Քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում կալանավորված Իսրայել Սարգսյանի հարազատները չեն պատրաստվում այլեւս լռել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Իսրայել Սարգսյանի մայրը` Անժելա Բեգինյանը, ասաց, որ իր որդին պատրաստվում է հացադուլ հայտարարել, քանի որ ապօրինությունները հնարավոր չէ այլեւս հանդուրժել:
Հիշեցնենք, որ Իսրայել Սարգսյանը կալանավորվել էր 2014թ հունվարի 27-ին՝ Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում թաղային հեղինակություն համարվող Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ, 38-104-րդ հոդվածներով (սպանության եւ սպանությունը պատվիրելու համար) եւ 235-րդ հոդվածով (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Դեպքից մեկ տարի անց՝ 2015 հունվարի 21-ին, գործը ուղարկվել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Ըստ մեղադրական եզրակացության` Իսրայել Սարգսյանը կազմակերպել եւ օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը: Ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով սպանել է հացագործությունը կատարողին` Մովսես Ներսիսյանին՝ այդ կերպ փորձելով թաքցնել հետքերը: Բացի այդ, նա, ըստ մեղադրանքի, ապօրինի ձեռք է բերել ռազմամթերք եւ կրել հրազեն ու դրանք պահել իր փաստացի բնակության վայրին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում:
Նշենք, որ շուտով կլրանա կատարված սպանության երկրորդ տարին, եւ մինչ օրս Մովսես Ներսիսյանի դին հայտնաբերված չէ, իսկ որոնողական աշխատանքները դադարեցվել են: Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ Իսոն Մոսոյի դիակը տեղափոխել է Քանաքեռավան եւ նետել կոյուղու դիտահորերից մեկը: Ինչպես հայտնի է՝ կոյուղում գերակշռում է գազի քանակությունը, իսկ դա հանգեցնում է յուրաքանչյուր կենդանու կամ առարկայի քայքայման: Armlur.am-ի տեղեկություններով՝ վերջին անգամ որոնման աշխատանքներ կատարողները մոտ 100 կիլոգրամանոց խոզ են նետել խողովակի մեջ՝ դարձյալ հատուկ սարքավորումներով, սակայն խոզը ճանապարհի կեսից կորել է: Սարքավորումները խափանվել են: Այս փորձից հետո իրավապահներն այն եզրահանգման են եկել, որ Մոսոյի՝ կոյուղու դիտահորում նետված դիակը քայքայվել եւ կորել է, ինչի հետեւանքով այն գտնել չի հաջողվում:
Ինչեւէ: Սույն գործի շրջանակներում կալանավորվել էր նաեւ սպանված Արթուր Սաֆարյանի դստեր կնքահայր Տիգրան Ասատրյանը, սակայն կարճ ժամանակ անց նրան ազատ արձակեցին եւ առաջադրված մեղադրանքն էլ մեղմացրին: Իսկ գործով դատական նիստերն ընթանում են լարված մթնոլորտում: Բանն այն է, որ դատարանում Իսրայել Սարգսյանը Տիգրան Ասատրյանին վրդովված հարցեր էր ուղղել, որոնք այդպես էլ մնացել էին անպատասխան. «Դու ես իմ գերեզմանի փոսը փորել, բա ո՞վ պետք է վերլուծի, դու էս Արթուրի գլուխը կերել»: Ի պատասխան Իսրայել Սարգսյանի այս հայտարարությունների՝ Տիգրան Ասատրյանն էլ հայտարարել էր, թե. «Դու էս կերել Արթուրի գլուխը»:
Տեղեկացնենք, որ Իսրայել Սարգսյանը եւ Տիգրան Ասատրյանը մտերիմներ են եղել, այդ հանգամանքը փաստում են նաեւ համացանցում տարածված նրանց համատեղ լուսանկարները: Եվ հարց է առաջանում` ինչն է պատճառը, որ Տիգրան Ասատրյանը «հանկարծ մոռացավ» վաղեմի բարեկամությունը: Ի դեպ, նշենք, որ Իսրայել Սարգսյանին կալանքի տակ պահում են Տիգրան Ասատրյանի ցուցմունքի հիման վրա, որի առանցքը հեռախոսայի խոսակցություններն են, իսկ թե ինչ խոսակցությունների մասին է խոսքը, դեռեւս հայտնի չէ:
Եւ հիմա՝ դեպքից շուրջ երկու տարի անց, Երեւանի Կենտրոն քրեակատարողական հիմնարկում գտնվող Ի. Սարգսյանը մտադիր է բողոքի ձայն բարձրացնել: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց Ի. Սարգսյանի մայրը` 70-ամյա Անժելա Բեգինյանը՝ նշելով, որ իր որդուն երկու տարի անհիմն պահում են կալանքի տակ. «Իմ տղան ապօրինի ձեւով կալանքի մեջ է գտնվում, բացարձակ փաստ չկա իր վրա, եւ նա բացարձակ այս ամենի հետ որեւէ կապ չունի»:
Ըստ Անժելա Բեգինյանի՝ որդու դատաքննությունը անհիմն կերպով հետաձգում են, իսկ թե դա ում է ձեռնտու, ինչու այս ամենի մեջ իր որդուն ներքաշեցին, մինչ օրս տիկնոջ համար անհասկանալի է. «Ում էր պետք, չգիտենք, որդիս պատրաստվում է նստել հացադուլի, իսկ նա լյարդի հետ կապված խնդիր ունի, եւ անթույլատրելի է, որ նա գնա այդ քայլին: Բայց չենք կարողանում հետ պահել նրան այդ քայլից»:
Տիկին Անժելայի խոսքով՝ իր ամուսինը չկարողացավ այս ցավը տանել եւ մահացավ 2014 թվականի ապրիլի 22-ին.«Ապօրինի ձեւով ինչու են տղայիս պահում: Եթե դուք ապացույց ունենք, ապա մարդուն դատեք, ինչո՞ւ չեք դատում, նիստերը միտումնավոր հետաձգելով՝ չի կարող այս ամենը շարունակվել: Իրենք չեն ուզում անցնել ապացույցների հետազոտման փուլ, քանի որ որեւէ ապացույց չունեն»,- եզրակացրեց ամբաստանյալի մայրը:
Նա որոշ հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց գործի մասին. «Այս գործով 70 վկա կա, որից 37 են ներկայացել, եւ ընդամենը երկուսը կապ ունեն այս գործի հետ.«Իսկ, ահա, կալանքի մեջ միայն իմ որդիս է: Պահանջում եմ արդարություն, այսպես շարունակել հնարավոր չէ, ինչքան իմ որդին պետք է ապօրինի կերպով մնա կալանքի տակ: Ինքը հանցագործություն չի կատարել, բացարձակ ապացույց չունեն, ո՞ւմ էր պետք սա, չենք հասկանում»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՈՉ՝ ՆԱԵՎ ԱՆՁՐԵՎԻՆ
Երեկ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չեք անցկացնի» նախաձեռնությունը Ազատության հրապարակում հերթական հանրահավաքն անցկացրեց: Թեեւ անձրեւային վատ եղանակին՝ հանրահավաքի մասնակիցների թիվը քիչ չէր: Այնտեղ էին ՀԱԿ խմբակցության անդամները, «ժառանգություն» կուսակցությունից Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը, «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը, բազմաթիվ ազատամարտիկներ եւ քաղաքացիներ:
«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամներն հանդես եկան ելույթներով, որտեղ նրանք հիմնական շեշտը դրեցին այն բանի վրա, թե նոր Սահմանադրությունը նպաստելու է հակասահմանադրական կարգ հաստատելուն: «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը ելույթի ընթացքում նշեց, որ «Սերժ Սարգսյանն իր վերարտադրության նպատակով ուզում է ծուղակ գցել եւ նոր Սահմանադրության միջոցով կայունացնել եւ վերջնականորեն ամրագրել այս տարիների ընթացքում ձեւավորված միակուսակցության քրեապետության ռեժիմը»: Նրա պնդմամբ նոր Սահմանադրությունն ընդունելու դեպքում ընտրակեղծիքներն ավելի կշատանան, եւ այն կվերածվի ձեւական միջոցառումների: «Ժառանգություն» խմբակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ իր ելույթի ընթացքում, անդրադառնալով իշխանությունների կողմից հնչեցրած տեսակետին, թե ընդդիմությունը միասնական չի գործում, այն համարեց հերյուրանք՝ նշելով. «Սուտ է, որ ընդդիմությունն միասնական չի գործում: Ե՛ւ «Նոր Հայաստանը», ե՛ւ «Չեք անցկացնի» նախաձեռնությունը, ե՛ւ «Ոչ»-ի շարժումը գործում են միասին: Համախմբված աշխատում ենք, անընդհատ իրար հետ կոնսուլտացիաներ ենք անցկացնում»: «Ոչ»-ի քարոզչության շտաբի պետ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ, խոսելով այո-ի ճամբարից, նշեց, որ առաջին հայացքից է թվում, թե այո-ի թիվը մեծ է, քանի որ իրականությունն այլ է: «Այնտեղ է Սերժ Սարգսյանն իր ՀՀԿ թիմով, այնտեղ են այն քաղաքական ուժերը, ովքեր արդեն պայմանավորվել են, որ հանրաքվեի ժամանակ այո-ն պաշտպանելու համար նույն ընտրակեղծարարների ձեռքերով երեւի կստանան ինչ-որ մի տոկոս՝ հաղթահարելով 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ 5 տոկոսի շեմը»,- ասաց ՀՀԿ ղեկավարը: Ելույթների ավարտից հետո «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանն ասաց, որ նախաձեռնությունն շարունակելու է պայքարը:
Մուսախանյանի փոխանցմամբ՝ հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու նոյեմբերի 20-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Հոկտեմբերի 29-ին Պնախարար Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում ԵՄ գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Օհանյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Քննարկումների ընթացքում կարեւորվել է Հայաստանի պետական կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաեւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը Եվրամիության կողմից ցուցաբերվող օժանդակությունը:
ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հրամանով պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի նկատմամբ հարուցվել էր աշխատանքային կարգապահական վարույթ: Դրա համար հիմք էր հանդիսացել լայն քննարկման առիթ դարձած xnews.am լրատվական կայքում 06.07.2015թ. «Փաստաբաններն իրարից հաղթանակնե՞ր են «գողանում»» վերտառությամբ եւ 30.07.2015թ. «Ո՞րն է այն շարժառիթը, որ ստիպում է նախկին ամբաստանյալին պատժել իրեն պաշտպանած հանրային պաշտպանին» վերտառությամբ հոդվածների հրապարակման հետ Հայկ Հակոբյանի առնչությունը ստուգելու անհրաժեշտությունը: Արդյունքում Հակոբյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, նրա նկատմամբ կիրառվել է նկատողություն:
ԿՐԱԿՈՒՄ ԵՆ
Հոկտեմբերի 29-ին եւ լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 մմ ականանետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ
Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ մշակվել է օրենսդրական փոփոխությունների նախագծային փաթեթ, որով առաջարկվում է ներդնել հարկ վճարողների հարկային պարտավորությունների հաշվառման նոր համակարգ՝ ներկայում այդ նպատակով կիրառվող մի քանի տասնյակ գանձապետական հաշիվների փոխարեն կիրառելով ընդամենը մեկ՝ միասնական գանձապետական հաշիվ: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը, անդրադառնալով նորամուծությանը, նշել է, որ փաստաթղթի հիմքում դրված հիմնական սկզբունքն այն է, որ հարկ վճարողների կողմից միասնական գանձապետական հաշվին վճարված գումարները դեռեւս չեն համարվում պետական բյուջեի հարկային եկամուտներ, քանի դեռ հարկ վճարողը չի ներկայացրել հարկային պարտավորություն արտացոլող հարկային հաշվարկ. «Հետեւաբար, հարկ վճարողը մինչեւ հարկային հաշվարկների ներկայացումը կարող է փաստացի տնօրինել իր կողմից միասնական գանձապետական հաշվին վճարված գումարները, այդ թվում՝ հետ ստանալ: Միասնական գանձապետական հաշվի ներդրմամբ կվերանա գերավճարներ կուտակելու հնարավորությունը»:
ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում մասնակցել է գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման կենտրոնի բացմանը: Միջոցառմանը ներկա են եղել նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ֆերմերներ եւ հյուրեր: Նոր մասնագիտացված կենտրոնը հիմնվել է Ագրոբիզնեսի եւ CARD հիմնադրամի, ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում մասնավոր խորհրդատվական ծառայությունների ստեղծում» ծրագրի շրջանակում: Այն համայնքի անասնաբույժներին, ֆերմերներին եւ գյուղատնտեսությամբ զբաղվող անհատներին կտրամադրի տեխնիկական եւ բիզնես օժանդակություն կենդանիների առողջությանը եւ անասնապահությանն առնչվող հարցերում: