ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը, անդրադառնալով ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի ազատ արձակմանը, համացանցի իր էջում գրառում էր արել, որում ասվում է. «Երբ իմացա, որ ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին դատարանն ազատություն է շնորհել դատապարտման օրվանից ուղիղ 20 տարի անց, ոգևորությունս մեծ էր:
Սողոմոն Քոչարյանի հետ ծանոթացել եմ անձամբ՝ նրա նույնականացման քարտը հանձնելու ժամանակ: Այսօր արդեն էական չէ, որ ինձ ժամանակին չհաջողվեց լուծել նախկին հետախույզին ազատություն վերադարձնելու հարցը, այս պահին, առավել քան երբևէ, կարևոր է նրա առողջական վիճակը:
Ի սրտե քեզ առողջություն եմ մաղթում, Սողոմո՛ն, պի՛նդ կաց, քեզ ուժ և տոկունություն՝ ոտքի կանգնելու և ազատության մեջ լիիրավ ապրելու համար…»:
ArmLur.am-ը նախկին նախարարից փորձեց ճշտել՝ իր պաշտոնավարման ընթացքում ինչն էր իրեն խանգարում լուծել նախկին հետախույզի ազատ արձակման հարցը: Մեր հարցին ի պատասխան Հովհաննես Մանուկյանն ասաց. «Իմ կարծիքով՝ արել եմ առավելագույնը դրա համար: Բայց կյանքը ցույց է տալիս, որ, միգուցե, ջանքերս առավելագույնը չեմ օգտագործել: Բոլոր դեպքերում ուրախ եմ նման արդյունքի համար: Սա լավ նախադեպ է»: