«ՆՈՐ ԱԼԻՔ»-Ի ՀԱՅ ՄԱՍՆԱԿՑԻՆ «ՊԱՍՏԱՎԿԱ» ԵՆ ԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է՝ Սոչիում անցկացվող «Նոր ալիք-2015» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող երգիչ Գրիգոր Կյոկչյանը առաջին մրցութային օրը վաստակել է 85 միավոր 88 հնարավորից: Նա հոկտեմբերի 3-ին կատարել է Boney M.-ի «Sunny» ստեղծագործությունը: Իսկ, ահա, երկրորդ մրցութային օրը վաստակել է 82 միավոր 88 հնարավորից: Երգիչը հոկտեմբերի 4-ին IOWA խմբի հետ կատարել է «Երկու աստղ» ստեղծագործությունը: Մրցութային երկրորդ օրվա նախապատրաստությունները, սակայն, անցել են լարված մթնոլորտում, գրանցվել են անսպասելի շրջադարձեր: Բանը հասել է նույնիսկ նրան, որ Գրիգոր Կյորկչյանը մտածել է մրցույթից հրաժարվելու մասին:

Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ինչու են այդքան թեժացել կրքերը «Նոր ալիք»-ի կուլիսներում, «Ժողովուրդ»-ին պատմել է ինքը` Գրիգորը:
Նրա խոսքով` առաջին ելույթից հետո ինքը բազում դրական խոսքեր է լսել իր կատարման մասին ու բուռն արձագանքների արժանացել: Մնում էր` տպավորությունը պահպանվեր նաեւ երկրորդ ելույթի ժամանակ: Սակայն այստեղ իրադրությունը կտրուկ փոխվել է ոչ Գրիգորի մեղքով: Մրցութային երկրորդ օրը, «Նոր ալիք»-ի կանոնների համաձայն, նախատեսված է դուետ նախորդ տարիներին տվյալ երկիրը մրցույթում ներկայացրած մասնակցի հետ: Սակայն, քանի որ այս տարի հայաստանյան հեռուստաընկերություններից ոչ մեկն այդպես էլ չհեռարձակեց «Նոր ալիք»-ը, մրցույթի կազմակերպիչներն արգելել են հայաստանցի մասնակցին ելույթ ունենալ որեւէ հայ մասնակցի հետ: Գրիգորը նշեց, որ մինչ այդ քննարկվում էր Սոնա Շահգելդյանի հետ դուետով հանդես գալու տարբերակը, որը, սակայն, չեղարկվել է: Փոխարենը մրցույթի կազմակերպիչները նշել են, որ Գրիգորի հետ ելույթով պետք է հանդես գա IOWA խումբը: «IOWA-ն, սակայն, ներկայացրեց մի գործիքավորում, որը որակվեց որպես խայտառակություն, եւ մրցույթի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Ռեվզինն առաջարկեց մեզ մտածել նոր տարբերակի մասին, քանզի IOWA-ի տարբերակը, ըստ նրա, չէր կարող հնչել: Դրանից հետո ես եւ Մարտին Միրզոյանը գիշեր-ցերեկ աշխատում էինք, որպեսզի փրկենք դրությունը: Արդյունքում մենք ներկայացրինք մեր գործիքավորումը, որը դրական արձագանքի արժանացավ թե՛ մրցույթի երաժշտական պրոդյուսերի, թե՛ ռեժիսորի, բոլորի կողմից: Իգոր Կրուտոյն էլ, երկու գործիքավորումները լսելով, նշեց, որ անպայման պետք է հնչի մեր ներկայացրած տարբերակը»,-պատմեց Գրիգորը` հավելելով, որ եթե մրցույթում հնչեր հենց իրենց ներկայացրած տարբերակը, իրենք կարժանանային բարձր գնահատականների:
Սակայն իրադարձություններն այլ ընթացք են ստացել: Ամեն բան հանկարծ անհասկանալի կերպով փոխվել է: IOWA-ն համերգի օրը նշել է, որ կա՛մ կերգեն իրենց ներկայացրած գործիքավորմամբ, կա՛մ, առհասարակ, մրցույթին չեն մասնակցի: «Ռեժիսորը, Կրուտոյը ավելի գլոբալ հարցերով էին զբաղված, ու այստեղ անհասկանալի կապրիզների, ամբիցիաների, մանկական, մանկապարտեզային խոսակցությունների ալիք բարձրացավ: Դե, իսկ IOWA-ն այն խումբն է, որը միշտ մրցույթի շրջանակներում գալիս, համերգներին, տարբեր միջոցառումներին անվճար երգում է, ուստի կազմակերպիչներն ամեն կերպ խուսափում էին խմբին նեղացնելուց: Խումբն իր հերթին ոչ մի հստակ մեկնաբանություն չէր տալիս, թե ինչու է ուզում իր ներկայացրած գործիքավորմամբ հանդես գալ: Միայն ասում էին, թե իրենց սոլո կիթառ նվագող տղան այդ համարի ժամանակ պետք է շոու անի, իսկ մեր ներկայացրած գործիքավորման մեջ սոլո կիթառ չկա եւ այլն… Սակայն, եթե դիտեք տեսագրությունը, կհասկանաք, որ դա սուտ պատճառաբանություն էր, քանի որ սոլո կիթառ նվագող տղան այդպես էլ չհայտնվեց բեմում»,-մանրամասնեց Գրիգորը:
Արդյունքում, մեր մասնակիցը հայտարարել է, որ հրաժարվում է մրցույթին մասնակցությունից` քաջ գիտակցելով, որ նման խայտառակ գործիքավորմամբ երգ ներկայացնելով` ցածր միավորներ կվաստակի, հատկապես, որ, Գրիգորի խոսքով, IOWA-ի երգչուհու կատարմամբ, առհասարակ, չէր ստացվում այդ երգը մատուցել:
«Իմ հայտարարությունից հետո ինձ հետ կապվեց գլխավոր ռեժիսորը` տղամարդավարի խնդրելով, որ չհրաժարվեմ մրցույթից, քանի որ կարող եմ այդ կերպ ազդել «Նոր ալիք»-ի հեղինակության վրա: Իսկ քանի որ իմ նպատակներն ավելի գլոբալ էին, ունեի որոշակի պլաններ` կապված մրցութային երրորդ օրվա հետ, մեկ այլ նախագծում ընդգրկվելու նախնական առաջարկ կար, իմ կողմից սխալ կլիներ զիջման չգնալը: Ուստի քաջ գիտակցելով, որ վատ գնահատականների եմ արժանանալու, ասացի, որ իրենց աշխատանքը հարգելով` կերգեմ»,-մեկնաբանեց Գրիգորը:
Նա պատմեց, որ իրենց ելույթից հետո ռուսական շոու-բիզնեսում եւ մեդիա ոլորտում բոլորը խոսել են IOWA-ի խայտառակ ելույթից, եւ, ի ուրախություն մեր մասնակցի, գիտակցել, որ նա արել է հնարավորը` լավ ելույթ ապահովելու համար:
«Ժյուրին պարզապես նշեց, թե ինչու պաստավկա արեցիք այդ տղային, ով առաջին օրվա ելույթից հետո ֆավորիտ էր համարվում, իսկ IOWA-ի երգչուհին ելույթից հետո կուլիսներում լաց էր լինում… Հիմա ինձ մնում է մրցութային երրորդ օրը բոլորին ապացուցել, որ ես, ներկայանալով միայնակ, կարող եմ լավ ելույթ ունենալ: Կարծում եմ` կատարումս կարժանանա հավանության»,-եզրափակեց նա:

 

 

 

 
ԻՆՉՈ՞Ւ ԱՆԴՈՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՉԷ ՍԻԹՔՈՄՆԵՐՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է հետաքրքրվել էկրանից հայտնի դարձած այն դեմքերի գործունեությամբ, որոնց հեռուստադիտողները վերջին շրջանում չեն տեսնում: Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում դերասան Անդրանիկ Հարությունյանն է: Իր հումորային դերերով հիշվող դերասանն այսօր ընդգրկված չէ մեկը մյուսի հետեւից նկարահանվող սիթքոմներից եւ ոչ մեկում: Թե ինչու, փորձեցինք պարզել դերասանից:

Անդրանիկը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքն այս շրջանում զբաղված է բեմական գործունեությամբ. «Հիմա փորձում եմ ավելի քիչ երեւալ հեռուստատեսությամբ, ասեմ ավելին` հետաքրքիր բան էլ չկա, որ երեւամ: Կան առաջարկներ, բայց չեմ համաձայնում: Ֆինանսի գործոնն էլ մի կողմ կդնեմ, եթե որակյալ արտադրանքի մասին լինի խոսքը»,-ասաց նա:
Անդրանիկը հայտնեց, որ նոյեմբերին հանդիսատեսի դատին է հանձնվելու շոու ներկայացում, որին ինքը եւս մասնակցում է.«Բացի կամերային թատրոնի ներկայացումներում ընդգրկված լինելուց` ես ընդգրկված եմ 4-5 հոգանոց խմբում, աշխատում ենք ներկայացումների վրա: Հեռուստատեսային հաղորդումներին ժամանակ էլ չի լինում` հետեւենք… Եթե երկրում մնան մարդիկ, որոնք հնարավորություն կունենան տոմս առնել ու գալ ներկայացում դիտելու, դա ավելի հետաքրքիր կլինի, եթե մարդիկ մնան, իհարկե…»:
Իսկ մեր այն հարցին, թե արդյոք էկրանից ժամանակավորապես հրաժարվելով` կխուսափի հանդես գալ նաեւ գեղարվեստական ֆիլմերում, Անդրանիկը պատասխանեց. «Վերջերս «Թատրոն 32»-ը նկարահանեց շատ հետաքրքիր հումորային ֆիլմ, որտեղ ընդգրկված եմ նաեւ ես: Ասեմ, որ նկարահանումներն անցել են բավական զվարճալի մթնոլորտում»:
Մեր այն դիտարկմանը, թե Անդրանիկին միանման էկրանային դերեր են բաժին ընկնում, դերասանը պատասխանեց. «Ես միշտ ասել եմ, որ լուրջ դերեր կխաղամ, ուղղակի առաջարկ չկա: Մտածում են` կարող է իմ լուրջ դերը ծիծաղ հարուցի, չեն պակերացնում` ոնց կարող է Անդոն խաղա լուրջ դեր, բայց եթե նման առաջարկ լինի, միանշանակ, չեմ մերժի»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԱՇԱՐ
Հոկտեմբերի 11-ին, հոկտեմբերի 28-ին, նոյեմբերի 9-ին, նոյեմբերի 30-ին եւ դեկտեմբերի 25-ին տեղի կունենա երաժիշտ, երգահան Վահան Արծրունու «Հինգ համերգային նախագիծ 2015» համերգաշարը՝ նվիրված արվեստագետի բեմական գործունեության 30-ամյակին եւ ծննդյան հիսուներորդ տարեդարձին: Համերգաշարը անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: Համերգաշարի ընթացքում կլինեն պրեմիերաներ: «Ինձ համար սա կարմիր գիծ է, որը ազատության նոր տիրույթ կստեղծի, որ ես կարողանամ իմ ներսում շարժել նոր ոլորտներ, երաժշտական նոր տեսակներ»,-ասել է Արծրունին:

 

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Աթենքի հեղինակավոր «Մեղարո Մուսիկիս» համերգասրահում հոկտեմբերի 4-ին կայացել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, համերգին ներկա են եղել Աթենքում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների մի քանի տասնյակ ղեկավարներ, դիվանագետներ, Կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներ եւ խորհրդարանականներ, հունահայ համայնքի անդամներ, ինչպես նաեւ հույն հասարակական եւ մշակութային շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանի խմբավարությամբ երգչախումբը հանդիսատեսին է ներկայացրել Կոմիտասի, Հալաջյանի, Շնիտկեի, Բարբերի ստեղծագործություններից, ինչպես նաեւ՝ հայկական ժողովրդական երգերի անզուգական կատարումներ` Ռոբերտ Մլքեյանի մշակմամբ:

 

PORSCHE-Ն ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Porsche ընկերությունը չի ընդունում իր մեղքը «Ֆորսաժ» ֆիլմի աստղ Փոլ Ուոքերի մահվան մեջ։ Գերմանական ընկերությունը պաշտոնապես արձագանքել է դերասանի 17-ամյա դստեր դատական հայցին: The Guardian-ի տեղեկացմամբ` Porsche-ի ներկայացուցիչները նշել են, որ տվյալ պարագայում դժբախտ պատահարը եղել է վտանգավոր վարելու եւ արագությունը գերազանցելու պատճառով: Նրանք հայտարարել են, որ ոստիկանությունն արդեն կատարել է համապատասխան հետաքննությունը։
Հշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Փոլ Ուոքերի դուստրը դիմել էր դատարան` ընդդեմ Porsche-ի։ Ըստ նրա՝ վթարը տեղի է ունեցել 2005 Porsche Carrera GT մեքենայի թերությունների պատճառով։
Փոլ Ուոքերը մահացել է 2013 թվականին ավտովթարից։ Հետաքննությունը ցույց է տվել, որ վթարի պատճառը եղել էր արագության գերազանցումը։




Լրահոս