Փառատոնն այս տարի նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին: Այն կազմակերպվել է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո` «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի կողմից (նախագահ` Մարիամ Շահինյան, տնօրեն` Գարիկ Նազարյան) և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը փառատոնի գլխավոր գործընկերն է: Ընդհանուր առմամբ, միջոցառման կազմակերպման համար 2007-2015 թվականների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 99.300.00 ՀՀ դրամ:
Մեկամյա դադարից հետո երևանյան համերգասրահների դռները կրկին կբացվեն աշխարհասփյուռ տաղանդաշատ հայ երաժիշտների և նրանց օտարազգի գործընկերների առջև: Փառատոնը բաղկացած կլինի հինգ համերգից` հագեցած պրեմիերաներով, երաժշտախմբերի նոր կազմերով: Փառատոնի շրջանակում հայ ունկնդրին առաջին անգամ կներկայանա «Վերադարձ» կվինտետը` կազմված տարբեր երկրներ և ազգություններ ներկայացող երաժիշտներից:
«Աշխարհի լավագույն դահլիճներում հանդես եկող և դասական երաժշտության ոլորտում մեծ հեղինակություն վայելող հայազգի երաժիշտները, որոնք եկել են մասնակցելու փառատոնին, ևս մեկ անգամ ապացուցում են, որ մենք` հայերս, արարող, ստեղծագործող, շնորհալի ազգ ենք` ուր էլ որ ճակատագրի բերումով լինենք: «Վերադարձի» փառատոնը կարևոր դեր ունի աշխարհով մեկ սփռված տաղանդաշատ հայ երաժիշտներին մեկ հարկի տակ համախմբելու գործում: Ուրախ եմ, որ արդեն 8-րդ տարին կազմակերպիչների կողքին լինելով` ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր մասնակցությունն ունի փառատոնի կայացման, զարգացման և առաջընթացի գործում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
2007-ին հիմնադրված փառատոնը ամեն տարի աշնանային համերգաշրջանի ընթացքում իր հարկի տակ է մեկտեղում ուսման, աշխատանքի և ստեղծագործական կատարելագործման նպատակով Հայաստանից մեկնած և աշխարհի խոշորագույն երաժշտական կենտրոններում ապրող և ստեղծագործող մեր հայրենակիցներին, սփյուռքահայ տաղանդաշատ երաժիշտներին, ովքեր փառատոնի շնորհիվ հնարավորություն են ստանում պահպանելու կապը hայրենիքի հետ, հայ հանդիսատեսին ներկայանալու ստեղծագործական և կատարողական արվեստի իրենց վերջին ձեռքբերումներով:
Տարիների ընթացքում երևանյան բեմերում հանդես են եկել միջազգային համբավ ու ճանաչում ստացած այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Սերգեյ Խաչատրյանը (ջութակ, Գերմանիա), Սուրեն Բագրատունին (թավջութակ, ԱՄՆ), Վահան Մարտիրոսյանը (դաշնամուր, Ֆրանսիա), Վահագն Պապյանը (դաշնամուր, Իսրայել), Վարդան Մամիկոնյանը (դաշնամուր, Ֆրանսիա), Լևոն Մուրադյանը (թավջութակ, Պորտուգալիա), Վարդուհի Խաչատրյանը (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա), Ջուլիետ Գալստյանը (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա) և այլք:
Փառատոնի հիմնադիրներ` Մարիամ Շահինյան և Գարիկ Նազարյան:
ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես: