայկուհի Գյոկչյանը, ռադիոլոգներ Արմինե Գալստյանը և Հասմիկ Դավթյանը, ռենտգենոլոգ Անի Վարդանյանը, սոնոգրաֆիստներ Լիլիթ Շաքարյանը և Նաիրա Կրյուչկյանը Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում իրականացրել են ԼՂՀ բնակիչների ավելի քան 950 անվճար խորհրդատվություններ և հետազոտություններ: Երևանից ժամանած մասնագետները կատարել են 325 գործիքային հետազոտություններ` ուլտրաձայնային, ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիա, մամոգրաֆիա, գաստրոսկոպիա։ Կատարված զննություների և հետազոտությունների արդյունքներով տեղի մասնագետների հետ քննարկել են հիվանդների բուժման կազմակերպմանը վերաբերող հարցեր։ Գագիկ Բազիկյանը կատարել է նաև վիրահատություն։
Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանի ղեկավարած մասնագետների խմբին ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ ԲակոՍահակյանը: Հանդիպման ընթացքում ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մասնակցությամբ քննարկվել են Արցախում ուռուցքաբանության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր:
ԲակոՍահակյանըերախտագիտություն է հայտնել անվանի մասնագետներին Արցախ հաճախակի այցելելու և բնակչությանը տեղում բժշկական օգնություն ցուցաբերելու համար՝ նշելով, որ դա կարևոր դերակատարություն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բուժսպասարկման մակարդակի և մասնագետների որակավորման բարձրացման գործում:
Հիշեցնենք, որ օգոստոսի կեսերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էին այցելել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները` համաճարակային իրավիճակի ուսումնասիրության և մեթոդագործնական օգնություն ցուցաբերելու նպատակով: