«Ես բացում եմ փակագծերը». Իսոն մտավախություն ունի. ինչու ինքնասպան եղավ Թևոսիկի եղբոր սպանության գործով վկան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց քրեական հեղինակություն համարվող Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի գործով դատական նիստը:

Նիստին հարցաքննվեց դատակոչված երկու վկա՝ Արտաշ Սարուխանյանն ու Կլարա Հայրապետյանը: Վերջինս հայտնեց, որ սպանվածի հարևանուհին էր, ամբաստանյալին չի ճանաչում: Դեպքի օրը՝ կեսգիշերին, կրակոցի ձայներ է լսել, ապա տեսել՝ ինչպես են հարևանները շտապում շենքի բակ, որտեղից էլ տարել են Արթուր Սաֆարյանի դին: Այլ հանգամանքների վկան չի տիրապետել և մինչ օրս ոչինչ չգիտի:

Մյուս վկան՝ Արտաշ Սարուխանյանը ևս Իսրայել Սարգսյանին չէր ճանաչում: գործնական հարաբերությունների մեջ է եղել անհետ կորած, գործով սպանված համարվող Մովսես Ներսիսյանի հետ, սակայն չի իմացել նա որտեղ է աշխատում, ինչով է զբաղվում:

Ապա նախագահողը հայտնեց, որ մի քանի այլ վկաներ, որոնք պատշաճ ծանուցվել են ինչ-ինչ պատճառներով չեն ներկայացել դատարան, ինչի մասին հայտնել են նախապես:

Սրանից հետո հայտարարությամբ հանդես եկավ Իսրայել Սարգսյանը՝ ասելով, որ արդեն 9 ամիս քննվող գործի շրջանակներում 87 վկաներից գոնե կեսը չեն հարցաքննվել: Նրա խոսքով՝ քննության արհեստական ձգձգումը ինչ-որ մեկի պատվերն է. «Ես կբացեմ փակագծերը: 9 ամիս է՝ դատաքննություն է ընթանում: Բոլոր վկաներն այս կարգի են՝ ոչինչ չեն լսել, ոչինչ չեն տեսել: Նպատակը միտումնավոր դատական պրոցեսը երկարաձգելն է: Ունենք վկաներ, որոնք գործի համար էական նշանակություն կարող են ունենալ, բայց նրանք չկան, չեն երևում: Էդգար Միքայելյանը իմ հարազատն էր, մտերիմը, ՊՆ գնդապետ: Նրան գտնում են իր տան բակում ծիրանի ծառից կախված: Ինքն էդ մարդը չէր, որ կախվեր, որևէ խնդիր չուներ: Նրան ԱԱԾ-ն ձերբակալեց, տարավ КГБ-ի պադվալ: Ասել են՝ Իսոն քեզ զանգել, հարցրել է՝ եթե մեր գյուղի կալոդեցը մարդ գցեն, ինչ կլինի: Այո՛, ես զանգել եմ, ասել եմ: Քննիչը ճնշում է գործադրել, ասել է, որ այդ նույն բառերը Էդգարը ցուցմունքում գրի: Հիմա ես ի՞նչ իմանամ, որ մյուս կարևոր վկաներն էլ չեն անհետանա: Դատախազին բողոք էր գրել, որ իր նկատմամբ ճնշում է գործադրվում, բայց ընթացք չի տրվել»:

Սրան ի պատասխան՝ դատավոր Ա. Բեկթաշյանը նկատեց, որ նիստերն արհեստական չեն հետաձգվում, դրանք պատճառաբանված են, ինչին Իսոն պատասխանեց. «2 ամիս է՝ ձգձվում է. մի օր մեղադրողը չկա, մի օր՝ Դուք: Ի՞նչն է խանգարում վկաներին բերման ենթարկել: Դեռ 57 վկա պետք է հարցաքննվի: Սրա համար 1 տարի է պետք: Ես չեմ ուզում ուրիշի փոխարեն այստեղ նստեմ: Արթուրն իմ ընկերն է եղել, ես նրա հանդեպ երբեք էդ քայլը չէի անի, ու երբեք էլ չեմ ընդունելու մեղադրանքը: Ինչ-որ մեկն իրա ֆանտազիային զոռ է տվել, ձայնագրություններ է տվել…»:

Նշենք, որ ինքասպան եղած զինվորականը սեպտեմբերի 24-ին Քանաքեռավանում գտնվող իր տան բակում ծառից կախված հայտնաբերված` «Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին տնօրեն 38-ամյա Էդգար Միքայելյանն էր:

Այսպիսով՝ դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 1-ը:

Հիշեցնենք, որ սպանությունը, որի շրջանակներում կալանավորվել է Սարգսյանը, տեղի է ունեցել 2014թ հունվարի 27-ին, իսկ այս տարվա հունվարից Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է դատավարությունը:

edgar-miqayelyan
Էդգար Միքայելյանը

Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս