Հայկական կողմի «բավարարված լինելու» մասին պնդումներն ավելի շատ նմանվում են պարտված սրտի մխիթարանքի. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական դատարանի Մեծ պալատը երեկ հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճիռը, որով արձանագրվեց, որ Շվեյցարիան խախտել է Դողու Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Այսպիսով` դեռեւս 2007 թվականից սկսված այս դատական գործընթացը ստացավ իր վերջնական հանգուցալուծումը, քանի որ ՄԻԵԴ 17 դատավորներից բաղկացած Մեծ պալատի վճիռը վերջնական է եւ այն, փաստորեն, ամրագրեց խոսքի ազատության իրավունքի գերակայությունը: Սակայն չնայած այն հանգամանքին, որ ՄԻԵԴ-ի կայացրած վճիռը հօգուտ Փերինչեքի էր, Հայաստանի դատախազությունը շտապեց հաղորդագրություն հրապարակել` վստահեցնելով, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջները Փերինչեքի գործով ամբողջությամբ բավարարվեցին Եվրոպական դատարանի կողմից»:

Ավելին` ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը գործում Հայաստանի կարգավիճակի եւ դատարանին ներկայացրած պահանջների տեսանկյունից դրական գնահատական տվեց վճռին` անգամ պնդելով, թե այդ առումով հայկական կողմն իր նպատակին հասել է. «Հայաստանի Հանրապետությունը ակնկալում էր, որ Եվրոպական դատարանի վճռից բացառվեն ձեւակերպումներ, որոնք կարող են որեւէ կերպ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստը»,- հայտարարեց նա` ընդգծելով, որ այդ ակնկալիքները իրականացել են: Իրականում առավել քան ակնհայտ է, որ խրթին իրավական ձեւակերպումների տակ փորձ է արվում քողարկել հայկական կողմի կրած պարտությունը, եւ թերեւս այս հարցում առավել անկեղծ է ՀՅԴ բյուրոյի հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` խոստովանելով, որ «կարող էր եւ ավելի վատ լինել, եթե չսրբագրվեին Հայոց ցեղասպանության փաստին վերաբերող նախորդ խնդրահարույց ձեւակերպումները:

Բնական է՝ կարող էր ավելի լավ լինել, եթե դատարանը հաստատեր, որ Փերինչեքի հայտարարություններն ատելությա կոչեր էին»:
Ինչեւէ, հայկական կողմին «բավարարած» այս վճիռը Թուրքիայում վայրկենապես բարձրացրեց ցնծության համընդհանուր ալիք, Ակարայում ամենաբարձր մակարդակով հնչեցին հայտարարություններ, թե հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նման վճռի կայացմամբ ՄԻԵԴ-ը վերջ դրեց «հայերի 100-ամյա ստին»: Եւ կասկածից դուրս է, որ այս վճիռը որպես նախադեպ` լրջագույն ազդեցություն է ունենալու Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ուղղությամբ նախկինում կիսատ քայլեր արած այնպիսի երկրների վերջնական որոշման վրա, ինչպես, օրինակ, Ֆրանսիան է: Հիշեցնենք, որ այստեղ համապատասխան օրինագիծը չընդունվեց հենց խոսքի ազատության իրավունքին հակասելու պատճառաբանությամբ:

Փերինչեքի այս վճռից հետո դժվար թե Ֆրանսիայի սենատը դարձյալ ձեռնամուխ լինի այդ օրինագծի ընդունմանը: Եւ այս պարագայում հայկական կողմի «բավարարված լինելու» մասին պնդումներն ավելի շատ նմանվում են պարտված սրտի մխիթարանքի:




Լրահոս