Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը արտաքին լուսավորության նոր նախագիծն են իրականացրել` համայնքային զարգացմանն ուղղված «Այլընտրանքային էներգիա» համատեղ ծրագրի շրջանակում: Այս անգամ լուսավորության 37 կետից բաղկացած լուսադիոդային (LED) համակարգ է տեղադրվել Վայոց Ձորի մարզի Գնիշիկ և Մոզրով գյուղերում, որոնք գտնվում են Նախիջևանի սահմանից մոտ 1 կմ հեռավորության վրա:
Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Գնիշիկ համայնքի ղեկավար Արա Լևոնյանը, համայնքի բնակիչներ:
Գնիշիկ համայնքը՝ բաղկացած Մոզրով և Գնիշիկ գյուղերից, ունի մոտ 250 բնակիչ: Համայնքը հատկապես հայտնի է իր կարևոր պատմամշակութային արժեքներով և հարուստ բնությամբ: Այստեղ հայտնաբերվել են 4-5-րդ դարերի խաչքարեր, մատուռներ, դամբարաններ, բազմաթիվ քարանձավներ, եկեղեցիներ՝ կառուցված 9-13-րդ դարերում: Շրջակայքի յուրահատուկ աշխարհագրական դիրքը նպաստել է բուսական և կենդանական աշխարհի ձևավորմանը, որն իր ինքնատիպությամբ առանձնահատուկ ուշադրության է արժանի` համալրելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգը: Շրջակա տարածքը միջանցք է Կարմիր գրքում գրանցված այնպիսի կենդանատեսակների համար, ինչպիսիք են հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, գորշ արջը, լուսանը, կովկասյան հովազը:
Չնայած տեղանքի կարևորությանը` որպես զբոսաշրջության և մշակութային կենտրոն, համայնքի մի մասը երբեք չի ունեցել արտաքին լուսավորություն, իսկ մյուս մասը՝ գրեթե 30 տարի: Ծրագրի շնորհիվ համայնքի բնակելի հատվածը գրեթե ամբողջությամբ ապահովվել է լուսավորության համակարգով:
Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսավորությունը 80%-ով կնվազեցնի էներգիայի ծախսը: Ամռանը փողոցը լուսավորված կլինի 22:00-ից մինչև 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:30-ից մինչև 00:00-ն: Տոնական օրերին՝ լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: LED լամպերն արդյունավետ են, դիմացկուն և կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել, քան սովորական էլեկտրական լամպերը:
«Փողոցային լուսավորությունն առանցքային ենթակառուցվածք է, համայնքային կյանքի անհրաժեշտ նախապայման, որից տեղում ռեսուրսների անբավարար լինելու հետևանքով ամբողջությամբ զուրկ են բազմաթիվ գյուղեր: Փողոցային լուսավորություն ունենալը շռայլություն է դարձել: Մենք ցանկանում ենք, որ գյուղաբնակ մեր հայրենակիցները գիշերային ժամերին ևս ապահով զգան տանից դուրս գտնվելիս: Լուսադիոդային լամպերը զգալիորեն նվազեցնում են փողոցային լուսավորության ծախսերը, հետևաբար նաև՝ թեթևացնում համայնքային բյուջեի վրա դրվող ֆինանսական բեռը: Խնայված միջոցները կարող են օգտագործվել գյուղի համար ավելի կարևոր ծախսերը հոգալու համար»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մեկ համայնքում միավորված Մոզրով և Գնիշիկ գյուղերը մշտապես եղել են ընկերության ուշադրության կենտրոնում: Ի հեճուկս ներդրումների վերադարձելիության սկզբունքին, 2013 թվականին այս նոսր բնակեցված գյուղերի մոտակայքում տեղակայվել է 3G բազային կայան, որպեսզի այս և հարակից գյուղերին հնարավորություն տրվի օգտվելու 3G ծառայություններից: Գյուղի դպրոցն ապահովվել էր բարձր արագության 3G/Wi-Fi ինտերնետ հասանելիությամբ, որն առ այսօր տրամադրվում է անվճար հիմունքներով:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը չափազանց կարևոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության, էներգախնայողության բարձրացման և համայնքային զարգացման:
ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես: