«ԿԱՐՈՏԵԼ ՏԱԼՈՒ» ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍՈՎՈՐԱԿԱՆԻՑ ԵՐԿԱՐ ՏԵՎԵՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Լիանան պատրաստվում է իր երկրպագուներին նոր անակնկալ մատուցել դուետի տեսքով, իսկ թե ում հետ նա կկատարի զուգերգը, դեռեւս գաղտնի է պահում` հավելելով, որ նոր երգի հիման վրա կնկարահանվի նաեւ տեսահոլովակ: Լիանան «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ բացի դուետը` ինքն ունի եւս երկու նոր երգ, որոնց հեղինակն Անուշ Ալեքսանյանն է. դրանք ավելի ուրախ, ռիթմիկ գործեր են: Մայրության բերկրանքն արդեն զգացած երգչուհու նոր երգերից մեկն էլ նվիրված է երեխաներին, այն կոչվում է «Հրաշք զավակներ»:

Մեր այն հարցին, թե երբ երկրպագուները սպասեն Լիանայի մենահամերգին, վերջինս պատասխանեց, որ ինքը նախկինում Երեւանում ունեցել է փոքրամասշտաբ համերգներ, սակայն մեծ մենահամերգով հանդես գալն իր համար դեռեւս մնում է նպատակ. «Հույսս ինձ վրա եմ դնում, ուշ լինի, նուշ լինի: Համերգի ֆինանսավորման հարցով դեռ չեմ էլ դիմել որեւէ մեկին, խնդրել չեմ սիրում, սիրում եմ ինքնուրույն լուծել խնդիրներս, ուստի այդ առումով դադարի մեջ եմ»,-նշեց Լիանան` հույս հայտնելով, որ մենահամերգով հանդես կգա գոնե առաջիկա երկու-երեք տարում:
Զավակի ծնունդից հետո երգչուհին դեռ չի մեկնել արտերկիր` համերգային շրջագայությունների. «Արդեն ունեմ առաջարկ Ֆրանսիայից, Փարիզում ելույթի հրավեր եմ ստացել: Թե երբ կմեկնեմ, դեռեւս հստակ ասել չեմ կարող»,-նշեց Լիանան:
Ի դեպ, տարածված որոշ խոսակցությունների համաձայն՝ Լիանան վերջին շրջանում էկրաններին չի երեւում, քանի որ առաջնեկի ծնունդից հետո գիրացել է եւ նպատակ ունի հանրության լայն շրջանակներին երեւալ նախկին կազմվածքը վերականգնելուց հետո. «Կա նման բան… Մինչեւ բալիկիս ծնունդը 25 կգ-ով նիհարել էի, բայց հետո էլի գիրացա, իհարկե, ոչ շատ, ամեն դեպքում աշխատում եմ վերահսկել իրավիճակը»:
Մեր այն հարցին, թե արդյոք էկրաններին չերեւալը նաեւ ընտանիքին նվիրվելու հանգամանքով է պայմանավորված, երգչուհին պատասխանեց. «Դա էլ կա, կարծում եմ` եթե ժողովուրդը սիրում է քեզ, կսպասի: Տեսահոլովակը տեսահոլովակի եւտեւից թողարկելը հակառակ ռեակցիա է ունենում, վանում է հանդիսատեսին: Իհարկե, «կարոտել տալու» գործընթացը սովորականից երկար տեւեց, բայց վերադարձ անպայման կլինի»,-եզրափակեց նա:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
ՔԵՆԻ ՈՒԵՅՆԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ
Նոյեմբերի 4-ին «Մեցցո» ակումբում ելույթ կունենա անվանի դաշնակահար եւ կոմպոզիտոր Քենի Ուեյնը: Այս մասին տեղեկացնում է Bravo.am-ը: 71-ամյա երաժիշտը հայտնի է իր բլյուզային եւ ռոք-ն-ռոլային կատարումներով, նրան բուգի-վուգի բլյուզ ժանրի կենդանի լեգենդ են անվանում:
Բուգի-վուգի ոճում հանդես եկող դաշնակահարները խոստովանում են, որ հենց Քենի Ուեյնին են համարում ուսուցիչ եւ ոգեշնչման աղբյուր, եւ պատահական չէ նրա «Blues Boss» մականունը:
2011-ին Քենի Ուեյնն արժանացել է Փայնթոփ Փերքինսի անվան մրցանակի` «An Old Rock on a Roll» ալբոմի համար: Նշենք, որ սա ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է բլյուզ ժանրում հանդես եկող դաշնակահարների համար:

 

ՋՈՇՈՒԱ ԲԵԼԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ
Academy of Saint Martin in the Fields կամերային նվագախումբը համերգ կունենա Հայաստանում` երաժշտական ղեկավար, մենակատար Ջոշուա Բելի ղեկավարությամբ: Նոյեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում համերգը կկայանա «Երեւանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: Ինչպես տեղեկացնում են փառատոնի մամուլի ծառայությունից՝ համերգին կհնչեն Բախի թիվ 2 մի մաժոր Ջութակի կոնցերտը, Ս. Բարբերի Ադաջիոն լարայինների համար, Պ. Ի. Չայկովսկու Սերենադը լարայինների համար, Ա. Պիացոլայի «Բուենոս Այրեսի տարվա չորս եղանակները»:

 

ԲԱՑԱՐՁԱԿ ՌԵԿՈՐԴ
Մի քանի օր առաջ երգչուհի Ադելը ներկայացրել էր իր նոր երգը՝ Hello-ն: Երգի տեսահոլովակն առաջին օրվա ընթացքում YouTube-ում ավելի քան 27 մլն դիտում է ունեցել, ինչը բացարձակ ռեկորդ է: Հիմա տեսահոլովակի դիտումների թիվն անցել է 68 մլն-ից:
Բացի այդ` սինգլը iTunes շքերթների առաջին տեղն է զբաղեցրել 107 երկրներում, ինչը եւս բացարձակ ռեկորդ է: Ակնկալվում է, որ վաճառքի մեկնարկից հետո հենց առաջին շաբաթվա ընթացքում երգը կստանա պլատինե կարգավիճակ (1 մլն պատճեն):
Hello-ն առաջին 48 ժամերի ընթացքում ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 450 հազար օրինակով, իսկ Մեծ Բրիտանիայում՝ ավելի քան 118 հազար օրինակով:




Լրահոս