ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է.
«Խորապես վշտացած եմ ժողովրդական արտիստուհի, տաղանդավոր դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ:
Վարդուհի Վարդերեսյանի կյանքն իսկական նվիրում էր մշակույթին, մասնավորապես թատրոնին ու կինոյին, որտեղ խաղացած բազում անկրկնելի դերերով ու կերպարների ինքնատիպ մարմնավորումով նա զարգացրեց հայկական դերասանական արվեստի լավագույն ավանդույթները:
Նա լուսավոր անհատականություն էր թե կյանքում, թե բեմում. այդպիսին էլ կմնա իրեն ճանաչողների հիշողության մեջ:
Կորստի այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում եմ Վարդուհի Վարդերեսյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու նրա արվեստի մեծաթիվ երկրպագուներին՝ կիսելով բոլորի վիշտը»,- ասված է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձում: