Գայլերի հարձակումներն առաջիկայում կշատանան. խնդրի լուծումը նրանց ոչնչացո՞ւմն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի լեռնային եւ անտառամերձ գյուղերում անասունների վրա գայլերի հարձակումները նորություն չեն: Այս խնդրի լուծումը կառավարությունը տեսնում է գայլերի ոչնչացման միջոցով, մինչդեռ բնապահպանները դա համարում են անթույլատրելի եւ վտանգավոր մոտեցում:
Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարությունը բնապահպանության նախարարությանը նախորդ տարի հատկացրել էր 20 մլն դրամ` գայլերին սպանելու համար: Գումարը նախատեսված էր 200 գայլի համար` յուրաքանչյուր սպանված գայլի համար 100 հազար դրամ պարգեւավճարի հաշվարկով:

Վերջին շրջանում ՀՀ գյուղերում գայլերի հարձակման դեպքերը կարելի է անվերջ թվարկել: Օրինակ՝ այս տարվա մայիսին Լոռու մարզի Բազում գյուղի գերեզմանատանը հարակից հանդամասում գայլերը հարձակվել եւ հոշոտել էին 4 հորթ: Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում հունիսին գայլերը գյուղի բնակիչներից մեկի անասնագոմում 10 ոչխար էին հոշոտել, իսկ 4-ին՝ բզկտել: Այս տարվա հունիսին գայլերը հոշոտել էին Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչներից մեկի 62 ոչխարը: Իսկ Լոռու մարզի Կողեսի բնակիչներից մեկին պատկանող 80 ոչխարից գայլերը 10-ը կերել էին, 10-ին` հոշոտել:

Մոտ օրերս էլ Լոռու մարզի Վահագնի գյուղում գայլը հոշոտել է կաթնատու մեկ կով: Վահագնիի գյուղապետ Պետրոս Քոչինյանի պատմելով՝ այս ամիսներին հաճախակիացել են գայլերի հարձակումները: «Անասունը սատկեց մենք էլ դեն գցեցինք: Որսորդական հրացան էլ չունենք, որ կրակենք»,- ներկայացրեց գյուղապետ Քոչինյանը: Նրա խոսքերով, գայլերի հարձակումից տուժած գյուղացիներին ո՛չ համայնքապետարանը, ո՛չ մարզապետարանը եւ ո՛չ էլ կառավարությունը երբեւէ չեն փոխհատուցել: Այնինչ` գյուղացիները չեն կարող պաշտպանել իրենց անասունը գայլերի հարձակումից, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ դրանք ոչ միայն հանդերում են հարձակվում անասունների վրա, այլեւ մտնում են գյուղ` սողոսկելով անգամ տների բակեր եւ անասնագոմեր: Գյուղապետը հայտնեց, որ վերջերս գյուղացու հենց տան բակում գայլը հարձակվել էր էշի վրա եւ վերջինիս հոշոտել: Նմանօրինակ մի դեպք էլ նախօրեին տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի հանդամասում, որտեղ գայլը հոշոտել է մեկ ոչխար: Եթե հովիվը չլիներ, ապա գայլը կհոշոտեր մեծ թվով ոչխարներ:

Մասնագետների խոսքերով, երբ ձյան պատճառով կերի բացակայություն կա, գայլերն ակտիվ հարձակվում են մարդկանց վրա, դեկտեմբեր-հունվար հատվածը նրանց բեղմնավորման շրջանն է, արուները շատ ակտիվ են դառնում, էգերի զուգավորման եւ էգին տիրանալու խնդիր կա, մինչեւ ապրիլը վտանգավոր շրջան է համարվում: Իսկ հիմնական թիրախային վայրերն են Վայոց Ձորի, Սյունիքի, Արագածոտնի մարզերը:
Բնապահպան Սիլվա Ադամյանի կարծիքով՝ գայլերին ոչ թե պետք է ոչնչացնել, այլ պարզել պատճառը, թե ինչու են նրանք ակտիվացել: Ըստ բնապահպանի՝ գայլերը բնության սանիտարներն են. նրանք ոչնչացնում են թույլ եւ հիվանդ կենդանիներին: «Այդ գիշատիչ կենդանիները պետք է որսը փնտրեն այնտեղ, որտեղ այն կա: Նրանց սնունդն է պակասել, այդ իսկ պատճառով ակտիվացել են: Բացի այս, գայլերն ունեն բնազդ. ինչքան իրենց վրա կրակում են, այնքան ավելի շատ են բազմանում: Դրա հետ մեկտեղ չունեն կենսամիջավայր: Այն քանդված է, չունեն տեղ, որտեղ կարող են կերակրվել»,- բացատրեց բնապահպանը: Ըստ նրա՝ կառավարության մոտեցումը՝ յուրաքանչյուր սպանված գայլի համար 100 հազար դրամ պարգեւավճար տալը, ճիշտ քայլ չէ խնդիրը կարգավորելու համար:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը մշակում է մի ծրագիր, որով պետք է փորձի սահմանափակել այն կենդանիների որսը, որոնք հանդիսանում են գայլերի կերը: Այս նախագիծը ներկայացված է ՀՀ կառավարություն, սակայն դեռ հաստատված չէ:

Ըստ Սիլվա Ադամյանի՝ սա ճիշտ մոտեցում է. «Այդ կենդանիների թվում են, օրինակ, նապաստակը, վարազը: Հենց սրանց որսը պետք է սահմանափակել, որպեսզի գայլերը անտառում կեր ունենան: Չէ որ որսագողությունը Հայաստանում շատ զարգացած է: Հիմա գյուղացին էլ է հասկացել, որ կրակելով բացարձակ ոչինչ չի փոխվում: Ես ձեզ վստահեցնում եմ, որ գայլերի հարձակումները դեռ կշատանան այնքան ժամանակ, մինչեւ այս կառավարությունը չհասկանա, որ սխալ ուղու վրա է»:
Մեր զրուցակիցը նույնպես ահազանգեր է ստանում գայլերի հարձակումների վերաբերյալ: Երբեմն պատահում է, որ ահազանգերը լինում են այն գյուղերից, որտեղ երբեւէ գայլերի հարձակման դեպքեր չեն գրանցվել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս