Դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչությունը յուրօրինակ միջավայրում է ծավալվում: Սերժ Սարգսյանի նախաձեռնությունն ամեն գնով պաշտպանելու համար ՀՀԿ-ականները երբեմն այնպիսի հիմնավորումներ են ներկայացնում, որ հաճախ իրենք են հայտնվում ծիծաղելի իրավիճակում:
Երեկ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով քաղաքացիներին բաժանված քարոզչական ուղղորդող թերթիկների մասին, որոնց վրա գրված է` «Ասա այո», այսպիսի միտք է հայտնել. «Քարոզչությունը եւ իրազեկումը շաղկապված են իրար, որովհետեւ իսկապես սա անում է մեկ այո-ի կարծիքի կողմնակիցները, իսկ ոչ-ի շտաբի ներկայացուցիչները կարող են այլ ձեւ անել… Մարդիկ կարող են վերցնել «Ասա այո»-ի քարոզչական բուկլետը, բաց թողնել առաջին էջը եւ կարդալ մնացածը, որպեսզի անկողմնակալ լինի»:
Տիկին Նաղդալյանն, այսպիսով, չի տարբերում քարոզչությունը իրազեկումից: Եւ երբ իր խոսքի հաջորդ մասում նա ասում է, թե քարոզարշավի համար կազմակերպված «ռեալիթի շոուն նոր մի մշակույթ է, որը նախկինում մենք չենք ունեցել: Արժի, որ արմատավորվի», ամենեւին էլ զարմանալի չէ: Նրա համար գյուղական համայնքներում ինքնադրսեւորվելու փորձեր անող քարոզիչների ախորժակով ուտելու գործընթացն ու ընտրողների հետ դու-ով խոսելու կուլտուրան նոր քաղաքական մշակույթ է: Ըստ Նաղդալյանի. «Մեր մոտ քարոզչությունը աղմուկ-աղաղակ է լինում, անհանգիստ միջավայր է լինում… Հիմա գալիս ենք ավելի ցիվիլ ընտրարշավի»: Ցիվիլն էլ, փաստորեն, Վարդան Այվազյանի կենցաղային բառապաշարով ներկայացված զեղումներն են:
Բայց Նաղդալյանի հիմնավորումներից, թերեւս, ամենատպավորիչն այն է, որ նա գտել է մեր երկրում տարիներ շարունակ եղած «այն թնջուկներից մեկը, որը մենք ցանկանում ենք փոխել: Քաղաքացին ոչ թե գիտի` ում մեղադրի, այլ գիտի մի բան, անկախ նրանից` խնդիրն ում հետ է կապված, մեկ մարդու պետք է մեղադրի` երկրի նախագահին: Եթե խնդիրը ձախողված է դատարանում, մարզպետարանում, պետական կառավարման այլ ատյանում, վատ կառավարման է հանդիպել, այդ ամեն ինչի համար պատասխան տվողը նախագահն է. սրա մեջ կա անարդարություն եւ վատ կառավարման տարրեր, որը տարածվում է որպես պատասխանատվություն»:
Այսպիսով, այն, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները տարիներ շարունակ անգամ խոսելու համար Ս. Սարգսյանի «դաբրոյին» են սպասել, անտարբեր ու անփույթ են եղել` զուրկ նախաձեռնության հակումներից, իրենց աշխատանքի լրջությունը գիտակցելու կարողությունից, մեղավորը ՀՀ Սահմանադրությունն է: Ու եթե այս մթնոլորտում ՀՀ Սահմանադրության նախագիծը ստանա մեծամասնության այո-ն, մենք երկրում ունենալու ենք կոլեկտիվ անպատասխանատվություն: