ԲԱՐԵՓՈԽՈՒՄ՝ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կառավարության աշխատակազմի օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը նոր նախագիծ է մշակել տաքսու լիցենզավորման կարգի մասին օրենքի վերաբերյալ: Այսպիսով՝ «Օրենսդրական բարեփոխումներ տրանսպորտի ոլորտում» թեմայով ներկայացվել են դեղին համարանիշների, վարորդների ամենօրյա բուժզննման, տաքսի ավտոմեքենաների ամենօրյա տեխզննման, ֆիզիկական անձանց կողմից 1 մարդատար-տաքսի ավտոմոբիլով գործունեություն իրականացնելուն վերաբերող բարեփոխումների առաջարկները: Սակայն դրանցից մեկին՝ դեղին համարանիշների փոփոխմանը, դեմ են հարյուրավոր վարորդներ: Իսկ ««Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հկ-ի նախագահ Էդիկ Հովհաննիսյանը կողմնակից է նշված առաջարկին:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանի համոզմամբ, համաձայն կառույցի գործառույթների՝ կենտրոնը սրանով էականորեն թեթեւացնում է բիզնեսի եւ քաղաքացու ուսերին ընկնող կարգավորումների բեռը՝ նվազեցնելով նրանց գործառնական ծախսերը:
«Քաղաքացիական դիրքորոշում» հկ-ի նախագահ Կարեն Դոստուրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հիշում է` 2007-ին տաքսու մասին լիցենզավորման օրենքի ընդունման ժամանակ պահանջվում էր նաեւ մեքենաների համար տասը տարի տարիքային սահմանափակումը, այսինքն՝ պետք է մեքենան հին չլիներ, բացի այդ, պահանջում էին, որ տաքսիներն ունենային դեղին համարանիշներ: «Նշեմ, որ դրան էլ էին վարորդները դեմ: Կրկին բողոքեցին: Այն ժամանակ վարչապետը Սերժ Սարգսյանն էր: Հանդիպեց վարորդներին եւ ասաց, որ տարիքային սահմանափակումը նորմալ է, հորդորեց թարմացնել մեքենաները: Հանդիպումից հետո վարորդները սկսեցին բանկերում վարկավորվել, նոր մեքենաներ գնել, հետո` դեղին համարանիշները: Փորձեցին դրանով ոլորտը բարելավել եւ օրինականացնել: Բայց արի՛ ու տես, որ անցյալ տարի ամռանն էլ վերացրեցին մեքենայի տասը տարվա սահմանափակումը ու վնասեցին այն վարորդներին, որոնք բանկերում վարկավորվել էին ու թարմացրել մեքենաները: Ու դրանից հետո, միեւնույն է, դաշտը չկարգավորվեց: Առաջին հայացքից թվում է, թե բարեփոխում է, թեթեւացում, բայց ես այդ կարծիքին չեմ»,-ներկայացրեց Դոստուրյանը:
Ըստ Դոստուրյանի՝ նախկինում՝ դեղին համարանիշների դեպքում, նույն կառավարությունը պատճառաբանում էր, որ դեղին համարանիշը լինելու է տարբերանշան, թե ով է լիցենզավորված, ով՝ ոչ: «Սակայն մինչ օրս դաշտը գոնե 95 տոկոսով կարգավորված ու օրինականացված չէ: Դաշտի ավելի քան 35 տոկոսը սպիտակ համարանիշներով է: Անօրինական աշխատում են: Էս վեց տարվա ընթացքում դուք չեք օրինականացրել նույնիսկ դեղին համարանիշները: Ինչպե՞ս հավատանք, որ այդ թղթի կտորով կօրինականացնեն: Թղթի կտորն առաջարկելուց առաջ բարի լինեիք օրինականացնել դաշտը, նոր նման առաջարկներ անել»,-վրդովված նկատեց Կ. Դոստուրյանը:
Նրա խոսքով՝ ամենօրյա բուժզննումն ու տեխզննումը հանելու առաջարկը գուցե վարորդներին առաջին հայացքից թվա թեթեւացում, սակայն հակառակն է. դրանով վարորդներին «ուղեւորների անվտանգության հաշվին, իբր, լավություն են անում»: «Ուզում են ցույց տալ, թե նոր օրենք են գրել, թեթեւացում կա, բայց թե այդ թեթեւացման հետեւանքով  ով է տուժում, չեն բացահայտում ու չեն ուսումնասիրում: Կամ էլ ուզում են ժողովրդի աչքին պուպուշ երեւալ այս օրինակով: Բոլորովին թեթեւացում էլ չէ: 20 տարեկան մեքենայի վրայից հանելով ամենօրյա տեխզննումը` դա ուղղակի անում են ուղեւորների հաշվին: Սակայն ոչ բոլոր վարորդներն են դա գիտակցում, եւ, բնականաբար, ռիսկայնությունը բարձր է: Դրա համար տաքսիստները նույնիսկ կարող են ֆինանսապես տուժել: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն էլ ասում է, որ եթե հանում ենք ամենօրյա տեխզննումը, չի նշանակում, որ արգելում ենք տեխզննումը. թող ամեն մեկը ֆայմի ու դա անի»,-բացատրեց Կ. Դոստուրյանը:
«Քաղաքացիական դիրքորոշում» հկ-ի նախագահն իր եւ այս առաջարկին դեմ տաքսիստների անունից մի քանի անգամ գրավոր դիմել է Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն. «Ընդամենը պատասխանել են` նկատի կունենանք ձեր դիտողությունները»:
««Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հկ-ի նախագահ Էդիկ Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ինքը կողմնակից է դեղին համարանիշների փոփոխմանը: «Մենք դեղին համարանիշների հարցով ժամանակին զբաղվել ենք: Մենք դրան կողմնակից ենք: Վերջապես 4 տարի հետո համոզվեցին, որ պետք էր դա փոխել: Բայց մենք հիմա ուզում ենք հասկանալ, թե ինչու այն վարորդները, որոնք նախկինում դեմ էին դեղին համարանիշներին, հիմա կողմ են: Ի՞նչն է պատճառը: Իրենց առաջ քաշած պատճառաբանությունները մեզ համար համոզիչ չեն: Մենք շուտով այս մասին կարծիք կհայտնենք»,-նշեց նա: Իսկ ամենօրյա տեխզննումը հանելու մասով ասաց, որ միայն վարորդն է պատասխանատու իր սեփական մեքենայի սարքին լինելու համար: «Հնարավոր չէ ամեն օր տեխզննում անցկացնել, օրինակ՝ իմ մեքենայի յուղը փոխելու ժամանակն է, եւ ես պետք է այն փոխեմ: Պետք է վարորդը հետեւողական լինի այդ հարցում: Դա ասում է օրենքը»,-լրացրեց Է. Հովհաննիսյանը: 
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ 




Լրահոս