Երեկ ՌԴ Տուլայի մարզի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսը դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել: Ավտոբուսում եղել է 61 ուղեւոր, որոնցից զոհվել է 9-ը, վիրավորվել՝ 47-ը: Ավտովթարի պատճառներն առայժմ հայտնի չեն: Շրջանառվող հիմնական վարկածներն են մեքենայի անսարքությունը եւ վարորդի` քնած լինելու հնարավորությունը: Վթարված ավտոբուսը պատկանում է «Քինգ Դելյուքս» ընկերությանը, որի սեփականատերը ոչ անհայտ Արթուր Հարությունյանն է, նույն ինքը՝ Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Պալաչը:
Իր քաղաքական հավակնությունների պատճառով ՀՀԿ-ից հեռացված Հարությունյանը, որը հանրությանը հայտնի է իր քավորի` Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած տարիների պատմություն ունեցող հակամարտությամբ, նաեւ հենց նրա շնորհիվ ժամանակին կարողացավ մարդկանց ահաբեկելով, խլելով, մրցույթներում «հաղթելով»՝ տիրանալ մի շարք երթուղիների եւ դառնալ ամենամեծ գծատերերից մեկը: Արդեն 5 տարի է` նա իրեն պատկանող 10 ավտոբուսներով զբաղվում է նաեւ Մոսկվա-Երեւան փոխադրումներով, եւ թերեւս քչերը կգտնվեն, որ կհավատան Ա. Հարությունյանի` երեկ հնչեցրած հավաստիացումներին, թե բացառվում է վթարված մեքենայի անսարքությունը: Եվ այստեղ խնդիրը ոչ միայն եւ ոչ այնքան Պալաչի անձն է ու գործելակերպը, որքան առհասարակ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործող համակարգը:
Իրականում այսօր Հայաստանում որեւէ տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքությունը հնարավոր չէ բացառել` անգամ տեխզննության կտրոնի առկայության դեպքում, քանի որ, ինչպես հայտնի է, վերջին տարիներին արված «բարեփոխման» արդյունքում վարորդները հնարավորություն ունեն խուսափել իրական տեխզննությունից: Էլ չասած` հանրային ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների մեքենաների մասին, որոնց տեխնիկական վիճակը ֆորմալ կերպով ստուգվում է միայն երթուղու մրցույթի ժամանակ, ինչից հետո գծատերերը շատ հանգիստ կերպով կարողանում են գիծը շահագործել նաեւ հնամաշ մեքենաներով:
Ասել է թե` որեւէ երթուղու մեքենաների սարքինության աստիճանը մեծ հաշվով թողնված է այդ ընկերության սեփականատիրոջ բարեխղճությանը: Եվ պատահական չէ, որ երեկվա այս ողբերգական վթարից հետո ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արամ Արսենյանը չի կարողացել հստակ պատասխանել «Ազատության» հարցին` արդյոք նախարարությունը լիազորված է ծառայողական քննություն նշանակել:
Այս պահին, իհարկե, առաջնայինը վթարից տուժած մեր հայրենակիցներին եւ նրանց հարազատներին ցուցաբերվելիք աջակցությունն է` ինչպես բարոյական, այնպես էլ նյութական: Առայժմ ո՛չ «Քինգ Դելյուքսի» ղեկավարը, ո՛չ էլ պետական մարմիններն այդ ուղղությամբ որեւէ քայլ չեն կատարել, եւ նաեւ այս հարցում հանրությունը պետք է հետամուտ լինի: Սակայն շատ կարեւոր է այն, որ, ի վերջո, գործուն քայլեր արվեն առկա համակարգային ամենաթողության այս վիճակը շտկելու ուղղությամբ: