«ԳՅՈՒՄՐԻՆ ԱՌԱՆՑ ՏՆԱԿՆԵՐԻ». ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԽՈՍՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Գյումրին առանց տնակների» անվանումով նոր ծրագիր է ներկայացրել, որտեղ անդրադարձել է քաղաքի զարգացման խնդիրներին:

Ստորեւ ներկայացնում ենք ծրագիրը եւ Բալասանյանի խոսքը.
«Սիրելի՛ գյումրեցիներ,
Ինչպես եւ խոստացել էի, ձեզ եմ ներկայացնում «Գյումրին առանց տնակների» ծրագիրը, որի իրագործմամբ հուսով եմ կկարողանանք բեկում մտցնել մեր քաղաքի համար այդքան կարեւոր անօթեւանության լուծման խնդրում: Նորից եմ կրկնում, որ պատրաստ եմ քննարկել ցանկացած միտք եւ առաջարկ՝ այս թեմայի առնչությամբ:
Կարծում եմ՝ սրանք են այն հիմնական քայլերը, որ մենք պետք է իրականացնենք.
1.Տարիների ընթացքում տնակներում բնակվող մեր համաքաղաքացիները կարողացել են քարապատել իրենց տնակները կամ դրանց տեղում քարաշեն կառույցներ ստեղծել: Առաջին քայլով անհրաժեշտ է քարապատ տնակները անվճար սեփականաշնորհել, բացառությամբ այն դեպքերի, երբ կա քաղաքի գլխավոր հատակագծի եւ քաղաքի զարգացման տրամաբանության հետ խիստ անհամապատասխանություն: Այս գործընթացը ես արդեն սկսել եմ:
2.Եթե տարածքը համարվում է կանաչ գոտի, բայց այգի չէ, եւ տարածքում շատ են քարաշեն տնակները, ապա անհրաժեշտ է քաղաքի գլխավոր հատակագիծը փոխելով՝ այդ տնակները եւս անվճար սեփականաշնորհել: Այս գործընթացը եւս սկսված է: Այս երկու կատեգորիաներում գտնվող տնակների թիվը կազմում է մոտ 200:
3. Կիսաքարաշեն տնակների բնակիչները, եթե ունեն կառույցը սեփականաշնորհելու եւ տարիների ընթացքում ամբողջությամբ քարաշեն դարձնելու ցանկություն, առաջարկայության դեպքում կստեղծենք իրավանորմատիվային հիմք` այն սեփականաշնորհելու համար: Այս պարագայում, մարդը գիտենալով, որ այն արդեն իրենն է, քարը քարին կդնի առանց ավելորդ քաշքշուկների: Սրա համար անհրաժեշտ է մեր պատգամավորների ակտիվ աշխատանքը, քանի որ օրենքով համայնքի ղեկավարը եւ ավագանին ներկայումս չունեն այս իրավասությունը: Այս ճանապարհով մենք կլուծենք եւս 300 ընտանիքի հարց:
4. Սակայն այս ամենը գործի ընդամենը մեկ քառորդն է, տնակների գերակշիռ մասը այլեւս պիտանի չէ բնակության համար: Իմ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տնակների բնակիչների մոտ 40 տոկոսը կարող է եւ պատրաստ է բնակարան գնել հիպոթեքով, սակայն կա երկու էական խանգարող հանգամանք՝ սկզբնական մուծումը եւ եկամուտների մասին տեղեկանքը: Հաշվի առնելով այն, որ մեր համաքաղաքացիների մեծ մասը աշխատում է արտերկրում, մեզ անհրաժեշտ է տնակների բնակիչների համար ստեղծել առանց տոկոսների, երկարաժամկետ՝ 10-15 տարի ժամկետով, առանց նախնական մուծումների եւ առանց եկամուտների մասին տեղեկանքի հիպոթեքային ծրագիր: Հասկանալի է, որ բանկային համակարգը չի կարող առաջարկել նման վարկային պրոդուկտ, ուստի մեզ անհրաժեշտ է ստեղծել հիմնադրամ, որից էլ պետք է ֆինանսավորվի բնակարանների գնման գործընթացը: Հիմնադրամը կկոչվի «Գյումրին առանց տնակների», որը պետք է համապատասխանի հետեւյալ պահանջներին՝
Ա. Ցանկացած չարաշահում բացառելու եւ հիմնադրամի նկատմամբ լուրջ վստահություն ստեղծելու համար հիմնադրամի կառավարման խորհուրդը պետք է լինի պետական եւ համայնքային կառույցներից անկախ մարմին եւ կազմված լինի հանրային վստահության մեծ պաշար ունեցող անձանցից, հասարակական կազմակերպություններից, լրատվական դաշտից, հոգեւոր դասից, հայրենակցական միություններից, մշակութային գործիչներից, ինչպես նաեւ՝ մեկական ներկայացուցիչ քաղաքապետարանից եւ մարզպետարանից:
Բ. Հիմնադրամի կառավարման խորհուրդը պետք է օժտել հիմնադրամի մուտքերի եւ ելքերի նկատմամբ լիակատար վերահսկողությամբ:
Գ. Ցանկացած տիպի չարաշահում կամ նույնիսկ չարաշահման կասկած բացառելու համար կառավարման խորհուրդը պետք է լինի բաց, պարբերաբար հանդես գա հաշվետվություններով, որոշումներն ընդունի կոնսենսուսով եւ ժամանակ առ ժամանակ ենթարկվի ռոտացիայի:
Դ. Հիմնադրամի սկզբնական գումարն ապահովելու համար պետք է դիմել մեր համաքաղաքացիներին եւ հայրենակիցներին՝ Հայաստանում եւ սփյուռքում, հատկացումներ անել քաղաքային բյուջեից: Հիմնադրամը պետք է իրականացնի դրամահավաք-մարաթոններ, կազմակերպի բարեգործական ներկայացումներ, համերգներ, ցուցահանդես-վաճառքներ, աշխատի բարեգործների հետ: Լավ մեկնարկի համար ինքս պատրաստ եմ բնակարան նվիրել տնակում բնակվող բազմազավակ մեկ ընտանիքի, ինչպես նաեւ, որպես քաղաքապետ, հիմնադրամին տալ ամբողջ աշխատավարձս եւ նվիրատվություններ անել ընտանիքիս պատկանող բիզնեսից: Հուսով եմ, որ այդպես կվարվեն նաեւ մեր պաշտոնյաների եւ պատգամավորների մեծամասնությունը որպես լավ օրինակ:
Ե. Հավաքված գումարներով գնված բնակարանները վիճակահանության սկզբունքով պետք է հանձնել տնակների բնակիչներին առանց տոկոսների, 10 կամ 15 տարվա ընթացքում մարելու պայմանով: Հետ վերադարձված գումարները եւս պետք է ուղղել նոր բնակարանների գնմանը: Պարտադիր պայման պետք է լինի տնակի ապամոնտաժումը եւ տարածքի հանձնումը: Մեզ համար ամենադժվարը, կարծում եմ, առաջին 100-150 բնակարանի գնումը կլինի, որից հետո գործընթացը կստանա ձնագնդիի էֆեկտ:
5. Գիտեմ, որ մեր համաքաղաքացիներից շատերը չունեն նույնիսկ ամսական 30-40 հազար դրամ վճարելու հնարավորություն, բնականաբար, դա չի կարող եւ չպետք է պատճառ հանդիսանա նրանց տնակներում թողնելու համար: Ամենածայրահեղ պայմաններում գտնվող գյումրեցիների համար պետք է ձեւավորել սոցիալական բնակարանների ինստիտուտ: Բնակարաններ, որոնք չեն լինի սեփականություն, բայց մարդը եւ իր ժառանգները կարող են ապրել անժամկետ, նորմալ մարդկային պայմաններում, իսկ երբ ունենան ֆինանսական հնարավորություն, կարող են պայմանագիր կնքել եւ գնել այդ բնակարանները:
6. Պետք է ձեւավորել հայտնի գյումրեցիներից եւ ոչ միայն գյումրեցիներից կազմված ծրագրի դեսպանների ինստիտուտ, որոնք ներկայացնելու են ծրագրի նպատակներն ու սկզբունքները, մասնավորապես՝ օգնեն դրամահավաքների կազմակերպմանը:
7. Անհրաժեշտ եմ համարում թույլ չտալ նոր տնակների տեղադրում եւ այս հարցում լինել խիստ ու հետեւողական:
8. Նաեւ պետք է իրականացնել չբնակեցված տնակների ապամոնտաժման ծրագիր՝ դրանց տերերին տրամադրված որոշակի փոխհատուցման դիմաց:
Սիրելի՛ գյումրեցիներ, իհարկե, սա ընդհանուր բովանդակությունն է այն ամենի, ինչ մենք պետք է անենք՝ մեր քաղաքի կարեւորագույն խնդիրը լուծելու համար:
Սպասում եմ ձեր արձագանքներին եւ առաջարկներին:
Հարգանքով՝ ձեր քաղաքապետ Սամվել Բալասանյան:

 

 

 

 
«ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՉԵՆՔ ԸՆԿՆՈՒՄ»

Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը կողմ քվեարկեց նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը: Հոկտեմբերի 8-ին Սերժ Սարգսյանը նախագիծը հանրաքվեի դնելու օր նշանակեց դեկտեմբերի 6-ը: Եւ պետք է նկատենք, որ ի տարբերություն մայրաքաղաքային պաշտոնյաների` մարզերում նույնիսկ գյուղապետերը տեղյակ չեն, թե երբ է նշանակվել հանրաքվեի օրը:

Այս թեմայի շուրջ «ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ Սյունիքի մարզի Բնունիսի գյուղապետ Վլադիմիր Հովհաննիսյանի եւ Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանի հետ:

Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյան
-Պարո՛ն Ավագյան, դեկտեմբերի 6-ին Հայաստանում նշանակվել է Սահմանադրության հանրաքվեի օր…
-Ձեզանից եմ առաջին անգամ տեղեկանում: Ինձ չեն տեղեկացրել, գիտեի, որ օր պետք է նշանակվեր:
-Ինչպե՞ս են գյուղի բնակիչները տրամադրված Սահմանադրության հանրաքվեին մասնակցելուն:
-Գյուղում ամեն ինչ հանգիստ է: Փոքր գյուղ է, մենք մարզկենտրոնից 30-40 կմ հեռավորության վրա ենք գտնվում եւ Սահմանադրության հանրաքվեից ցնցումների մեջ չենք ընկնում: Ընդհանրապես, մարդիկ չեն խոսում այդ մասին: Եթե գտնում են, որ այս փոփոխությունը օգտակար կլինի իրենց համար, ապա այո, կքվեարկեն:

Բնունիսի գյուղապետ Վլադիմիր Հովհաննիսյան
-Պարո՛ն Հովհաննիսյան, Բնունիսի բնակիչները ի՞նչ մտահոգություններ ունեն կապված Սահմանադրության հանրաքվեի հետ:
-Մեր գյուղում սովորական մթնոլորտ է: Քարոզարշավի ժամանակ մարդիկ իրենց հարցերի պատասխանները կստանան: Հիմա այնքան զբաղված են մարդիկ, աշուն է, բերքահավաք է, ժամանակ էլ չունեն, որ ծանրութեթեւ անեն: Գյուղացին միայն իր հոգսերի մասին է մտածում:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս