ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը այո-ի ակտիվ քարոզչությանը չի մասնակցելու: Պատգամավորը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագծին իր այո քվեարկելը դեռեւս չի նշանակում, որ ինքը նաեւ ակտիվ քարոզչություն է իրականացնելու: Սարգսյանը հավելեց, որ իրենց կուսակցության ներկայացուցիչներն անհրաժեշտության դեպքում ներկայացնելու են իրենց դիրքորոշումը:
-Մենք մեր կուսակցության գրասենյակում քննարկումներ ունենալու ենք, մենք մեր համակիրներով, կուսակցականներով հավաքվելու ենք զրուցելու ենք, ասելու ենք մեր տեսակետը: Իսկ ով ցանկանում է լսել մեր դիրքորոշումը, մեր տեսակետը մենք այն կներակայացնենք:
-Այսինքն՝ նախընտրական շտաբ, ակտիվ քարոզարշավ չե՞ք իրականացնելու:
-Չէ, մենք ունենք մարզային գրասենյակներ, որտեղ էլ մեր համակիրները կհանդիպեն մեր մարզային ներկայացուցիչների հետ, կքննարկեն այն հարցերը, որոնք իրենց համար անհասկանալի են: Քննարկումները կլինեն այդ ֆորմատով: Քննարկումների ժամանակ ես կներկայացնեմ մեր կուսակցության դիրքորոշումը, դա էլ է քարոզարշավ, իսկ ակտիվ քարոզչություն չի լինելու, մենք ներկայացնելու ենք մեր դիրքորոշումը:
-«Այո»-ի ճակատը քննարկում է այն հարցը, որ կարող էին բոլորը միասին իրենց քարոզարշավն իրականացնել՝ համախմբվելով նույն գաղափարի շուրջ: Արդյո՞ք Դուք միանալու եք այդ ճակատին, գուցե իշխանությունների հե՞տ եք քարոզարշավն իրականացնելու:
-Ես խմբակցություն չեմ ներկայացնում, ՀԱԿ խմբակցությունը իր հիմնական տեսակետը ներկայացնելու է: Քանի որ իմ դիրքորոշումն իրենցից տարբերվում է, ես կոռեկտ չեմ համարում առանձին խմբակցության անունից հանդես գալ: Ես որեւէ ճամբարի հետ չեմ միանալու, մենք մեր կուսակցության ներկայացուցիչներով ներկայացնելու ենք մեր դիրքորոշումը քննարկումների ժամանակ: Մենք կարծիք ունենք, որը հայտնել ենք, մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը, մեր կուսակցությունը գիտի, թե ինչ է անելու: Իսկ մյուսների հետ մենք որեւէ կապ չունենք, մենք խոսում ենք միայն մեր կուսակցության անունից: Ես էլ ներկայացնում եմ մեր կուսակցության որոշումը, այն, ինչը քննակում ենք միասին, այն, ինչը մեզ համար առաջնային է: Կուսակցության դիրքորոշումն էլ արդեն բոլորին հայտնի է:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ