Ադրբեջանում տիրող վիճակից հուզիչ ելույթներ ունեցող Սերժ Սարգսյանը պետք է օգտվի և սահմանադրական հանրաքվեն չկեղծելու քաղաքական կամք դրսևորի. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցությունը` Միլի մեջլիսի 125 մանդատներից ստանալով 70-ը: Նման արդյունքն, իհարկե, միանգամայն սպասելի էր, քանի որ երկրի հիմնական ընդդիմադիր կուսակցություններն ընտրությունները բոյկոտել էին` ալիեւյան կլանի կողմից վերջին շրջանում քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ գործադրվող աննախադեպ ճնշումների եւ բանտարկությունների պատճառով:

Այս ընտրությունները, ըստ էության, բոյկոտվել էին նաեւ միջազգային կառույցների կողմից, որոնք հրաժարվել էին դիտարկել դրանց ընթացքը: Մասնավորապես ընտրություններ դիտարկող միջազգային ամենահեղինակավոր կազմակերպություններից ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ գրասենյակը հրաժարվել էր ադրբեջանական ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելուց պաշտոնական Բաքվի կողմից իր դիտորդների քանակը սահմանափակելու պատճառով: Նման որոշում էր կայացրել նաեւ ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովը:

Իսկ ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունն էլ նախօրեին հայտարարել է, որ իր ձեռքի տակ ունի բավարար թվով փաստեր, որոնք ապացուցում են համատարած կեղծիքների առկայությունը: Այս կուսակցությունը պատրաստվում է դիմել միջազգային ատյաններ` վիճարկելու ընտրությունների արդյունքները: Իհարկե, կարծել, որ ադրբեջանական ընդդիմությանը կհաջողվի ինչ-որ արդյունքի հասնել այս գործընթացում, իրատեսական չէ, սակայն հաշվի առնելով Ադրբեջանի նկատմամբ Արեւմուտքում վերջին ամիսներին ձեւավորված աննախադեպ բացասական տրամադրությունները` ադրբեջանական ընդդիմության պայքարը առնվազն ավելի ցցուն կդարձնի ալիեւյան ռեժիմի բռնապետական բնույթը: Իսկ դա կարող է լավ հնարավորություն դառնալ Հայաստանի համար` միջազգային հանրությանն ապացուցելու, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չի կարելի հավասարության նշան դնել, եւ որ այս տարածաշրջանում Եվրոպայի եւ Ասիայի սահմանն անցնում է հենց հայ-ադրբեջանական շփման գծով:

Դրա համար, սակայն, Հայաստանի իշխանությունները նախ եւ առաջ պետք է քաղաքական կամք ունենան եւ չկեղծեն առաջիկա սահմանադրական հանրաքվեն: Հայրենասիրության եւ ազգասիրության մասին հուզիչ ելույթներ ունեցող Սերժ Սարգսյանի առջեւ պատմական հնարավարություն է բացվել` Հայաստանի հեղինակությունը շեշտակիորեն բարձրացնելու եւ տարածաշրջանում ժողովրդավարության առաջամարտիկի երբեմնի դիրքերը հետ բերելու համար: Կօգտվի նա այդ հնարավարությունից, թե առիթ կտա Եվրոպային հերթական անգամ հավասարության նշան դնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, պարզ կդառնա արդեն դեկտեմբերի 7-ին:




Լրահոս