Բաշար Ալ Ասադի հետ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը ցույց տվեց, որ Ռուսաստանը դեռևս հարց լուծողի դերում է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին՝ երեկոյան, անակնկալ այցով Մոսկվա է մեկնել Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը, ով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում լրագրողների ներկայությամբ հատուկ շնորհակալություն է հայտնել ռուս ժողովրդին եւ անձամբ Պուտինին՝ ցուցաբերած օգնության համար: Միջազգային մամուլն ընդգծում է, որ սա վերջին չորս տարիներին՝ սիրիական պատերազմի մեկնարկից ի վեր, Ասադի առաջին օտարերկրյա այցն էր, եւ շատ լուրջ ուղերձ էր պարունակում ինչպես հենց իր՝ Ասադի հետագա պաշտոնավարման հեռանկարի, այնպես էլ Ռուսաստանի՝ սիրիական թնջուկում դոմինանտ դերակատարության ստանձման առումով:

Առհասարակ, ՄԱԿ-ի 70-րդ գագաթնաժողովի շրջանակներում Բարաք Օբամայի հետ վերջին հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը հստակորեն ի ցույց է դնում այն պնդումների սնանկությունը, թե միջազգային մեկուսացման եւ արեւմտյան պատժամիջոցների ճնշման ներքո Ռուսաստանն այնքան է թուլացել, որ եւս մի քիչ, եւ Պուտինը տեղի կտա: Իրականում այդ հանդիպման հաջորդ իսկ օրն արդեն ուղղակիորեն ներգրավվելով ԻԼԻՊ-ի դեմ մարտերում Սիրիայի տարածքում՝ Պուտինը ցույց տվեց, որ Ռուսաստանը դեռեւս «հարց լուծող» է, եւ նույն արեւմտյան «հեղինակավոր» մամուլի պնդումները, թե Սիրիայում իր օդուժը գործարկելու մասին հայտարարություններով Պուտինն ընդամենը նպատակ ուներ իր վրա Արեւմուտքի ուշադրությունը հրավիրել եւ հասնել պատժամիջոցների մեղմացմանը, իսկ իրական գործողությունների նա ոչ մի դեպքում չի գնա, մեղմ ասած, իրականությունից հեռու էին:

Ինչպես տեսանք՝ Ռուսաստանը ոչ միայն մտավ Սիրիա, այլեւ անմիջապես այնտեղ լուրջ եղանակ փոխեց, այն աստիճան, որ Իրաքը հայտարարեց իր մտադրության մասին՝ խնդրելու Ռուսաստանին իր տարածք եւս մուտք գործել եւ աջակցել ԻԼԻՊ-ի դեմ պայքարին: Գիտակցելով, որ եթե նման բան թույլ տա, ապա դա արդեն կընկալվի ԱՄՆ դիրքերի անթույլատրելի թուլացում, Պենտագոնն անմիջապես Իրաք գործուղեց ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդին, որն էլ, փաստորեն, պաշտոնական Բաղդադին վերջնագիր ներկայացնելու միջոցով հասավ նրան, որ Իրաքը հրաժարվի Մոսկվային դիմելու իր մտադրությունից:

Հայաստանի համար այս զարգացումները եւ Ռուսաստանի դերակատարության աճը ինչպես դրական, այնպես էլ բացասական հետեւանքներ կարող են ունենալ: Մասնավորապես՝ Ասադի ռեժիմի ազդեցիկ թշնամիներից Թուրքիան խիստ ագրեսիվ է արձագանքում Ռուսաստանի գործողություններին: Եվ պատահական չէ, որ Ասադի՝ Մոսկվա կատարած այցին արձագանքելով՝ Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն ասել է.«Լավ կլիներ, որ Ասադը չվերադառնար եւ մնար Մոսկվայում»: Եվ այս իրավիճակում չի բացառվում, որ Թուրքիան փորձի Ռուսաստանի «ոտքը տրորել» Հայաստանի միջոցով՝ ակտիվացնելով իր ապակայունացնող ջանքերը ինչպես ղարաբաղյան ճակատում, այնպես էլ անմիջականորեն հայ-թուրքական սահմանին:




Լրահոս