Ե՛վ իշխանությունը, և՛ ընդդիմությունը շահարկում են ժողովրդի անունը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից 2 շաբաթ առաջ ոչ-ի դաշտի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենց մարզային այցելությունների արդյունքում իրենք համոզվել են` ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը դեկտեմբերի 6-ին ոչ է ասելու Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին: Իսկ հանրապետականներն էլ հայտարարում են, թե սահմանադրական փոփոխություններին ոչ ասողները կա՛մ այն չեն կարդացել, կա՛մ էլ պարզապես անգրագետներ են:

ՀՀԿ-ականների նման պնդումներից կարելի է եզրակացնել, թե պետությունը ապահովել է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա ընթերցել առաջարկվող նախագիծը:  Մինչդեռ «Ազատության» ներկայացմամբ` մինչ օրս արդարադատության նախարարությունը նոր նախագծի ընդամենը 15.400 անվճար օրինակ է բաժանել ՀՀ-ում: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, որի ներկայացուցիչներն այդքան հաճախ են իրենց թույլ տալիս նոր Սահմանադրության նախագծին ոչ ասողներին մեղադրելու «տառաճանաչ չլինելու» եւ «անգրագիտության» մեջ, ապա այս կուսակցությունը եւս ընդամենը 15.000 օրինակով է հրատարակել Սահմանադրության նախագիծը՝ սեփական քարոզչական մեկնաբանություններով:

Անհամեմատ ավելի պակաս տպաքանակով է քարոզչական նյութերը հրատարակել ՀՅԴ -ն, որն իրեն համարում է այս սահմանադրական փոփոխությունների անցկացման ջատագով ուժը: Մտածել, որ այս քաղաքական ուժերը, հատկապես ՀՀԿ-ն, ռեսուրսների խնդիր ունի եւ չի կարողացել իրեն թույլ տալ ավելի մեծ տպաքանակով հրատարակել Սահմանադրության նախագիծը, մեղմ ասած, միամտություն կլինի: Անգամ կոնկրետ մեկ տեղամասում մեծամասնականով առաջադրված որոշ օլիգարխ պատգամավորներ ավելի մեծ տպաքանակով նախընտրական բուկլետներ եւ քարոզչական նյութեր էին հրատարակում, քան երկրի մայր օրենքը փոփոխող պետությունն ու քաղաքական ուժերը միասին:

Երեկ Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ APR Group ՀԿ-ն հրապարակել էր նոյեմբերին ՀՀ ողջ տարածքում իրականացված հետազոտութան արդյունքները, ըստ որոնց` հանրաքվեից 2 շաբաթ առաջ հարցվածների 22.7 տոկոսը տեղյակ չէ, որ ՀՀ-ում անցկացվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, իսկ 20 տոկոսն էլ չգիտի հանրաքվեի օրը: Ահա հանրության տեղեկացվածության այսպիսի մակարդակով էլ իշխանությունները խոսում են սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրային մոբիլիզացիայի մասին: Ընդ որում, նույնքան վիճահարույց է նաեւ ընդդիմության պնդումը, թե հանրությունը դեմ է այս Սահմանադրությանը: Քանի որ, ի վերջո, մարդ չի կարող ո՛չ կողմ, ո՛չ էլ դեմ լինել մի փաստաթղթի, որի բովանդակությանը ծանոթ չէ:

Եւ այս հանրաքվեից հաշված օրեր առաջ կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ի թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ուժերը շահարկում են ժողովրդի անունը` հարկ չհամարելով մինչ այդ գոնե ապահովել մարդկանց իրազեկվածության նվազագույն աստիճանը:




Լրահոս