Հոկտեմբերի 27-ը չի բացահայտվի, դրանում այսօր այլևս որևէ մեկը շահագրգռված չէ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` հոկտեմբերի 27-ի 16-րդ տարելիցի օրը, զոհերի հարազատներն ու կուսակցական ընկերները դարձյալ հայտարարեցին, որ այդ ոճրագործությունը կբացահայտվի միայն իշխանափոխությունից հետո: Իհարկե, այն փաստը, որ նախաքննության եւ դատավարության ավելի քան 4 տարիների ընթացքում գործող իշխանություններն ամեն ինչ արեցին, որ Ռ. Քոչարյանի բնորոշմամբ` «ուչաստկովիի» մակարդակի այդ գործը չբացահայտվի, փաստում է, որ եթե ոչ կազմակերպման, ապա առնվազն իմանալ-չկանխելու եւ կոծկելու մասով իշխանությունները մեղսակից են:

Սակայն այստեղ կա հարցի մյուս կողմը. իսկ գործի բացահայտման համար ինչ են արել իրենք` զոհերի հարազատներն ու կուսակցական ընկերները: Ինչու նրանք ժամանակին չեն օգտվել իրենց տրված հնարավորություններից եւ հանրային աննախադեպ մեծ աջակցությունից: Նկատենք, որ հոկտեմբերի 27-ն այն եզակի դեպքն է, երբ ողջ ժողովուրդը պահանջատեր էր, եւ անգամ դեպքից 16 տարի անց այդ հարցը հուզում է յուրաքանչյուր հայի: Ուստի եթե լիներ կամք եւ ցանկություն, ապա նույն Վ. Սարգսյանի եղբայրները կամ Կ. Դեմիրճյանի որդին կարող էին շատ արագ երկրում իրավիճակ փոխել` հանրային բացարձակ աջակցության պայմաններում իշխանափոխություն իրականացնելով: Մինչդեռ, ինչպես հիշում ենք, Վ. Սարգսյանի եղբայր Արամ Աարգսյանը 1999թ. դեկտեմբերից մինչեւ 2000թ. մայիսի սկիզբը` ամբողջ 5 ամիս, իր ձեռքին ունենալով ուժային բոլոր լծակները` սկսած բանակից, ավարտած ԱԱԾ-ով, ոչինչ չարեց: Իսկ նրա գաղափարակից ընկերը` այն ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանն էլ մարտի 3-ի հայտնի գիշերային ասուլիսից ընդամենը 2 ամիս անց, ստանալով վարչապետական աթոռը, անվերադարձ մոռացավ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին իր պահանջները:

Ինչ վերաբերում է Ստեփան Դեմիրճյանին, ապա նա էլ իշխանափոխություն իրականացնելու եւ այդպիսով գործի բացահայտմանը հասնելու իր շանսը բաց թողեց 2004-ի ապրիլի 12-ին՝ իր հետեւորդներին Բաղրամյան փողոցում թողնելով ոստիկանական մահակների առաջ եւ գնալով «թեյ խմելու»: Իսկ 2012-ից ի վեր պարոն Դեմիրճյանը ամեն օր խորհրդարանում հանդիպում է 27-ի գործը քննած նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, ով խոստանում էր պաշտոնը թողնելուց հետո ցնցող բացահայտումներ անել: Դժվար է ասել` արդյոք պարոն Դեմիրճյանին բավարարել են խմբակցական իր գործընկերոջ «բացահայտումները», համենայնդեպս, նա այդ «բացահայտումների» հիման վրա որեւէ գործողության չի դիմել:

Դե, իսկ Արմեն Սարգսյանի մետամորֆոզները գերազանցում են բոլորին. նա, պարզվում է, կարծում է, որ 27-ին թերացել էր ԱԱԾ-ն, իսկ, ահա, Սերժ Սարգսյանը անձնապես մեղավոր չէր: Հավանաբար ներկայումս ՊՆ նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը մոռացել է, որ Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության նախարարն էր, հետեւաբար` ԱԱԾ թերացման թիվ մեկ պատասխանատուն:

Միով բանիվ, որքան էլ ցավալի է՝ հոկտեմբերի 27-ը չի բացահայտվի, քանի որ դրանում այսօր այլեւս որեւէ մեկը շահագրգռված չէ:




Լրահոս