Կոթիի 24-ամյա բնակիչը մոտ մեկ ամիս է՝ կոմայի մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 15-ին Աբովյան քաղաքում գազային թունավորման հետեւանքով կոմայի մեջ է հայտնվել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղի 24-ամյա բնակիչ Մհեր Գյանջալյանը:

Ըստ Կոթի գյուղից ստացված տեղեկությունների՝ երիտասարդը բնակարանի մեջ շմոլ գազից թունավորվել է: Նա գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այդ բաժանմունքի բժշկական ծառայության ղեկավար Սուրեն Ղազարյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ Մհեր Գյանջալյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, սակայն նրա մոտ բարելավման որոշ միտումներ են նկատվում: Դա հույս է ներշնչում, որ Մ. Գյանջալյանն առաջիկայում դուրս կգա կոմայից: Ս. Ղազարյանը հայտնեց, որ երիկամին փոխարինող բժշկական սարքն արդեն ոչ թե ամեն օր, այլ օրումեջ են միացնում Մ. Գյանջալյանին:

Հետաքրքրվեցինք` երբ հիվանդին անգիտակից վիճակում են տեղափոխում բժշկական կենտրոն, նրա բուժումը պետպատվերի շրջանակներում չի՞ իրականացվում: Բաժանմունքի ղեկավարը նշեց, որ պետպատվերով է կատարվում, սակայն հիվանդի կյանքը փրկելու համար որոշ ծախսեր են արվում, որոնք չեն տեղավորվում պետական պատվերով ցուցաբերվող բժշկական օգնության շրջանակներում:

Նշենք, որ Գյանջալյան ընտանիքը զբաղվում է գյուղատնտեսությամբ եւ ապրում միջինից ցածր սոցիալական պայմաններում: Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանից տեղեկացանք, որ Գյանջալյանների ընտանիքը նախկինում եղել է ընտանեկան նպաստառու: Այս տարվա հոկտեմբերին նպաստի վճարումը դադարեցվել է, քանի որ ընտանիքի երեխաներից մեկը դարձել է 18 տարեկան, ինչի հետեւանքով ընտանիքի կարիքավորության գործակիցը իջել է: Գյանջալյանները Մհերի բուժման ծախսերը հոգալու նպատակով ֆինանսական աջակցության խնդրանքով դիմել են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին: Կոթիի գյուղապետ Ֆ. Մելիքյանը հայտնեց, որ Տավուշի մարզպետարանը ընտանիքին տրամադրել է 100 հազար դրամ օգնություն:

Գյուղապետի խոսքով` Մհերին անհրաժեշտ արյունը տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը, ով ծագումով Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղից է: Ֆ. Մելիքյանը հայտնեց, որ կոթեցիները որոշել են առաջիկայում կենսաթոշակների եւ ընտանեկան նպաստի գումարները ստանալուց հետո դրամական հանգանակություն կատարել Մհեր Գյանջալյանի առողջական վիճակի բարելավման համար:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս