Նախօրեին երեկոյան ԱՄՆ կոնգրեսի 85 անդամներ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ սահմանային բախումների կանխման վերաբերյալ միասնական նամակ են հղել: Այդ նամակի նախաձեռնողները ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը եւ բարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելն են, որոնք դեռ սեպտեմբերյան լարվածության օրերին հանդես եկան հայտարարությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբին առաջարկելով, իրենցի իսկ բնորոշմամբ, մի քանի ողջամիտ քայլեր ձեռնարկել՝ կանխելու հետագա բռնությունները: Մասնավորապես, կոնգրեսականները կոչ էին արել կողմերին հետ քաշել դիպուկահարներին, առաջարկել ԵԱՀԿ դիտորդներ տեղակայել եւ նրանց տրամադրել կրակորսիչ համակարգեր, որոնք հնարավորություն կընձեռեն մեծացնել թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը յուրաքանչյուր միջսահմանային խախտման համար:
Եվ, ահա, մեկ ամսից էլ քիչ ժամկետում երկու կոնգրեսականների այս նամակին միացել են ԱՄՆ կոնգրեսի եւս 83 անդամ թե՛ Հանրապետական, թե՛ Դեմոկրատական կուսակցություններից, որոնք, փաստորեն, իրենց նամակում արձանագրում են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր միջնորդական անաչառ աշխատանքում թերանում է: Նամակում, մասնավորապես, ասված է. «ԱՄՆ-ի եւ ԵԱՀԿ-ի վաղեմի սովորությունը արձագանքելու յուրաքանչյուր նոր հարձակմանը բոլոր կողմերին բռնությունից զերծ մնալու ընդհանրական կոչով չկարողացավ մեղմել իրավիճակը: Փոխարենն այդ արհեստական անկողմնակալության քաղաքականությունը վտանգավոր կերպով ավելի է սրել լարվածությունը: Առանց պատասխանատվության խաղաղություն չի լինի»:
Ասել, որ կոնգրեսականների այս հանդիմանությունը` ուղղված ԵԱՀԿ համանախագահներին, տեղին է, նշանակում է ոչինչ չասել: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչու է հենց հիմա ԱՄՆ կոնգրեսը որոշել նման նախաձեռնությամբ հանդես գալ, եւ այդ տեսքով համանախագահների վրա ճնշում գործադրելու փորձն ինչ արդյունք կարող է ունենալ:
Նախօրեին, երբ Մինսկի խմբի համանախագահները շփման գիծը հատելով` անցնում էին Ադրբեջան, իրենց մաշկի վրա զգացին, թե ինչ ասել է հրադադարի ռեժիմի պահպանումը ադրբեջանական ընկալմամբ եւ դրան հետեւած համանախագահների հայտարարությունը, որը տարակուսելիորեն կրկին ուղղված էր կողմերին, այլ ոչ թե անմիջականորեն իրենց ուղղությամբ կրակող ազերիներին (ինչում համոզվելու հնարավորություն նրանք դժվար թե ունեցած չլինեին), ցույց է տալիս, որ կողմերի միջեւ հավասարություն դնելու հարցում առնվազն համանախագահող երկու երկրներում` Ռուսաստանում եւ Ֆրանսիայում, խնդիր չեն տեսնում:
Բարեբախտաբար, կարծես թե, ԱՄՆ-ում այս հարցում մոտեցումը փոփոխվում է, եւ այս նամակը նաեւ դրա դրսեւորումն է, որը կոչված է դեսպան Ուորլիքի դիրքերի ամրապնդմանն այս հարցում: Իսկ թե որքանով այս նախաձեռնությունն արդյունավետ կլինի, եւ որքանով դրա հեղինակները հետեւողական կգտնվեն, ցույց կտա ժամանակը: