Դերասանուհի Ելենա Բորիսենկոյի երկրպագուներն առաջիկայում ուրախանալու կրկնակի առիթ կունենան. նոյեմբերին կկայանա նրա մասնակցությամբ «Որոգայթ», իսկ դեկտեմբերին` «Արամմա» ֆիլմերի պրեմիերաները:
««Որոգայթ» ֆիլմում ես խաղացել եմ գլխավոր դերակատարի կնոջ դերը: Իմ կերպարի ասելիքն այս ֆիլմում բավական շատ էր: Երբ խոսվում է ֆիլմի մասին, մարդկանց թվում է, թե նույնանուն սերիալը վերածվել է կինոնկարի, այնինչ պահպանվել է միայն հիմքը: Ֆիլմը երկու ժամանակագրական գիծ ունի` գլխավոր հերոսի երիտասարդությունն ու ներկան: Ներկան ու անցյալն այստեղ գալիս եւ միքսվում են»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Ելենան: Ի դեպ, «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմի ռեժիսորը Ռոման Մուշեղյանն է:
Իսկ, ահա, երկրորդ ֆիլմը, որում հանդես է գալու դերասանուհին, շատ է տարբերվում առաջինից: «Արամմա»-ն արկածային կինոկատակերգություն է, որի ռեժիսորը Կարեն Բաբաջանյանն է: Այն մի տղայի եւ վայրի ցեղից մի աղջկա սիրո պատմություն է` ուղեկցվող զվարճալի իրադարձություններով: «Այստեղ ես խաղացել եմ աբորիգենի դեր, գլխավոր հերոսուհու մոր կերպարը, ով միանգամից նկատում է , թե ինչ է կատարվում հերոսի ու իր դստեր միջեւ: Սա ժանրային առումով ինձ համար նորություն էր, ես արեցի բաներ, որ երբեւիցե չէի արել (ծիծաղում է): Ֆիլմում մենք խոսում ենք նոր պայմանական լեզվով, որը նմանեցրել ենք հայերենին, որպեսզի այն հասկանալի լինի լսարանին: «Արամմա»-ն նկարահանվել է Լաստիվերում, մենք շուրջ 15 օր ապրել ենք այնտեղ: Ցուրտ էր, լույս չկար… Շատ խոչընդոտներ ենք հաղթահարել: Սկզբում մենք մտածում էինք` ինչպես անենք, որ աբորիգենների պես կեղտոտենք մեր եղունգները, իսկ վերջում արդեն չգիտեինք, թե ինչպես մաքրվեինք դրանից»,-պատմեց Ելենան` հավելելով, որ ուրախ է էքսպերիմենտի դիմելու համար:
Նշենք, որ նոր ֆիլմում նկարահանվել են նաեւ Գոռ Հակոբյանը, Անդրանիկ Հարությունյանը, Մարիամ Ադամյանը, Ժաննա Բուտուլյանը, Արթուր Մանուկյանը, Արսեն Օհանջանյանը, ինչպես նաեւ` Ինդիրա Ռեյեսը՝ Կուբայից:
Ի դեպ, Ելենան իր մասնակցությունն ունի նաեւ «Սահմանին» նոր բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմում եւ շարունակում է խաղալ «Ուրիշի հոգին» սերիալում:
Աննա Բաբաջանյան