ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի Կողբավան համայնքի ջրագծի բացակայության պատճառով բնակիչները խմելու ջուր չունեն: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ համայնքի ղեկավար Հովհաննես Քոչարյանից. «Գյուղապետարանն ունի ջրի մի ցիստեռն, որի տարողությունը 3.8 տոննա է: Դրանով շաբաթը մեկ անգամ Երվանդաշատ համայնքից ջուր ենք բերում եւ յուրաքանչյուր ընտանիքին տալիս 250 լիտր: Քանի որ ձմռանն ընտանիքների թիվը ժամանակավորապես պակասում է, մյուսներին հասնում է 300-400 լիտր: Աստծու աչքը ցիստեռնի վրա է, հանկարծ բան չլինի… Դե հասկանում եք, ամռանը, երբ շատ է ջուր պետք գալիս, շաբաթը երկու անգամ ենք բերում: Բայց ամեն օր գյուղապետարանն ի վիճակի չէ: Ջրագիծ քաշելն էլ մեծ փողերի հետ է կապված, ու համայնքապետարանի բյուջեն չի բավականացնում»: Գյուղը չունի եւ չի ունեցել դպրոց: 4 դպրոցահասակ երեխաները դասերն անցկացնում են հարեւան գյուղի՝ Վանանդի դպրոցում: Ժամանակին գյուղից ընտանիքներ են հեռացել, սակայն գյուղապետը վստահեցնում է, որ վերջին տարիներին արտագաղթը կանգ է առել:




Լրահոս