Նոյեմբերի 15-ին «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում անցկացվել է «Փողկապ և քամի» հեծանվաերթը: Միջոցառումը կազմակերպվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի համատեղ նախաձեռնությամբ։ Ինչպես փառատոնի ծրագրում ներառված մյուս միջոցառումները, «Փողկապ և քամին» նույնպես իրականացվել է հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ։
Ազատության հրապարակից պաշտոնական հագուստով ավելի քան 60 հեծանվորդներ հեծանվաերթով անցել են Երևան քաղաքի կենտրոնական փողոցներով։ Արշավը նպատակ է ունեցել հանրային ուշադրությունը հրավիրել օդի աղտոտվածության, խոշոր համայնքները մեքենաներով ծանրաբեռնելու աճող միտման խնդրին, և այդ համատեքստում ընդգծել քաղաքներում հեծանվային մշակույթի ներդման կարևորությունը:
Հեծանվարշավին մասնակցել են պետական, հասարակական, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ և պարզապես գաղափարը սատարող քաղաքացիներ:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, «Արևորդի» բնապահպանական փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը երթին մասնակցել է էլեկտրական շարժիչ ունեցող հեծանվով, որը փորձարկում է արդեն մեկ տարի: «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն արդեն իսկ ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակում սկսել է քաղաքային երթևեկությունում էլեկտրական հեծանիվների ներդրմանն ուղղված «Կանաչ շարժունակություն» նախագծի իրականացումը», – ասել է Ռուբեն Խաչատրյանը։
Միջոցառման լրատվական լուսաբանումը կարող եք դիտել այսօր` հեռուստաընկերությունների երեկոյան լուրերի թողարկումներում:
ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես: