ՀՀԿ-ի «Այո»-ի շտաբի պետի տեղակալ, Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ հայտարարել է, թե ՀՀԿ-ն իր առջեւ խնդիր է դրել ազատ, արդար եւ թափանցիկ հանրաքվեի միջոցով երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում բարձր պահել: «Այս հանրաքվեին հետեւում է ամբողջ միջազգային հանրությունը, սա մի սովորական շարքային օրենք չէ կամ մի շարքային ընտրություն չէ, որ մենք անցկացնելով, այդ բառն եմ օգտագործում, հետո կարողանանք մեր իմիջը պահպանել»,- ասել է Բաղդասարյանը։
Հետաքրքիր է, թե այսպիսի վերամբարձ տեքստեր արտաբերող ՀՀԿ-ականներն այդ դեպքում ինչու ոչ մի կերպ չեն ցանկանում տեղի տալ Աժ մնացած բոլոր 5 խմբակցությունների հորդորներին եւ ընդունել նրանց ներկայացրած առաջարկությունները` հանրաքվեի մասնակցող քաղաքացիների մատների թանաքոտման կամ քվեարկած քաղաքացիների ստորագրություններով ցուցակների հրապարակման, նույնականացման քարտերով քվեարկողների դեպքում 9-րդ ձեւի կամ հատուկ տեղեկանքով մասնակցելու շուրջ: Եթե ՀՀԿ-ում այդքան կարեւորում են երկրի հեղինակությունը, այդ դեպքում ինչու են շտաբի պետ նշանակում վարչապետին, իսկ տարածքային շտաբների ղեկավարումն էլ հանձնում, Սերժ Սարգսյանի բնորոշմամբ, տեղական իշխանիկներին` մարզպետներին:
Ի վերջո, եթե ՀՀԿ-ում հասկանում են, որ Սահմանադրությունը «շարքային մի օրենք չէ, հանրաքվեն էլ` շարքային մի ընտրություն», որը Բաղդասարյանի մեղմ ձեւակերպմամբ` «անցկացնելով» կարողանան երկրի իմիջը պահել, այդ դեպքում ինչպես են ոչ միայն պաշտոնապես, անթաքույց կերպով գործի դնում վարչական լծակները, ինչպես են թույլ տալիս, որ այս կամ այն մարզպետը հայտարարի, որ ինքն է սահմանելու տվյալ մարզում ոչ-երի տոկոսը, այլեւ այդ ամենն անում են հանրության գերակշիռ մասի բացարձակ անիրազեկության պայմաններում:
Հանրաքվեին մնացել է 1 ամիս ժամանակ, սակայն հենց նույն ՀՀԿ շտաբի պետի տեղակալ Վ. Բաղդասարյանն է հայտարարում. «Իրոք, մենք ունենք խնդիր, հանրության բավականին լուրջ քանակություն իրազեկված չէ, թե ինչ է առաջարկվում իրեն»: Այս պայմաններում ինչ արդար, թափանցիկ եւ լեգիտիմ հանրաքվեի անցկացման մասին կարող է խոսք գնալ:
Ինչպես կարող է չիրազեկված քաղաքացին գնալ եւ գիտակցված ընտրություն կատարել: Ի վերջո, ինչն էր խանգարում այս բոլոր ամիսների ընթացքում հանրությանը պատշաճ մակարդակով իրազակելուն: Հանրապետականների «ձեռքը քարի տակ» չէր, ՀՀ մեդիառեսուրսի առյուծի բաժինը նրանց տնօրինման տակ է, եւ ցանկության դեպքում ՀՀԿ-ականները մինչեւ այս օրն արդեն իսկ կարող էին ավարտած լինել իրազեկումը եւ վերջապես անցնել քարոզչությանը: Նրանք, սակայն, դա չեն արել, եւ պատճառն առավել քան պարզունակ է. ասելիք չունեին: Ընդ որում, ոչ միայն ներկայացնելիք հիմնավորումների սնանկության մասով, այլեւ պարզապես տեղյակ չէին, թե Սերժ Սարգսյանի հանձնաժողովը վերջին պահին ինչ տեքստ է հրամցնելու իրենց: