Երեկ տարօրինակ տեղեկատվական արտահոսք եղավ ռուսական մամուլում: «Ռիա Նովոստի» գործակալությունը, հղում անելով արաբական «Ալ Մասրի Ալ յաում» պարբերականի հավաստի աղբյուրներին, տեղեկացրեց, թե երկուշաբթի օրը եգիպտական հատուկ ծառայությունները ձերբակալել են «Իսլամական պետություն» խմբավորման վեց անդամների, որոնց թվում են Հայաստանի, Բելառուսի, Սերբիայի եւ Իրանի քաղաքացիներ: Լիբիայից Եգիպտոս ժամանած վնասազերծված ահաբեկիչները, ըստ ռուսական աղբյուրի, պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել զբոսաշրջային վայրերում:
Իհարկե, ավելի ուշ Հայաստանի ԱԳՆ-ն, արձագանքելով armlur.am-ի հրապարակմանը, հայտարարեց, թե Եգիպտոսի իշխանությունները հաստատել են, որ ԻԼԻՊ-ի ձերբակալված անդամների մեջ Հայաստանի քաղաքացի չկա, սակայն, ինչպես ասում են, նստվածքը մնաց: Թե ում էր պետք Հայաստանի անունը կապել «Իսլամական պետության» հետ, դժվար է ասել, սակայն այն փաստը, որ ռուսական լրատվական գործակալությունը արաբական աղբյուրին հղում կատարելով` բարձրաձայնում է Հայաստանի քաղաքացի իսլամիստ ահաբեկչի մասին, ուշադրություն չդարձնելով այն հանգամանքին, որ այդ ահաբեկիչը ունի մուսուլմանի անուն-ազգանուն, մտորելու տեղիք է տալիս:
Առհասարակ, ԻԼԻՊ-ի շուրջ հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում ծավալվող իրադարձությունները պետք է որ մտահոգեն Հայաստանի իշխանություններին, քանի որ այս գործընթացում Ռուսաստանի ակտիվ ներգրավումը եւ նաեւ այդ ֆոնին Ռուսաստան-ԱՄՆ հակասությունների սրումը չեն կարող իրենց անդրադարձը չունենալ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ Հայաստանում: Իսկ տարածաշրջանի բոլոր ազդակիր երկրներում` սկսած Սիրիայից, ավարտած հենց նույն Եգիպտոսով, Իրանով եւ, իհարկե, Թուրքիայով, կան մեծաթիվ հայկական համայնքներ, որոնք ուղղակիորեն հայտնվում են հարվածի տակ, եւ կարող են օգտագործվել այդ պետությունների, օրինակ` Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից:
Երեկվա արտահոսքը, սակայն, ուշագրավ էր նրանով, որ փաստորեն խոսք էր գնում ոչ թե ազգությամբ հայի մասին, այլ ավելի վտանգավոր` Հայաստանի Հանրապետության քաղաքացու մասին: Իսկ սա արդեն հստակ քաղաքական ենթատեքստ պարունակող վտանգ է, որի չեզոքացմանը ՀՀ համապատասխան մարմինները պետք է մոտենան ամենայն ուշադրությամբ: Ի վերջո, եթե անգամ այդ արտահոսքն ընդամենը ռուսական լրատվամիջոցի անփութության արդյունք էր (արաբականի դեպքում դա առավել ենթադրելի է), այն պետք է որ նախազգուշական ազդակ դիտվի ՀՀ ԱԱԾ համար, եւ այս կառույցը, բացի ներքաղաքական խնդիրներին միջամտելուց, ի վերջո պետք է ձեռնամուխ լինի նաեւ երկրի անվտանգության ապահովման խնդիրների լուծմանը: