Սերժ Սարգսյանի այցերն առավելապես իրավիճակային որոշումների արդյունք են. երբ են կատարվում ձեռք բերված պայմանավորվածություններն ու խոստումները. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով Վրաստան մեկնած Սերժ Սարգսյանը երեկ հանդիպումներ է ունեցել այդ երկրի նախագահի, վարչապետի եւ խորհրդարանի նախագահի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կայացել են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ ռազմավարական բնույթի նախագծերի շուրջ, որոնց շարքում Ս. Սարգսյանն առանձնացրել է Բագրատաշեն-Սադախլո սահմանային «Բարեկամության կամրջի» շինարարությունը:

Իսկ Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածքային, այդ թվում` էներգետիկ ծրագրերի իրականացումը, որոնք, կողմերի համոզմամբ, զգալիորեն կխթանեն ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ տնտեսական կապերի ամրապնդումը, կնպաստեն առեւտրաշրջանառության ծավալների աճին: Թե կոնկրետ ինչ էներգետիկ ծրագրերի եւ տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածքների մասին է խոսքը, չի պարզաբանվում: ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ այս առումով քննարկման առարկա կարող էր դառնալ աբխազական երկաթուղու վերաբացման հարցը, սակայն եթե այդ մասին պաշտոնական հաղորդագրությունում որեւէ հիշատակում չկա, դա նշանակում է, որ այս հարցում որեւէ լուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Մինչդեռ հիշեցնենք, որ ինչպես շուրջ 2 տարի առաջ Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլու, այնպես էլ նրանից առաջ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու ՀՀ կատարած այցերի ընթացքում աբխազական երկաթուղու վերաբացման շուրջ հնչեցին բավականին հուսադրող հայտարարություններ, իսկ Իվանիշվիլին, առհասարակ, խոստացավ երկաթուղու բացման հարցն ամիսների ընթացքում լուծել: Նման բան, իհարկե, տեղի չունեցավ, եւ առաջին հերթին հենց վրացական իշխանությունների դիրքորոշման պատճառով: Սակայն ուշագրավ է, որ նման այցերից առաջ ՀՀ-ում որեւէ, անգամ փորձագիտական մակարդակով, քննարկման առարկա չեն դառնում հայ-վրացական` մինչ այս ձեռք բերված պայմանավորվածություններն ու երկու երկրների ղեկավարների մակարդակով տրված խոստումները:

Իսկ դրա պատճառն այն է, որ մեր պետության առաջին դեմքի շփումներն ու այցերը չեն կրում նախօրոք մշակված եւ կանոնակարգված բնույթ: Ս. Սարգյանի այցերն առավելապես իրավիճակային որոշումների արդյունք են, որոնց իրական առիթը հաճախ հանդիսանում է այս կամ այն ոչ պաշտոնական միջոցառմանը (այդ թվում` հարսանիքի) մասնակցությունը, ինչպես, օրինակ, դա եղավ ՌԴ կատարած վերջին այցերից մեկի ընթացքում: Այս դեպքում էլ, փաստորեն, այցի առիթը Հին Թբիլիսիում հայկական առաջնորդանիստ Սբ. Գեւորգ եկեղեցու` այսօր կայանալիք վերաօծման արարողությունն է:

Եվ այսպիսի մոտեցման դեպքում ակնկալել, որ նախօրոք 2 երկրների համապատասխան մարմինների միջեւ տարվել են լուրջ նախապատրաստական բանակցություններ, իրատեսական չէ: Հետեւաբար ակնկալել ինչ-որ հստակ ասելիք` էներգետիկ կամ տրանսպորտային նախագծերի շուրջ, պետք չէ:




Լրահոս