Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերաօծեց Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 31-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, կատարվեց Թբիլիսիի (Վրաստան) Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը:

13-րդ դարում կառուցված Ս. Գևորգ եկեղեցու վերականգնման աշխատանքներն սկսվել էին 2012 թ.-ից՝ Վիրահայոց թեմի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համատեղ ջանքերով:

Եկեղեցու առջև Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորեցին Վիրահայոց թեմի հոգևորականաց դասը` գլխավորությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, եկեղեցու բարերարները և բազում ուխտավորներ:

Այնուհետև, «Հրաշափառ» շարականի ներքո, Ամենայն Հայոց Հայրապետը եկեղեցականաց հանդիսավոր թափորով մուտք գործեց բարեզարդված եկեղեցի, ուր սկսվեց վերաօծման արարողությունը:

Արարողության ընթացքում` սուրբգրային ընթեցումներից և աղոթքներից հետո, Վիրահայոց թեմի սպասավորները շարականների և սաղմոսների ներքո ջրով ու գինով լվացին եկեղեցու Ս. Սեղանը, խորանի սյուները և մկրտության ավազանը: Ապա խորան բարձրացվեց Սրբալույս Մյուռոնը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց եկեղեցու Ս. Սեղանի վերաօծումը:

Ձեռամբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի օծվեցին եկեղեցու խորանի սյուները, մկրտության ավազանը և խորանի շուրթը:

Հավարտ եկեղեցու օծման կարգի, Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամն ու հայրապետական օրհնությունը բերեց ներկաներին:

«Մեր սուրբ հայրերի փառաբանական աղոթքով գոհություն ենք մատուցում Տիրոջը, որ շնորհը պարգևեց Մեզ կատարելու Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցու վերաօծման արարողությունը: Նվիրական արարողության այս պահին վերապրեցինք Ս. Գևորգ եկեղեցու ութդարյա առաքելության հիշատակները, որ խոսուն վկայություններն են Վրաստանի օրհնյալ հողում հայության հոգևոր ու ազգային կյանքի զարթոնքի՝ միաժամանակ խորհրդանշելով հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը:

Ս. Գևորգ զորավարը Քրիստոսի մեծագույն վկաներից է, ում անունը անխզելիորեն կապված է նաև հայ և վրացի եղբայր ժողովուրդների քրիստոնեական անցյալի հետ: Ս. Գևորգը արդարության մարտիկ է` Քրիստոսի զինվոր, ով իր անձը ամբողջապես նվիրաբերեց քրիստոնեական հավատքի

զորացմանը, Տիրոջ Ավետարանի լույս պատգամների տարածմանը: Շարականագիրը Ս. Գևորգ զորավարին կոչում է «քաջամարտիկ զորավար» և «մարդկային ազգի պարծանք»: Եկեղեցական պատկերագրության մեջ Ս. Գևորգը ներկայացված է որպես հեծյալ` վիշապին խորտակելիս, ինչը հոգևոր խորհրդաբանությամբ բարու հաղթանակն է ընդդեմ չարի, լույսի հաղթանակը` ընդդեմ խավարի, ճշմարտության հաղթանակը` ընդդեմ կեղծիքի: Եկեղեցու պատմությունն ուսուցանում է, որ մեծահռչակ զորավարի նման անընկճելի նվիրյալների շնորհիվ է քրիստոնեությունը հաստատվել աշխարհում և գրավել մարդկանց սրտեր ու հոգիներ: Ս. Գևորգ զորավարի հանդեպ ակնածանքով ու հարգանքով է, որ հայ և վրաց ժողովուրդների զավակները Սուրբ Գևորգին նվիրված հոգևոր ու մշակութային նվիրական արժեքներ են ստեղծել և իրենց որդիներին անվանակոչել և անվանակոչում են Գևորգ անունով: Զորավար Սուրբի հանդեպ սերն է նաև վրաց ժողովրդին մղել՝ նրան հռչակելու Վրաստանի հովանավոր Սուրբ», – ասաց Նորին Սրբությունը:

Անդրադառնալով հայ և վրաց ժողովուրդների բարեկամական սերտ կապերին, ինչպես նաև Վրաց հողում դարերի ընթացքում վեր հառնած հայկական սրբավայրերի պահպանմանը` Վեհափառը հավելեց. «Ս. Գևորգ եկեղեցու վերաօծման հոգենորոգ այս առիթով մենք հիշում ենք մեր մեծանուն նախնիներին` հոգևոր կյանքի, արվեստի, մշակույթի, գիր-գրականության հայազգի մշակներին՝ Ներսես Աշտարակեցի Հայրապետին, Նաղաշ Հովնաթանին, Սայաթ-Նովային, Մակար Եկմալյանին, Հովհաննես Թումանյանին, Րաֆֆուն, Մուրացանին, Գաբրիել Սունդուկյանին, նշանավոր բազում հայ նվիրյալներին, ովքեր աղոթել ու գործել են, ապրել ու ստեղծագործել են Վրաստանի հյուրընկալ հողում:

Վրացահայությունը Վրաստանը չի տարբերել պատմական իր հայրենիքից և գործել է ի սեր Վրաստանի բարօրության ու առաջընթացի, վրաց եղբայրական ժողովրդի հետ կրել է թե՛ զրկանքները և թե՛ տոնել հաջողությունները, իսկ անհրաժեշտության դեպքում լծվել վրաց սահմանների պաշտպանությանը թշնամիներից: Այսպես է, որ հայության համար Վրաստանը հարազատ աշխարհ է, սիրելի երկիր` քրիստոնեական կյանքի օրինակելի վկայություններով, ավանդական իր հյուրընկալությամբ, կյանքի ու կենցաղի գունագեղությամբ և ազգային յուրօրինակ արվեստով ու մշակույթով: Ուրախ ենք, որ այսօր ևս կենսունակ է վրացահայ համայնքը և նվիրված հոգևոր իր կյանքի շինությանը՝ շարունակում է ջանքեր բերել Վրաստանի պայծառ ապագայի կերտմանը:

Մենք հավատում ենք, որ վերաօծված Ս. Գևորգ եկեղեցին հոգևոր կյանքի նոր շունչ պիտի հաղորդի մեր ժողովրդի զավակներին և պիտի առավել ամրացնի հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը: Հայերը և վրացիները, որպես քրիստոնյա հինավուրց ազգեր, անսասան հավատքն ունեն հանդեպ Քրիստոսի Եկեղեցու սրբազան ու փրկարար առաքելությունը: Եկեղեցին երկնային ապաստարանն է երկրի վրա, ուր բնակվում են սերը, հաշտությունն ու խաղաղությունը, և ուր հանգչում են առօրյա հոգսերից բեկված հոգիները: Եկեղեցում է արձագանքում մեր Տիրոջ քաղցրաբարբառ կոչը. «Եկա՛յք առ իս ամենայն վաստակեալք եւ բեռնաւորք եւ ես հանգուցից զձեզ» (Մատթ. ԺԱ 28): Եկեղեցում վերանում են թե՛ ազգային, թե՛ ռասսայական, թե՛ սոցիալական և թե՛ մշակութային խտրականությունները. «Չիք խտիր ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ազատի եւ ո՛չ ծառայի, ո՛չ արուի եւ ո՛չ էգի, զի ամենեքեանդ դուք մի էք ի Քրիստոս Յիսուս»,- ասում է առաքյալը (Գաղ. Գ 28): Եկեղեցում մենք դառնում ենք մեկ ի Քրիստոս Հիսուս, կոչված՝ լինելու հոգևոր քույրեր ու եղբայրներ, Քրիստոսի սիրով ապրելու, Քրիստոսի լույսը սփռելու ամբողջ աշխարհում:

Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Ս. Գևորգ եկեղեցու վերաօծման արարողությունը Մեր հայացքներն ուղղում է նաև Վրաց օրհնյալ երկրում կառուցված մեր սրբավայրերին` վանքերին ու եկեղեցիներին, որոնք աստվածմերժության տարիներից մնացել են աղոթազուրկ ու անխնամ և երբեմն նաև այսօր ցավալիորեն փլուզվում են ու ավերակ դառնում հոգածության բացակայության պատճառով: Այսօրվա արարողությունը Մեզ վստահություն է ներշնչում, որ վրաց իշխանությունների աջակցությամբ և Վիրահայոց թեմի և բարեպաշտ հավատացյալների ջանքերով վերստին պիտի բարեկարգվեն ու պայծառանան նվիրական մեր աղոթավայրերը»:

Այս առիթով Նորին Սրբությունը Ս. Գևորգ եկեղեցու նորոգության գործում դրսևորած սատարումի, ինչպես և` խորհրդային շրջանում Եկեղեցու կրած ավերների հետևանքների վերացման նպատակով Վիրահայոց թեմին ցուցաբերված աջակցության համար շնորհակալություն հայտնեց վրաց իշխանություններին:

Ամենայն Հայոց Հայրապետը ողջունեց նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությունը սրբազան արարողությանը` մաղթելով նրան Բարձրյալն Աստծու զորակցությունը՝ իր բարձր առաքելության իրականացման մեջ:

Նորին Սրբությունն իր բարձր գնահատանքը հայտնեց Եկեղեցու նվիրյալ զավակ տիար Ռուբեն Վարդանյանին` «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի միջոցով Ս. Գևորգ եկեղեցու նորոգության աստվածահաճո ձեռնարկն իրականացնելու համար: Գարեգին Բ Հայրապետն իր օրհնությունը բերեց նաև նախաձեռնությանը միացած բարերար անձանց` Ալբերտ Ավդոլյանին, Բիձինա Իվանաշվիլուն, Դանիլ Խաչատուրովին, Սերգեյ Սարկիսովին, Կոնստանտին Մարգարյանին, Անդրեյ Մկրտչյանին և Բորիս Նահապետյանին:

Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Վիրահայոց թեմի առաջնորդին ու բարեջան հոգևոր սպասավորներին վիրահայությանը բերած ջանադիր ու նախանձախնդիր ծառայության համար, ինչպես նաև թեմական վարչության անդամներին, կրթական ու ազգային հաստատությունների նվիրյալներին:

Հայրապետական օրհնության արժանացան նաև Ս. Գևորգ եկեղեցու վերանորոգման գործում ջանքեր ներդրած հայ և վրացի ճարտարապետները, վարպետները, շինարարները և աշխատավորները:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Երկնավոր Տերն արդյունաշատ դարձնի Վիրահայոց թեմի առաքելությունը` ի նպաստ Վրաստանի հայության հոգևոր կյանքի զորացման:

Գարեգին Բ Հայրապետն աղոթեց նաև, որ Բարձրյալն Աստված Սուրբ Գևորգ զորավարի բարեխոսությամբ Իր օրհնության ներքո շեն ու պայծառ պահի Վրաց երկիրը, բարօրության մեջ` վրաց եղբայրական ժողովրդին և հանապազ օրհնի երկու երկրների ու ժողովուրդների եղբայրությունն ու բարեկամությունը:

Արարողության ավարտին եկեղեցում տեղի ունեցավ պարգևաբաշություն: Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու պատվո բարձր շքանշանների և Հայրապետական օրհնության գրերի արժանացան Ս. Գևորգ եկեղեցու վերանորոգության գործում կարևոր նպաստ ունեցած անձինք:

Ալբերտ Ավդոլյանին, Սերգեյ Սարկիսովին և Բիձինա Իվանիշվիլուն շնորհվեց «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան: Կոնստանտին Մարգարյանին, Անդրեյ Մկրտչյանին ու Բորիս Նահապետյանին հանձնվեց «Ս. Ներսես Շնորհալի» շքանշան: Հայրապետական օրհնության գրեր տրվեցին Արթուր Ամիրխանյանին, Արմայիս Կամալովին, Իրինա Կոնդրատովային, Էլեոնորա Մալխասյանին, Արման

Ջիլավյանին, Էդգար Մանուկյանին, Դավիդ Դավիդյանցին, Դավիդ Յակոբաշվիլուն և Արմինե Ղազարյանին:

Այնուհետև Վեհափառ Հայրապետը և ՀՀ նախագահը եկեղեցու բակում ներկա գտնվեցին բարերարների և նվիրատուների անվանական հուշատախտակի բացման արարողությանը:

Ս. Գևորգ եկեղեցու վերաօծման արարողությանը ներկա էին Վրաստանի և Հայաստանի պետական այրեր, Հայ Եկեղեցու բարերարներ, օտարերկրյա դիվանագետներ և բազում վիրահայեր:




Լրահոս