Էդվարդ Նալբանդյանն ուշացումով արձագանքեց ԵԽԽՎ խայտառակ զեկույցին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱԺ-ում մասնակցել է փակ քննարկման` ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումների եւ գլխավորապես ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ընդունված եւ արդեն իսկ Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգ ներառված Ռ. Ուոլթերի հեղինակած հակահայկական զեկույցի կապակցությամբ: «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» խայտառակ անվանմամբ եւ էլ ավելի խայտառակ բովանդակությամբ այդ զեկույցի պատրաստման հարցը, ինչպես հայտնի է, դեռեւս անցած տարվա ապրիլից դարձավ համապատասխան հանձնաժողովի քննարկման առարկա: Համենայնդեպս, արդեն այդ ժամանակ հայկական մամուլում մեր պատվիրակության որոշ անդամներ բարձրաձայնեցին իրենց մտահոգությունների մասին: Հաջորդող ողջ ժամանակահատվածում ո՛չ հայկական, ո՛չ էլ ղարաբաղյան դիվանագիտական խողովակներով գործուն ջանքեր չգործադրվեցին այս վերահաս վտանգը կանխելու ուղղությամբ:

Ավելին` ժամանակ առ ժամանակ մամուլում բարձրաձայնվող մտահոգություններին ի պատասխան` համապատասխան պաշտոնյաները հայտարարում էին, թե այդ զեկույցը նախ` չի ընդունվի, ապա` եթե անգամ ընդունվի էլ, որեւէ իրավական հետեւանք չի կարող ունենալ: Զեկույցի ընդունումից օրեր առաջ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը պնդում էր, որ այդ զեկույցը մնալու է ԵԽԽՎ արխիվներում եւ կորելու է փոշու մեջ, իսկ դրա մասին, բացի ադրբեջանցիներից, ուրիշ որեւէ մեկը չի հիշելու: Սակայն արդեն զեկույցի ընդունումից հետո տեսանք, որ հայկական դիվանագիտական կորպուսը «խառնվեց իրար», եւ ԵԱՀԿ Միսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի, ապա` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները հենց այնպես չարվեցին: Այստեղ, ինչպես միշտ, ուշացումով հասկացան, որ ԵԽԽՎ կողմից զեկույցի ընդունումը կարող է շատ վտանգավոր քաղաքական հետեւանքներ ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի համար:

Զեկույցով, հիշեցնենք, ի թիվս այլ խայտառակ պնդումների, նաեւ կոչ է արվում ՀՀ-ին «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից եւ հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանություն»: Եւ հիմա ՀՀ-ի ԱԳՆ-ն եւ մեր խորհրդարանական պատվիրակությունը փորձում են հասկանալ, թե որոնք պետք է լինեն իրենց հակաքայլերը, արդյոք կա շանս կանխելու զեկույցի ընդունումը եւ եթե ոչ, ինչ պետք է անել այդ դեպքում: Արդեն իսկ խոսվում է վատագույն տարբերակում ԵԽԽՎ աշխատանքները բոյկոտելու մասին: Իհարկե, լավ է, որ թեկուզ ուշացումով, բայց մեր ԱԳՆ-ում որոշել են տեղից շարժվել եւ ինչ-որ քայլեր անել, սակայն կասկածից դուրս է, որ առանց արդեն իսկ առկա ձախողման պատասխանատուներին գործընթացից հեռացնելու եւ միանգամայն նոր ուժերի ներգրավման հաջողության որեւէ շանս չի կարող լինել:




Լրահոս