ԿՈՏԱՅՔՈՒՄ ԲՈՏՈՒԼԻԶՄ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին ու բոտուլիզմի դեպքերի կանխարգելմանն ուղղված  տեղեկատվական  նախագծերին՝ Հայաստանում շարունակում են գրանցվել բոտուլիզմի նոր դեպքեր: Այս պահի դրությամբ բոտուլիզմով երկու հիվանդ հոսպիտալացված է: Նրանցից մեկը գտնվում է «Արմենիա» բկ-ում, իսկ մյուսը՝ Շիրակի մարզի Գյումրու բկ-ում: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ ԱՆ հիգիենիկ տեսչության սնուցման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Գաբրիելյանից:
«Հիվանդներից մեկի առողջական վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության, բայց գնում է դեպի լավացում»,-տեղեկացրեց գլխավոր մասնագետը: Նշենք, որ մարտի 10-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում արձանագրվել էր բոտուլիզմի նոր դեպք` 1 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել էր, որ տուժածը մորաքրոջ 2 երեխաների եւ հարեւանի հետ (4 հոգով) մարտի 9-ին սննդում օգտագործել է տնային պայմաններում պատրաստված լոբու պահածո:
Հիշեցնենք, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում փետրվարի 20-ին արձանագրված սննդային թունավորման՝ բոտուլիզմի դեպքը մահվան ելք էր ունեցել: Սննդային թունավորման պատճառը փետրվարի 18-ին տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն էր: Պահածոյացված կարմիր պղպեղը կերել էին ընտանիքի 4 անդամները՝ մայրը եւ երեք դուստրերը: Հենց հաջորդ օրը նրանց մոտ ի հայտ էին եկել բոտուլիզմին բնորոշ հետեւյալ ախտանշանները` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, երկտեսություն, ռնգախոսություն, կլման ակտի խանգարում: Բոլոր 4 հիվանդները հոսպիտալացվել էին եւ ստացել հակաբոտուլինային շիճուկ: Հիվանդներից 2-ի առողջական վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: Չնայած երկարատեւ բուժմանը եւ բժիշկների ջանքերին՝ 92-ամյա մոր եւ 70-ամյա դստեր կյանքը չհաջողվեց փրկել:
Տեղեկացնենք նաեւ, որ երեկ սննդային թունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երեւանի Էմինեսկի հասցեում ապրող բնակիչներ` 23-ամյա Եղիա Բոլոյանը, 20-ամյա Սեւակ Կասիսը, 26-ամյա Արփինե Շահվերդյանն ու 21-ամյա Միքայել Պետրոսյանը: Սակայն, ինչպես տեղեկացրեց ՀՀ ԱՆ հիգիենիկ տեսչության սնուցման բաժնի գլխավոր մասնագետը, բարեբախտաբար, դա բոտուլիզմ չի եղել: «Երիտասարդների մոտ բոտուլիզմ չի եղել: Նրանք ընդամենը իրենց մի քիչ վատ են զգացել: Նույնիսկ սննդային թունավորում չի եղել, պարզապես ալիմենտար գաստրիտ է եղել»,-նկատեց Լիլիթ Գաբրիելյանը: Նա տեղեկացրեց, որ այս տարի ընդամենը երկու ամսվա ընթացքում բոտուլիզմից մահացել է 3 հոգի:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս