ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ ԿԱՌԱՋԱԴՐԻ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների միջոցով իշխանությունը խոստանում է Հայաստանը դարձնել արդարադատության դրախտավայր, որտեղ օրենքներն այլեւս չեն խախտվելու, իսկ իրավապահ մարմինները գործելու են բացառապես Սահմանադրության տառին համապատասխան: Հատկանշական է, որ նոր Սահմանադրությամբ փոխվելու է նաեւ ՀՀ գլխավոր դատախազի նշանակման կարգը: Ստորեւ փորձենք հասկանալ, թե ինչպիսի փոփոխություններ են առաջ բերվում նոր Սահմանադրությամբ, ինչպիսին է միջազգային փորձն այս հարցում, եւ ինչպես է առաջարկվող տարբերակը երաշխավորելու, որ ՀՀ գլխավոր դատախազության գործունեությունը սահմանափակվի օրենքի շրջանակներում, եւ այս մարմինը կատարի իր իրական պարտականությունները:

Նախ եւ առաջ հարկ է նկատել, որ գործող Սահմանադրության 103-րդ հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը: Գլխավոր դատախազին Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` 6 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ: Օրենքով սահմանված դեպքերում Հանրապետության Նախագահի առաջարկությամբ Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին: Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա»: Այսօր գլխավոր դատախազի նշանակման եւ ազատման համար պատասխանատուն նախագահն է, որի այդ քայլը պարտադիր կերպով պիտի ներդաշնակվի Ազգային ժողովի կամքին: Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները իրենց դիրքորոշումը հաճախ բացատրում են նաեւ այսօրինակ ընթացակարգերով, թե իբր նախագահի լայն լիազորությունների աստիճանն է պատճառը, որ հաճախ պաշտոնների նշանակվում են անբարեխիղճ կադրերը, իսկ եթե այդ արտոնությունն անցնի խորհրդարանին, այդ դեպքում կադրային քաղաքականությունն ավելի բարձր մակարդակով կիրականացվի: Ըստ էության, գլխավոր դատախազ նշանակելու հարցում նախագահը բացառիկ լիազորություններով օժտված չէ, սակայն նորանկախ Հայաստանի պատմության մեջ դեպք չի եղել, որ խորհրդարանը մերժի նախագահի ներկայացրած թեկնածուին: Հիշեցնենք, որ ներկայիս գլխավոր դատախազի ընտրությունն ԱԺ-ում սկանդալային ընթացք էր ստացել, երբ դեռ «հուժկու» ընդդիմադիր քառյակի կենդանության օրոք Սերժ Սարգսյանի թեկնածուն ընդամենը 3 դեմ ձայն էր ստացել: Վերջապես, գործող Սահմանադրության վերոնշյալ հոդվածն իմպերատիվ կերպով սահմանում է, որ դատախազությունը պարտավոր է գործել միայն Սահմանադրության ու օրենքների շրջանակներում: Բավական է, սակայն, նկատել, որ կոռուպցիայի մասին բազմաթիվ աղմկահարույց հիշատակումներին դատախազությունը ցայսօր ընթացք չի տվել, ինչի պատճառը վերոհիշյալ սահմանադրական դրույթը չէ:
Սահմանադրության առաջարկվող տարբերակում կատարվել են մի շարք նորամուծություններ: Ըստ այդմ` գլխավոր դատախազը ընտրվում է ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Գլխավոր դատախազ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին: Փաստորեն, նման պատասխանատու պաշտոնում նշանակում կատարելու իրավազորությունը հանձնվում է ԱԺ-ի հավանաբար պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին: Հարկ է, սակայն, նկատել, որ ԱԺ հանձնաժողովները ձեւավորվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքում կուսակցությունների ստացած ձայների համամասնությամբ, եւ հազիվ թե կա այդպիսի միամիտ մարդ, որ կարծում է, թե ՀՀԿ-ն այդտեղ մեծամասնություն չի ունենալու: Արդ, պատասխանատվության առումով գլխավոր դատախազի պաշտոնի էությունը զգալիորեն նվազեցվելով հանդերձ՝ որեւէ այլ գործնական ու դրական նշանակություն չի ունենալու այս փոփոխությունը, քանզի կրկին դատախազին նշանակելու է ՀՀԿ-ական մեծամասնությունը` հնազանդորեն կատարելով կուսակցության առաջնորդի կամքը:
Ինչ վերաբերում է միջազգային փորձառությանը, ապա հարկ է հայացք ձգել Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի ոգեշնչման աղբյուր հանդիսացող գերմանական ու իտալական մոդելներին: Գերմանիայում երկրի գլխավոր դատախազի թեկնածությունն առաջարկում է դաշնային կառավարության արդարադատության նախարարը: Վերջինիս թեկնածությունը պիտի հաստատվի Գերմանիայի ոչ թե դաշնային խորհդարանի` Բունդեսթագի, այլ Բունդեսրատի` գերմանական 16 նահանգների միասնական օրենսդրական մարմնի կողմից: Վավերացնելով հանդերձ գլխավոր դատախազի թեկնածությունը` Բունդեսրատն իր որոշումն ուղարկում է Գերմանիայի նախագահին, որի ստորագրությամբ էլ ավարտվում է պետության գլխավոր դատախազի նշանակման ընթացակարգը: Իսկ, ահա, Իտալիայում գլխավոր դատախազը նշանակվում է դատական բարձրագույն խորհրդի կողմից, որը նշանակում է արդարադատության համակարգի հիմնական պաշտոնյաներին: Ի դեպ, այս մարմնի նախագահությունն իրականացնում է հանրապետության նախագահը: Իտալիայում գլխավոր դատախազի նշանակման գործում կարեւոր է արդարադատության նախարարի համաձայնությունը:
Փաստացիորեն, թե՛ Իտալիայում, թե՛ Գերմանիայում երկրի գլխավոր դատախազի թեկնածությունը չի առաջարկվում խորհրդարանի մի սովորական հանձնաժողովի կողմից: Առաջին դեպքում գործ ունենք հանրապետության նախագահի ղեկավարությամբ գործող անկախ դատական բարձրագույն մարմնի հետ, իսկ երկրորդի դեպքում` կառավարության: Իսկ, ահա, Հայաստանում Սերժ Սարգսյանի հանձնաժողովն, ըստ ամենայնի, գիտակցել է գլխավոր դատախազի ազդեցության իրական աստիճանը եւ չի ընկել նրա նշանակման ընթացակարգերում ավելորդ ձեւականությունների հետեւից: Ինչ տարբերություն` ով է նշանակում գլխավոր դատախազին, եթե նա անվերապահորեն կատարելու է մեծամասնության առաջնորդ Սերժ Սարգսյանի հրահանգները:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 
«ԿԿՏՐԵՄ ԱԿԱՆՋՆԵՐԸ, ԿՓՇՐԵՄ ԱՏԱՄՆԵՐԸ»
ՀՀ Արարատի մարզի մի շարք բնակիչներ նամակով դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին եւ հայտնել իրենց դժգոհությունը՝ կապված Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի գործելաոճի հետ:
Նամակում նշված է, որ Արարատի մարզի մի շարք բնակիչներ խիստ զայրացած են ու զարմացած մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի պահվածքից: «Ինչպես կարելի է նման մարդու մարզպետ վստահել ու նշանակել, նա չունի ամենատարրական կուլտուրա: Այդ մարդը չի կարողանում մարդկանց հետ աշխատել ու շփվել, մարդու մեջ միշտ վատն է տեսնում: Սա իր տեղը չէ: Հարգարժան իշխանություններ Արարատի մարզում բավականին լուրջ ու խելացի մարդիկ կան, որոնք ունեն կրթություն ու աշխատանքային մեծ փորձ, ինչու են նման մարդիկ դուրս մնում»,- իրենց զայրույթը նամակում այսպես են արտահայտել մարզի բնակիչները:
Բնակիչները նամակում նշել են նաեւ, որ մարզպետարանի աշխատակիցները «զզվանքով են գալիս աշխատանքի». «Ամբողջ օրը միայն գոռում է՝ «կկտրեմ ականջները, լուսամուտից դուրս կշպրտեմ, գլուխները կջարդեմ, ատամները կփշրեմ», սա է իր առօրյա խոսակցությունը: Մարզպետարան կառույցը հեղինակազրկվել է եւ ոչնչացել, մարդիկ հոգնել են եւ մեղադրում են կառավարությանը: Հարգելի՛ նախագահ եւ վարչապետ, ազատե՛ք մարզը այս թյուրիմացությունից»:
Բնակիչներից ստացված դժգոհությունների առիթով «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հետ, սակայն վերջինս անամոթաբար չպատասխանեց հեռախոսազանգերին: Ավելի ուշ «Ժողովուրդ»-ի հեռախոսազանգին պատասխանեց մարզպետի վարորդը, ով ներկայացավ որպես Հրաչիկ եւ փոխանցեց, որ Աբրահամյանը տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում խորհրդակցության է: Հուսով ենք, որ ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը խորհրդակցության հրավիրելուց բացի՝ մարզպետներին կովորեցնի նաեւ հեռախոսազանգերին պատասխանել եւ աշխատել, ինչպես որ հարկն է: Թե չէ՝ փախչելով որեւէ բան չի ստացվի:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 2011 թվականի մարտի 16-ին մարզպետների մասին հետաքրքիր ելույթով հանդես եկավ. «Մարզպետը մարզի լոկ ղեկավարը չէ. նա պետք է լինի մարզի բնակչության առաջնորդը, նրա հոգսերի կիսողը, նրա խնդիրները ներկայացնողը պետական ատյաններում, արդարության մթնոլորտ հաստատողը մարզում, եւ, իհարկե, պետք է լինի նաեւ տեղական իշխանիկներին զսպողը: Երբ ես ասում եմ տեղական իշխանիկների մասին, ես նաեւ ուզում եմ ասել, որ ձեզնից էլ որեւէ մեկը չպետք է դառնա տեղական իշխանիկ»: Սակայն սրա փոխարեն այսօր ՀՀ որոշ մարզպետներ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը՝ շարունակում են հարստանալ՝ անտեսելով մարզում առկա խնդիրները: Իսկ ՀՀ կառավարությունն էլ խոսում է թափանցիկ աշխատաոճի մասին, որը Արարատի մարզպետի դեպքում միանգամայն հակառակն է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 
ԱՅՈ-Ն ԲԱՑԱՌՎՈՒՄ է

«Ազատամարտիկների դաշինք»-ը թեեւ մշտապես հայտարարում է, որ ժողովրդի կողքին է, սակայն մինչեւ հիմա սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր հստակ դիրքորոշումը չի հայտնել։ «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Ռազմիկ Պետրոսյանն անդրադառնալով այս հարցին՝ հայտարարել էր, որ նրանք վարչության նիստի ժամանակ կհստակեցնեն իրենց դիրքորոշումն ու հանրությանը կտեղեկացնեն:

«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ երեկ զրուցեց Ռազմիկ Պետրոսյանի հետ՝ պարզելու համար, թե երբ է տեղի ունենալու վարչության նիստը: «Դեռ նիստ չի եղել: Այդ հարցը պետք է օրակարգ ընդգրկվի եւ քննարկվի»,-ասաց ազատամարտիկը` ընդգծելով, որ իրենք ոչ-ի կողմնակից են եղել, ուստի եւ նիստի ժամանակ այո-ն բացառվում է. «Գրեթե բոլորն էլ գտնում են, որ այսօր սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա: Միանշանակ է դա: Նրանք ովքեր «այո» են, հաստատ այս դաշինքում չեն: Կողմակից չեմ այդ քվեին, եթե մասնակցենք էլ, ոչ է լինելու, իսկ մարտավարության հետ կապված դեռ կորոշենք, թե ինչ մարտավարություն կընտրենք: Այո բառ չի կարող լինել մեզ մոտ»:
«Ազատամարտիկների դաշինք»-ի անդամը նաեւ չբացառեց համագործակցությունը ոչ քարոզող այլ ուժերի հետ: «Մենք «Ոչ»-ի ճակատում ենք, բայց որ դաշինքով, որ խմբի հետ, դրանք համագործակության եզրեր են, որոնք կհստակեցվեն, եւ դա վարչության նիստի ժամանակ կորոշվի»,-ընդգծեց Ռազմիկ Պետրոսյանը:
Հավելենք, որ «Ժողովուրդ»-ը փորձեց այս թեմայի շուրջ զրուցել նաեւ «Ազատամարտիկների դաշինք»-ի մյուս անդամների հետ, սակայն ապարդյուն: Միայն ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հարցը լսելուց հետո փոխանցեց, որ այդ պահին վարչության նիստն է սկսվել՝ հորդորելով ավելի ուշ զանգահարել: «Ժողովուրդ»-ին, սակայն, այլեւս չհաջողվեց կապ հաստատել Հակոբյանի հետ:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս