ԼՂ շուրջ ինչ-որ կարևոր մի բան է կատարվում, որին հակազդելու ՀՀ շանսերը շատ փոքր են. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ Մոսկվայում Արցախի օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել ցնցող հայտարարությամբ.«Արցախը պատրաստակամ է մասնակցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարին, այն բանից հետո, երբ Ստեփանակերտի օդանավակայանը հանձնվի շահագործման, Ղարաբաղը պատրաստ կլինի քննարկել Ռուսաստանի հետ այս ենթակառուցվածքի օգտագործման շուրջ համագործակցության հարցը»: Համենայնդեպս, ԼՂՀ նախագահի խոսքերի հենց այսպիսի մեջբերում է ներկայացրել «Ռեգնում» լրատվական գործակալությունը, որտեղ էլ անցկացվել է մամլո ասուլիսը: Սա, ըստ էության, շրջադարձային հայտարարություն է, եւ եթե այն ներկայացված է առանց խեղաթյուրման եւ հանդիսանում է ԼՂՀ իշխանությունների պաշտոնական տեսակետը, ապա նշանակում է, որ ԼՂ հակամարտության հարցում տեղի են ունենում բեկումնային զարգացումներ, որոնք թեեւ առայժմ ամբողջովին տեսանելի չեն հանրությանը, սակայն դրանց արձագանքը երկար սպասեցնել չի տա:

Այսպիսով` ինչ է երեկ ասել Բ. Սահակյանը: Մի կողմից կարող է թվալ, թե միջազգային ահաբեկչության դեմ պայքարի պատրաստակամության քողի տակ նա փորձել է հող նախապատրաստել Ստեփանակերտի օդանավակայանի դե ֆակտո գործարկման համար, ինչը որերորդ տարին է` ձգձգվում է` տեխնիկական համալրման եւ անպատրաստ լինելու արդեն զավեշտալի պատճառաբանությամբ: Իրականում բոլորի համար էլ պարզ է, որ օդանավակայանի զինումը ամենավերջին սարքավորումներով եւ շարժակազմով վաղուց արդեն ավարտված է, եւ այն չգործարկելու միակ պատճառը ադրբեջանական սպառնալիքներն են` ԼՂ-ից թռչող օդանավերի խոցման վերաբերյալ:

Մյուս կողմից ՌԴ-ին առաջարկելով օգտագործել Ստեփանակերտի օդանավակայանը՝ Բ. Սահակյանն, ըստ էության, Պուտինի առջեւ բացում է ԼՂՀ տարածքը, ով իրեն ցանկալի պահին հակաահաբեկչական օպերացիաների իրագործման նպատակով Ստեփանակետի օդանավակայանը պարզապես կարող է վերածել ռուսական օդուժի ռազմաբազայի:

Արդոք ԼՂ-ի նախագահի այս հայտարարությունը համաձայնեցված է եղել ՀՀ իշխանությունների հետ, թե այդքան էլ անհիմն չեն լուրերն այն մասին, որ Բ. Սահակյանը վերջին շրջանում բավականին ուղիղ շփումների մեջ է ռուսական իշխանական թեւերից մեկի հետ եւ սկսել է դրսեւորել չափից ավելի ինքնուրույն վարքագիծ, այս պահին դժվար է միանշանակ ասել: Սակայն այն, որ վերջին օրերին նաեւ ՀՀ-ում են ընթանում շատ կարեւոր եւ միեւնույն ժամանակ մտահոգիչ զարգացումներ, ակնհայտ է:

Թե՛ Ս. Լավրովի վերջին այցի շուրջ այս ամբողջ լրատվական արտահոսքերը, թե՛ դրանց հետեւած աննախադեպ արձագանքը՝ իշխանական տարբեր մակարդակներից, ընդ որում` ե՛ւ հայկական, ե՛ւ ռուսական կողմերից (երեկ տարածքների վերադարձի մասին խոսակցությունները հերքել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը, ինչպես նաեւ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը), ցույց են տալիս, որ իրականում ԼՂ-ի շուրջ ինչ-որ կարեւոր մի բան է կատարվում, որին հակազդելու՝ ՀՀ-ի շանսերը շատ փոքր են:




Լրահոս