Անի Վարդանյան
Իրանը ողջունել է Լիբանանում հրադադարի հայտարարությունը՝ ընդգծելով անհրաժեշտությունը իսրայելական ուժերի լիակատար դուրսբերման՝ հարավային Լիբանանի օկուպացված տարածքներից, բոլոր բանտարկյալների ազատ արձակման և տեղահանված բնակիչների վերադարձի իրենց տները։
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ նշելով, որ ռազմական գործողությունների դադարեցումը մաս է կազմում Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնության, որը միջնորդվել է Պակիստանի կողմից։
Նրա խոսքով՝ Իրանը բանակցությունների սկզբից, այդ թվում՝ Իսլամաբադում անցկացված քննարկումների ընթացքում, ընդգծել է տարածաշրջանային համապարփակ հրադադարի անհրաժեշտությունը՝ ներառյալ Լիբանանը, և շարունակել է այդ ուղղությամբ աշխատանքները նաև հետագա փուլերում։
Իրանի ԱԳՆ խոսնակը նաև բարձր է գնահատել Լիբանանի «դիմադրության ուժերի» պայքարը՝ Իսրայելի գործողությունների դեմ, և շնորհակալություն է հայտնել Պակիստանին միջնորդական ջանքերի համար, որոնք, ըստ նրա, նպաստել են 10-օրյա հրադադարի հաստատմանը։
Բաղային իր ցավակցությունն է հայտնել Լիբանանի դիմադրության զոհերի ընտանիքներին և համերաշխություն է հայտնել Լիբանանի ժողովրդին ու կառավարությանը։
Նա նաև շեշտել է օկուպացված տարածքներից Իսրայելի լիակատար դուրսբերման, բոլոր բանտարկյալների ազատման, տեղահանվածների վերադարձի և Լիբանանի ավերված ենթակառուցվածքների վերականգնման անհրաժեշտությունը՝ իհարկե միջազգային հանրության աջակցությամբ։

