Եկե´ք, անցե´ք, բայց թիկունքից մի´ խփեք. Լիդուշիկը «տեղափոխվում է» մեծերի աշխարհ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոքրերի աշխարհի հնաբնակներից մեկը` երգչուհի Լիդուշիկը, ով մանուկ տարիքից հասցրեց ճանաչում ստանալ, աստիճանաբար թեւակոխում է մեծերի աշխարհ: Լիդուշիկը, ավելի ճիշտ` Լիդան, արդեն պատանեկան տարիքում է, իսկ տարիքային այդ շեմ նա մուտք է գործում իր «Հայաստանի նոր պատանի» երգով: Լիդուշիկի պրոդյուսերը` Գոհար Ավագյանը, «Ժողովուրդ»-ին պատմել է մեծերի աշխարհում ի հայտ եկող փորձությունների եւ դրանք հաղթահարելու` Լիդուշիկի դժվարությունների մասին:

1

Երգչուհին 16 տարեկան է, սովորում է Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջում, 2-րդ կուրսում: Նա պատրաստվում է առաջիկայում մասնակցել Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակային երեկոյին: Երգչուհին նաեւ «Հայաստանի նոր պատանի» երգի հիման վրա տեսահոլովակ է պատրաստում: «Լիդուշիկը մտադիր է առաջիկա տարիներին ներկայացնել այնպիսի երգեր, որոնք դուր կգան նաեւ փոքրիկներին: Հենց վերջիններս «ստիպում են», որ իրենց կապը պահվի»-ասաց պրոդյուսերը:

2

Մեր այն հարցին, թե արդյոք դժվար չէ պատանի երգչուհու համար քայլեր անել երգարվեստում, դիմանալ մրցակցությանը, Գ. Ավագյանը պատասխանեց. «Դաշտում շատ գործողներ կան, դա բնական է, իսկ մենք ասում ենք` խնդրեմ` ճանապարհը բավական լայն է, եկե՛ք, անցե՛ք, բայց թիկունքից մի՛ խփեք, մի՛ փորձեք վնասել»:
Նա նաեւ նկատեց, որ մեր ժողովրդի համար երգելը կարծես դարձել է գերխնդիր, ծնողները, անկախ տաղանդի առկայությունից, երեխաներին տանում են երգի:
Մենք նաեւ հարցրինք, թե արդյոք երգչուհին, ով երեխա ժամանակվանից սոցիալիզացվելու քայլեր է արել, փորձել հաստատվել երգարվեստում, իր կյանքում ունեցե՞լ է սթրեսային պահեր, ապրումներ եւ ինչպե՞ս է դրանք հաղթահարել.

12063892_942189625862104_8539994696619525003_n

 

«Բնականաբար, սթրեսներ լինում են, հատկապես, երբ դաշտում ստեղծվում են անհավասար պայմաններ. այդ ամենն ազդում է երգչուհու հոգեվիճակի վրա, բայց նա դրանից ավելի է ուժեղանում եւ աշխատասեր դառնում»,-ասաց Գ. Ավագյանը:
Իսկ այն հարցին, թե արդյոք մեծերի աշխարհ մուտք գործելով եւ մի շարք արատավոր երեւույթների հանդիպելով` երգչուհու առջեւ «չփչանալու» խնդիր չկա, պրոդյուսերը պատասխանեց. «Այդ վախը, այո, ներքուստ կա: Մենք իր հետ քննարկում ենք այդ հարցը, զերծ ենք մնում վուլգարությունից, ուզում ենք ցույց տալ, որ կարող ենք լինել այս ասպարեզում ու չփչանալ»:

Լուսանկարները` Լիդուշիկի անձնական արխիվից

Աննա Բաբաջանյան




Լրահոս