Գետափնյայում հնչած կրակոցների հետքերով. ի՞նչ կապ ունի գազալցակայանի հետ Գագիկ Հարությունյանի որդին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ նոյեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 04:30-ի սահմաններում, Արարատի մարզի Գետափնյա համայնքի գազալցակայանում կրակոցներ են հնչել: ArmLur.am-ի նկարահանող խումբը շտապեց դեպքի վայր:

Պարզեցինք, որ դեպքի ժամանակ հերթապահող 3 աշխատակիցները, ինչպես նաև գազալցակայանի տնօրենը, գտնվում են Ոստիկանության Մասիսի բաժնում: Մեզ հաջողվեց զրուցել հերթափոխի մյուս աշխատակիցների հետ, ովքեր արտահերթ կարգով պետք է փոխարինեին կրակոցների կիզակետում հայտնված իրենց գործընկերներին: Աշխատակիցներից Արթուրը պատմեց, որ վաղ առավոտյան իրենց միայն հայտնի է դարձել, որ հարձակում իրականացնողը դիմակավորված է եղել:

Բարեբախտաբար, վիրավորներ չկան, սակայն տուժել է գազալցակայանի գույքը: Բնակիչները ևս դեպքի մասին մանրամասների չէին տիրապետում, կրակոցների ձայներ չէին լսել, սակայն գիտեն, որ անծանոթների կողմից ներխուժումը գազալցակայան գողության նպատակ է հետապնդել:

Տարածքում լուրեր են շրջանառվում, թե իրականում ավազակները մի քանի հոգով են եղել, բոլորն էլ` դիմակավորված: Նրանցից խոսել է միայն մեկը, ում էլ աշխատակիցները լսել են:  Ի դեպ, նախկին աշխատակցուհիներից մեկը հայտնեց, որ իր հավաստի տեղեկություններով՝ գազալցակայանը պատկանում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի որդուն՝ Սուրեն Հարությունյանին:

Այժմ մնում է սպասել, թե ինչ կպարզի քննությունը, և իրականում ինչն էր դիմակավորված անձանց բերել գազալցակայան:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Տաթև Հարությունյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս