Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում կողպված դռներն ու թշնամու փամփուշտների հետքերն ամենուր են: Մովսեսցիները, սակայն, ապրում ու արարում են թշնամու կրակոցների տակ՝ խորը արմատներ գցած հայրենի հողում:
Ավալյանները գյուղի հնաբնակներից են: Նրանց տունն ավերվել է երկրաշարժի ժամանակ: Տարիների ընթացքում Արտակը՝ ընտանիքի հայրը, և նրա երեք որդիները փորձել են նոր տուն կառուցել. քարը քարին են դրել, շարել պատերը, ամրացրել ծածկը, սակայն դադարեցրել են շինարարությունը՝ միջոցների սղության պատճառով: Ընդհատված շինարարությունը վերսկսելու համար՝ որդիներն արտերկիր են մեկնել և այնտեղ են մինչև օրս: 2015թ. գարնանը Ավալյանների ընտանիքն ընդգրկվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ֆինանսավորվող և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրում:
Ավալյանների տունն այժմ ամբողջությամբ պատրաստ է: Տանտերերի ուրախությունը կիսելու՝ բնակարանամուտի արարողությանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
«Դեռ գարնանն անիրական էր թվում, թե մեր տան այսքան երկար ձգձգվող շինարարությունը վերջապես ավարտին կհասնի, որ հույս կարթնանա, որդիներս տուն կգան՝ իրենց հայրենի հողին ու ջրին, կգան ամրացնելու հայրենիքի սահմանը: Միայն տուն չէ, որ կառուցվեց մեզ համար, այլև՝ ապագա»,- ասել է Արտակ Ավալյանը:
«Ռա: Դա նրանց ուղղված հստակ ուղերձ է այն մասին, որ հայը շարունակելու է մնալ, արարել իր հայրենի հողում և ընդառաջ չի գնալու գյուղը լքելու հակառակորդի ցանկությանը: Սահմանամերձ գյուղում ապրելու հանգամանքը մովսեսցուն դարձրել է առավել ամուր և զգոն: Մենք այստեղ ենք, որպեսզի միասին նշենք Ավալյանների բնակարանամուտը և վստահություն հաղորդենք մյուս ընտանիքներին: Մենք ձեր կողքին ենք»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Այգեպար գյուղերում բնակարանաշինության ծրագրով այս տարի աջակցություն է ստացել 11 ընտանիք:
«Սահմանամերձ գյուղում, ուր ամեն օր թշնամու կրակահերթի վտանգ կա, բարդ է ուրախանալու պատճառներ գտնել, բայց, այնուամենայնիվ, այդպիսիք ստեղծվում են: Այս դժվարին ժամանակներում յուրաքանչյուրս փորձում է թափանցել ապագայի խորքը, որոնել, լուծումներ գտնել: Կարծում եմ՝ տունն է մարդու արմատը, որ նրան կապում է իր հողին: Հույս ունեմ, որ այս ընտանիքի ուրախությունն այսուհետ միայն կբազմապատկվի, և այս նորակառույց տունը կդառնա այն փարոսը, որ տուն կբերի պանդուխտ զավակներին»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Հիշեցնենք, որ ծրագրի իրականացման համար 2015թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել (2014թ.-ին` 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» իրականացրել է ծրագիրը: Այս համագործակցության շնորհիվ՝ 2007թ.-ից մինչ օրս, հանրապետության տարբեր համայնքների 53 ընտանիք ապահովվել է կացարանով: Տարեվերջին բարեկարգված կամ կիսակառույց տան շինարարությունը ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի:
ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես: