ՍԹԱՓՎԵ՛Ք, ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանի ԲՀԿ խմբակցությունում մի երիտասարդ պատգամավոր կա՝ Տիգրան Ուրիխանյան անունով, որը տարիներ շարունակ այդպես էլ չկարողացավ գոնե իր համար պարզել, թե ինքը ո՞ր դաշտում է, ի՞նչ է անում ու ո՞ւր է գնում: Նա ուներ սեփական կուսակցություն` Հայաստանի առաջադիմական կուսակցությունը, եւ «որոշեց» միանալ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ու նրա «փեշերի» տակ գործունեություն իրականացնել:

Այնուամենայնիվ, փորձենք վերհիշել՝ ո՞վ է իրականում Տիգրան Ուրիխանյանը, ի՞նչ քաղաքական հենարան ունի եւ ինչո՞ւ է նա մշտապես փոխում իր դիրքորոշումը՝ դաշտից դաշտ տեղափոխվելով:

Քոչարյանի քաղաքական գործիքը

2000 թվականին Տիգրան Ուրիխանյանը հիմնեց Հայաստանի առաջադիմական կուսակցությունը: Ու բոլորին հայտնի էր, տարիներ առաջ մամուլն էլ գրեց, որ նրան առաջ էր «բրդում» Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, քանի որ Ուրիխանյանը Գեւորգյանի սանիկն է: Կուսակցությունում «հավաքվել» էին մի քանի երիտասարդներ: Ու եթե ինչ-որ մեկը Ռ. Քոչարյանին քննադատում էր, Ուրիխանյանի գլխավորությամբ նրանք «հարձակվում» էին մարդկանց վրա՝ մեղմ ասած, հակառակ դիրքորոշումը ներկայացնելով: Ուրիխանյանի թիմը փաստացի «օգտագործվում» էր ընդդիմությանը վարկաբեկելու նպատակով, իսկ այդ կռվի առաջամարտիկն, իհարկե, հենց Տ. Ուրիխանյանն էր:
Երեւի այժմ իշխանական թեւում չկա Տ. Ուրիխանյանի նման մի կերպար, որը նման ջանասիրությամբ կպաշտպանի Սերժ Սարգսյանին («Հայոց արծիվներ»-ի նախագահ Խաչիկ Ասրյանն այդքան չի «ձգում»), ինչպես անում էր Տ. Ուրիխանյանը: Արդեն 2012 թվականին Ուրիխանյանն իր «աշխատանքի» դիմաց նախ ինտեգրվեց ԲՀԿ-ին, որը ոչ փաստացի, բայց կառավարվում էր Ռ. Քոչարյանի կողմից, ապա ընդգրկվեց ԲՀԿ համամասնական ցուցակում: Այնուհետեւ մի ողջ կուսակցության ղեկավարը դարձավ այլ կուսակցության ղեկավարի խոսնակն ընդամենը:

Զգուշացեք` կրակում է

ԱԺ ամբիոնից ինտելեկտուալ դիմակի տակ թաքնված ելույթների հեղինակ Տիգրան Ուրիխանյանը իրականում սովորական շմայսանման էակ է: Չզարմանաք՝ նա նաեւ կրակել գիտի, բայց ի տարբերություն Շմայսի՝ Ուրիխանյանը ռազմի դաշտում, ազերիների հետ պայքարի ժամանակ չի կրակել, այլ Հայաստանի մայրաքաղաք Երեւանի կենտրոնում: 2008 թվականի մայիսին Տիգրան Ուրիխանյանը Հայաստանի Հելսինկյան ընկերության նախագահ Միքայել Դանիելյանի վրա Տերյան-Մոսկովյան փողոցում գազային ատրճանակից կրակեց: Պատճառաբանությունն, իհարկե, պաթոսով ներկայացվեց` կրակոց հանուն ինչ-որ մեկի թասիբի: Բայց այս իրավիճակում կարեւորը երեւույթն է, այսինքն` Տիգրան Ուրիխանյանն ընդունել է զենքով հարց լուծելը, ու ամենեւին էլ կարեւոր չէ` զենքը գազային է, թե մարտական:
Իսկ ինչո՞ւ ճաղերի հետեւում չհայտնվեց մերօրյա փրկիչ Տիգրան Ուրիխանյանը: «ժողովուրդ»-ի հետ զրույցում իրավապաշտպան Միքայել Դանիելյանը հայտնեց, որ դեպքից մեկ տարի հետո գործը «փակվել» է. «Ու շատ ծիծաղելի պատճառաբանությամբ, ուրմեն այսպես էր նշվում, թե ես իբր պաշտպանվում էի, իսկ քանի որ Տիգրան Ուրիխանյանը վատ էր տեսնում, մտածել էր` ես հարձակվում եմ: Կրակել էր: Ահա այսպես` գործը փակվեց»:
Դե, իհարկե, այն ժամանակ Արմեն Գեւորգյանը չէր կարող թույլ տալ՝ իր սանիկը հայտնվեր կալանավայրում: Ու հիմա Տիգրան Ուրիխանյանը ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ այլ բարձր արժեքների մասին է խոսում` մոռանալով սեփական անցյալը:

«Կրկին փորձիր»-ի սկզբունքով

Այս տարվա փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, երբ Գ. Ծառուկյանը մի գիշերվա մեջ որոշեց նահանջել ու հայտարարեց, թե հեռանում է քաղաքականությունից, Տ. Ուրիխանյանը որոշեց կրկին կուսակցություն ստեղծել «Կոկա-Կոլայի» հայտնի կարգախոսով` «կրկին փորձիր»: Բայց մինչ այդ նա, ինչպես յուրաքանչյուր ստացված կամ չստացված կուսակցություն, լրատվական կայք (կայքեր) էր բացել` իր հակառակորդների մասին բամբասանքներ տարածելով:
Եւ, ահա, 2015 թվականի հուլիսին Տ. Ուրիխանյանը նոր շոու բեմադրեց` այս անգամ էլ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն գրանցելու խնդրով: Նա իրեն մատուցում է իբրեւ իշխանությունների կողմից «հալածյալ», որի կուսակցությունը հրաժարվում են գրանցել ՀՀ արդարադատության նախարարությունում: Իրականում Ուրիխանյանը սխալ փաստաթղթեր էր ներկայացրել, որի պատճառով նման իրավիճակում էր հայտնվել, բայց քանի որ Ուրիխանյանը սիրում է իր շուրջ ոչնչից աղմուկ սարքել, ամպագոռգոռ հայտարարություններ տարածել, այս առիթն էլ բաց չթողեց:
Սակայն իրականում Ուրիխանյանի գործունեությունը քաղաքական դաշտում առանձնապես որեւէ մեկին չի հետաքրքրում (որքան էլ փորձում է տարբեր երկրներում հավատարմության երդման դիմաց մեդալներ փախցնել): Ակնհայտ է, որ մարդիկ չեն հավատում մի երիտասարդի, որը հաստատուն տեսակետ՝ սեփական ես չունի: Նա ընդամենը կատարող է, պարզապես այս պահին դեռ «քաղաքական պապա» փնտրելու ճանապարհին է: Հուսանք` կգտնի:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

«ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ, ՈՐ ԸՆԴԴԻՄԱՆԱՆ»

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում կանցկացվի նոր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե: Սակայն ՀՀ Սյունիքի մարզի որոշ համայնքապետեր նույնիսկ տեղյակ էլ չեն, թե երբ է նշանակվել հանրաքվեի օրը: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ Սյունիքի մարզի Եղեգ համայնքի ղեկավար Վյաչեսլավ Մարկոսյանի հետ եւ Սալվարդի գյուղապետ Վարդան Մարկոսյանի հետ:

Եղեգի գյուղապետ Վյաչեսլավ Մարկոսյան
-Պարո՛ն Մարկոսյան, դեկտեմբերի 6-ը նշանակվել է Սահմանադրության հանրաքվեի օր: Տեղյա՞կ եք:
-Ի՞նչ հանրաքվե:
-Խոսքը նոր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասին է: Այն կանցկացվի դեկտեմբերի 6-ին:
-Դեկտեմբերի՞ 6-ին: Հաաա, դե ասեցիք, էլի… տեղյակ չէի:
-Այս թեմայի շուրջ գյուղի բնակիչներն ի՞նչ են մտածում:
-Դե, ժողովուրդը տեղյակ չէ, դեռ այդ մասին խոսում չեն: Փոքր գյուղ է, մոտ 30 ընտրող ունենք: Կարող է՝ իրենք իրար մեջ են խոսում, քննարկում, չգիտեմ:
-Ի՞նչ եք կարծում, այո կքվեարկե՞ն:
-Հնարավոր է, որ մեծ մասը այո կքվեարկի: Սահմանադրությունից այնքան էլ չեն հասկանում, որ ընդդիմանան: Բայց ժողովուրդն ամենքն իր գործին է, դա քննարկելու համար դեռ պետք է հավաքվենք, ասենք-խոսենք, որ հասկանանք, թե ով ինչ միտք ունի:
-Իսկ Դուք՝ որպես գյուղապետ, ի՞նչ կարծիք ունեք:
-Դե, հլա տեսնենք, պետք է շփվենք ժողովուրդի հետ, տեսնենք՝ ինչ է ասում, կկողմնորոշվենք, էլի:

Սալվարդի գյուղապետ Վարդան Մեսրոպյան
-Պարո՛ն Մեսրոպյան, սալվարդցիները պատրա՞ստ են մասնակցել նոր Սահմանադրության հանրաքվեին:
-Պատրաստ են, էլի: Բայց մեր գյուղացու ինչի՞ն է պետք մտածի, քննարկի: Կգա օրը, իր խոսքը կասի: Մարդիկ հիմա բանկերին այնքան պարտքեր ունեն կուտակած, աշխատում են, որ տոկոսները փակեն: Ամեն ինչի նկատմամբ անտարբեր են դարձել մարդիկ:
-Ձեր կարծիքով՝ քանի՞ ընտրող կմասնակցի հանրաքվեին:
-Գյուղն ունի 320 բնակիչ, իսկ ընտրողների թիվը կազմում է 260, բայց հանրաքվեին կմասնակցեն 200-ը: Այստեղ չեն, այլ երկրում են, չեն կարող գալ, ի վիճակի չեն:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 
ԿԻՍԱՏ-ՊՌԱՏ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ
Կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում հաստատված որոշման համաձայն` «Տավուշտեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչեւ երեք տարի ժամկետով հետաձգվել է: Նախագիծը գործադիրին ներկայացնող էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանի խոսքով` վերոնշյալ ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Չորաթան համայնքում կազմակերպում է բանվորական ձեռնոցների արտադրություն, նախատեսում է իրականացնել շուրջ 2.5 միլիարդ դրամի չափով ներդրումներ, որից 0,8 միլիարդ դրամը` սարքավորումներ ձեռք բերելու համար:
«Տավուշտեքստիլ» ընկերության հիմնադիր տնօրեն Սուրեն Երիցյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք գո՞հ է Կառավարության կողմից սահմանված արտոնությունից: Նա ընդգծեց, որ իր ընկերությունը չի ազատվել ավելացված արժեքի հարկի մուծումից, պարզապես դա հետաձգվել է եւ 3 տարի հետո այն վճարելու է: Ս. Երիցյանի ներկայացմամբ` այդ արտոնությունը վերաբերում է միայն Հայաստան սարքավորումներ ներմուծելուն, իսկ հումք ներմուծելու դեպքում որեւէ հետաձգում չկա: Մինչդեռ գործարարը նշում է, որ ինքը մեծ ծախսեր է կատարում՝ Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չորաթան գյուղում արտադրություն կազմակերպելու համար: «Արդեն մի քանի օր վրացական 4 ֆուռեր սարքավորումներով բեռնված կանգնած են Նորաշեն գյուղի մոտ, չեն կարողանում ճամփան շարունակել: 60 հազար դոլար եմ ծախսում ճանապարհ կառուցելու համար»: Ս. Երիցյանն ասաց, որ իր ընկերությանը տրված հարկային արտոնությունները բավարար չեն, սակայն ինքը շարունակելու է Տավուշի մարզի սահմանագոտում արտադրություններ հիմնելու իր ծրագիրը: Նշենք, որ սահմանամերձ Չորաթան գյուղում գործող «Տավուշտեքստիլ» ընկերության ձեռնոցի արտադրամասում այժմ աշխատում է 50 հոգի:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզխորհրդի նիստում հայտարարեց, որ մինչեւ տարեվերջ նախկին անասնաֆերմայի շենքի վերակառուցման արդյունքում Չորաթանում կգործարկվի ձեռնոցի 2-րդ արտադրամասը, եւ աշխատողների թիվը կհասնի 250-ի: «Տավուշտեքստիլի» հիմնադիր ղեկավար Սուրեն Երիցյանի ջանքերով 2016թ. գարնանը սահմանամերձ Արծվաբերդում եւս կգործի ձեռնոցի արտադրամաս` 250 աշխատատեղերով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս