Ի՞նչ է փորձում անել գործող վարչակարգը` Բաղրամյանի ցուցարարների դեմ հարուցված քրեական գործը վերաբացելով. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Բաղրամյան պողոտայի ցուցարարների դեմ «Խուլիգանության» հիմքերով հարուցված քրեական գործը վերաբացվել է: Հիշեցնենք, որ հունիսի 23-ի վաղ առավոտյան ոստիկանությունը բռնի ուժի եւ ջրցան մեքենաների կիրառմամբ Բաղրամյան պողոտայից բերման էր ենթարկել 237 ցուցարարների` առանց վերջիններիս իրազեկելու, թե ինչ հիմքերով, ապա մի քանի ժամ պահելով ոստիկանության տարբեր բաժանմունքներում` անխտիր բոլորին բաց թողել` առանց որեւէ վարույթի հարուցման: Քաղաքացիների մի մասին միայն տեղեկացրել էին, որ նրանք ունեն վկայի կարգավիճակ` նախորդ գիշեր խուլիգանության հիմքերով հարուցված քրգործի շրջանակներում:

Ընդ որում, դեռ այն ժամանակ բազմաթիվ իրավապաշտպաններ ուշադրություն էին հրավիրում այն հանգամանքի վրա, որ այդ «գիշերածին» քրեական գործի քննության համար քննչական կոմիտեն ներգրավել էր ավելի քան հինգ տասնյակ քննիչների, սակայն պարզվում է՝ անգամ այդպիսի ռեսուրսներով իրականացված քննությունը ի զորու չի եղել «պահպանել գործի արդարացի քննության պահանջները»: Համենայն դեպս, քննչական կոմիտեի քննիչի` գործի վարույթը կարճելու որոշումը վերահսկող դատախազի կողմից վերացվել է հենց այս հիմնավորմամբ:

Թե ինչով է պայմանավորված գլխավոր դատախազության այս որոշումը, դժվար է հասկանալ, եթե խնդրին մոտենանք զուտ իրավական տեսանկյունից: Այն դեպքում, երբ նույն օրը լրագրողների եւ քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունների կապակցությամբ ՀՔԾ-ում հարուցված քրգործում որեւէ առաջընթաց չկա, եւ հանրությունը մինչ օրս սպասում է հունիսի 23-ի օրինախախտ ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու որոշմանը, փոխարենը հանրությանը ուղղվում է հակառակ ազդակ` իրենց սահմանադրական իրավունքը իրացնող ցուցարարների նկատմամբ «խուլիգանության» հիմքերով հարուցված քրգործի միջոցով ճնշումներ բանեցնելու սպառնալիքի տեսքով: Ինչպես միշտ այս անգամ էլ գործող վարչակարգը ձգտում է քաղաքացիներին վախեցնելու միջոցով սաստել եւ այդպիսով կանխարգելել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախաշեմին սպասվող հնարավոր հանրային ընդվզումները:

Եթե ամռանը «Ոչ թալանին» նախաձեռնության սկսած շարժումը հարաբերականորեն անվնաս կարող էր դիտվել Սերժ Սարգսյանի համար, ավելին՝ այն կարող էր որոշակի իմաստով օգնել նրան` ռուսների հետ ինչ-ինչ հարցերի շուրջ շահավետ քաղաքական առեւտուր անելու համար, ապա հիմա արդեն այդ նույն երիտասարդներն ու նրանց համախոհները վտանգավոր են համարվում: Առավել եւս, որ նրանց մի զգալի մասը դուրս է եկել նշված նախաձեռնությունից եւ համալրել է արդեն իշխանափոխության համար պայքարող ուժերի շարքը:
Ուստի իր վերարտադրության համար այս կարեւորագույն նախագծի իրականացման շեմին Ս. Սարգսյանը հաստատ չի ընկնելու մարդու իրավունքների, ազատությունների եւ այլ նման «ձեւականությունների» հետեւից, այլ գործի է դնելու բռնաճնշումների հին ու փորձված մեթոդը:




Լրահոս