Մարզահամերգային համալիրի շուրջ անհասկանալի զարգացումները շարունակվում են. ինչի կվերածի նոր սեփականատերը բազմաչարչար կառույցը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին ամիսների ամենասկանդալային գործարքներից մեկի` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքի շուրջ անհասկանալի զարգացումները շարունակվում են: Համալիրի ներկայիս տնօրեն Վազգեն Ասատրյանը լրատվամիջոցներից մեկին հայտնել է, որ մինչ այժմ չի ճանաչում համալիրի նոր գնորդներին: Ավելին` պարզվում է՝ համալիրը մինչ օրս տնօրինում է պաշտպանության նախարարությունը, որի հաշվեկշռում այն հայտնվել էր համալիրի նախկին սեփականատերերից հետ վերցնելուց եւ հայտարարված աճուրդներից հետո:

Մինչդեռ համալիրը դեռ անցած ամռան օգոստոսի 13-ին ընդամենը 30 միլիոն ԱՄն դոլարով օտարվել էր օֆշորային ծագում ունեցող «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ին, որն, ի դեպ, գրանցվել էր գործարքից օրեր առաջ` հուլիսի 20-ին: Սակայն այս ընկերությունը եւս ներկայումս չի հանդիսանում համալիրի սեփականատերը: Այն իր հերթին սեպտեմբերի 1-ին վաճառվել է ԱՄՆ քաղաքացի Վահագ Դինո Ավադիսյանին:
Թե ովքեր են համալիրի վերջին երկու սեփականատերերը, հանրությանն այդպես էլ հայտնի չդարձավ, մինչդեռ խոսքը ազգային հարստություն, եւ, ինչու ոչ, հպարտություն համարվող մշակութային հուշարձանի մասին է: Իսկ այն փաստը, որ համալիրի նոր գնորդներին չի ճանաչում անգամ կառույցի տնօրենը, արդեն լուրջ կասկածների տեղիք է տալիս, որ այս գործարքներում առկա են բազմաթիվ մութ կետեր:

Ի վերջո, միայն այն փաստը, որ նման արժեք եւ նման գին ունեցող կառույցը վաճառվում է ընդամենը օրեր առաջ գրանցված օֆշորային մի անհայտ ընկերության, որը մեկ ամիս չանցած էլ այն վերավաճառում է այլ սեփականատիրոջ, խոսում է այս ամենում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին: Առնվազն: Սակայն այս, մեղմ ասած, կասկածահարույց գործարքը տարբեր ատյաններից անվերջ կոռուպցիայի դեմ պայքարի մասին ճառող մեր իշխանավորների աչքից վրիպում է:

Ինքնին հասկանալի է, որ Հայաստանում, որտեղ Սերժ Սարգսյանն անգամ մեկ առ մեկ որոշում է, թե, օրինակ, փոքր ՀԷԿ-երի ջրանցման խողովակներից ում քանի հատ ունենալու իրավունք տա, կամ իր որ մերձավորին քանի հատ գազալցակայան բացելու թույլտվություն տրվի, չէր կարող մարզահամերգային համալիրի նման կառույցի վաճառքը տեղի ունենար առանց նրա անմիջական վերահսկողության: Եվ այն, որ այս մշուշոտ եւ բազմաթիվ հարցականներով լի գործընթացի վերաբերյալ չկա նրա կամ նրա հանձնարարականով համապատասխան մարմինների արձագանքը, ցույց է տալիս, որ այս հարցում համապատասխան մարմինների լռությունը խիստ շահագրգիռ է:

Հ.Գ. Օգոստոսին համալիրի վաճառքից առաջ ակտիվորեն քննարկվում էր, թե ինչ գործածություն պետք է ունենա վաճառված կառույցը, եւ նշվում էր, որ այն ընտանեկան հյուրանոց է դառնալու: Հետաքրքիր է, թե նոր սեփականատերն ինչի է ծրագրում վերածել Կարեն Դեմիրճյանի բարձր անունը կրող եւ վերջին տարիներին ձեռքից ձեռք անցնող բազմաչարչար այս կառույցը:




Լրահոս