Ոստիկանությանը չէր հաջողվել բերման ենթարկել Սուրենյանցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն այսօր ևս չէր ներկայացել իր իսկ քրեական գործով դատավարությանը, որը քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ ոստիկանությունն էլ չէր կարողացել նրան բերման ենթարկել՝ չնայած դատարանի որոշմանը։
Ոստիկանությունից դատարանին գրավոր տեղեկացրել էին, թե Ս.Սուրենյանցի բնակության վայրն իրենց անհայտ է՝ նշելով, որ այցելել են Սուրենյանցի բնակարան, բայց պարզվել է, որ նա 2009թ. բնակարանը վաճառել է Գրիգոր Բաբաջանյանին։
Այդուհանդերձ, դատարանը ձեռնպահ մնաց Սուրեն Սուրենյանցի նկատմամբ հետախուզում հայտարարելուց, քանի որ վերջինիս փաստաբան Կարապետ Գալստյանը դատարանին խոստացավ հաջորդ դատական նիստին ապահովել նրա ներկայությունը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 21-ին:
Հիշեցնենք, որ Սուրեն Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իբր խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, չարաշահելով իր ծանոթ Գ.Ղասաբյանի վստահությունը, վերցրել և խարդախությամբ տիրացել է 508.000 դրամ գումարին։ Սուրենյանցը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
“Փաստինֆո”




Լրահոս