Սահմանադրական հանրաքվեին հաշված օրեր են մնացել, իսկ Սերժ Սարգսյանն իր իսկ նախաձեռնած փաստաթղթի մասին այդպես էլ ոչինչ չի ասել. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական հանրաքվեին մնացել է երկու շաբաթ ժամանակ, սակայն մինչ օրս իր իսկ նախաձեռնած փաստաթղթի մասին այդպես էլ ոչինչ չի ասել Սերժ Սարգսյանը: Իհարկե, դեռ հարց է, թե նրա կողմից որեւէ նախագծի օգտին հրապարակավ հանդես գալը որքանով կնպաստի այդ նախագծի հաջողությանը, եւ արդյոք դա չի ունենա հակառակ ազդեցությունը` վերջնականապես տապալելով այն: Համենայնդեպս, սահմանադրական փոփոխություններին ոչ ասողների հիմնական հույսը հենց այն է, որ ժողովրդի գերակշիռ մասը այս նախագծին ոչ է ասելու միայն այն բանի համար, որ դա Ս. Սարգսյանի նախաձեռնությունն է:

Սակայն բավականին տարօրինակ կարող է գնահատվել այդ տեւական լռությունը, եթե Սարգսյանն, ի վերջո, գոնե ամփոփիչ փուլում չասի իր վերջնական խոսքը: Մինչեւ երեկ ընդհանրապես հայտնի չէր, թե արդյոք Սարգսյանը որեւէ ձեւով իր մասնակցությունը կունենա այո-ի քարոզչությանը: Երեկ, սակայն, այո-ի շտաբի տեղակալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ազատությանը» փոխանցել է, որ դեկտեմբերի սկզբին Ս. Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների թեմայով հանդես կգա հեռուստատեսությամբ։ Նա սակայն չի հստակեցրել, թե դա ինչ ձեւաչափով կլինի` նշելով. «Կարող է՝ ընդհանուր լրատվականների ինչ-որ ձեւաչափով ասուլիս լինի»:

Առհասարակ, մինչ օրս չի տրվել որեւէ հստակ պարզաբանում, թե, ի վերջո, ինչով է պայմանավորված Սարգսյանի` քարոզչական գործընթացին չմասնակցելու որոշումը: Ընդդիմության գնահատմամբ` իրեն դուրս դնելով այդ ամենից` Սարգսյանը այդպիսով փորձում է իրեն ձերբազատել սահմանադրական հանրաքվեի առաջիկա հնարավոր (իսկ ընդդիմության պնդմամբ` անխուսափելի) ձախողումից: Ասել է թե` Սարգսյանը չի ցանկանում, որ նոր Սահմանադրության տապալումն ընկալվի որպես իր անձնական տապալում, եւ ինչպես ընդդիմությունն է ասում` սահմանադրական հանրաքվեն վերածվի Ս. Սարգսյանի իշխանության վստահության հանրաքվեի:

ՀՀԿ-ականները, սակայն, պնդում են, թե Ս. Սագսյանի` քարոզչական գործընթացներին չմասնակցելը պայմանավորված է բացառապես վերջինիս որոշմամբ` իր անձով որեւէ կերպ չազդելու եւ չուղղորդելու քաղաքական, տնտեսական եւ վարչական շրջանակներին` գործընթացի ելքը թողնելով բացառապես ՀՀ քաղաքացիների օբյեկտիվ կամարտահայտությանը: Իշխանական այս պնդումները, սակայն, որեւէ քննադատության չեն դիմանում, քանի որ նույն Սերժ Սարգսյանը 2012թ-ին միանգամայն հանգիստ կերպով, զբաղեցնելով հանդերձ ՀՀ նախագահի պաշտոնը, միանձնյա տարավ Հանրապետական կուսակցության ողջ քարոզարշավը` դույզն-ինչ չմտահոգվելով դրանով պաշտոնեական դիրքի չարաշահում թույլ տալու եւ խորհրդարանական ընտրությունների ելքի վրա ազդելու մասին:
Ուստի այս իրավիճակում առավել արժանահավատ է թվում ընդդիմության տարբերակը, եւ Ս. Սարգսյանի առաջիկա խոսքն էլ, ըստ ամենայնի, կլինի չափավոր քարոզչական շեշտադրումների շրջանակում:




Լրահոս