«Լուսավոր Հայաստան կուսակցության» տեսլականը հավասար հնարավորություններով և արդիականացված Հայաստանն է, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ։
Անձնավորված քաղաքական պայքարի պայմաններում հեշտությամբ կարելի է չեզոքացնել անձերին: Անձերին չեզոքացնելով` չեզոքացվում են նաև կուսակցությունները: Ինստիտուտների բացակայության պայմաններում, ընդդիմությունը դառնում է խոցելի, իսկ իշխանությունը դառնում է անվերահսկելի: Կուսակցությունը պայքարելու է քաղաքական համակարգում ինստիտուտների կայացման համար՝ քաղաքականության մեջ շեշտը դնելով ինստիտուտների, այլ ոչ թե անձանց վրա:
Հայաստանում դե ֆակտո ստեղծված միակուսակցական համակարգի գլխավոր պատճառներից մեկն այն է, որ մեզ մոտ չի աշխատում աշխարհում հայտնի` քաղաքական ուժերի հավասարակշռման մեխանիզմը: Քաղաքական համակարգում, քաղաքական ուժերը պետք է մեկը մյուսի նկատմամբ փոխզսպման և հավասարակշռման դեր կատարեն` ներկայացնելով այլընտրանքային գաղափարներ, տեսլականներ և ծրագրեր: Կուսակցությունը վստահ է, որ այս կառուցակարգը կբերի նրան, որ իշխանություն ունեցող քաղաքական ուժերը չեն ունենա գաղափարներ ներկայացնելու և պարտադրելու մենաշնորհ:
Կուսակցության ծրագրային խնդիրն է քաղաքական սոցիալականացումը, որի միջոցով հնարավոր կլինի հասարակության անդամների մոտ տարածել քաղաքական գիտելիքները և տեղեկատվությունը՝ նրանցից կերտելով պատասխանատու և իրենց քաղաքական իրավունքների համար պայքարող քաղաքացիներ:
Իր ծրագրերը կենսագործելու համար Կուսակցությունըպետք է դառնա ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, եվրոպական մոդելի պետության, քաղաքական սերնդափոխությանապահովման, քաղաքականությունը մարդկանց հասանելի դարձնելու և հայկական մշակույթի ու քաղաքակրթության զարգացման գործընթացների ջահակիրը:
Հայ քաղաքական միտքը, մինչև այսօր չի յուրացրել լուսավորականության գաղափարները, որոնց վրա հիմնված է ժամանակակից քաղաքակիրթ աշխարհը: Մեր նպատակն է` լուսավորականության հիմնարար գաղափարները տարածել և արմատավորել հայ քաղաքական մտքի և հասարակության մեջ: Լուսավոր Հայաստանը լուսավորական գաղափարների և արժեքների կրողն է Հայաստանի քաղաքական դաշտում: