Եթե ՌԴ պետդումայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի մասին խոսք գնա, ՀՀ-ն ստեղծված հնարավորությունից ցանկալի արդյունքներ կքաղի՞. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ պետդումայի «Արդար Ռուսաստան» խմբակցութեան ղեկավար Սերգեյ Միրոնովը երեկ հայտարարել է, որ իր ղեկավարած քաղաքական ուժն առաջիկայում պատրաստվում է ՌԴ պետդումայի օրակարգ մտցնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենսդրական նախագիծ, որը, ըստ նրա, կլինի «շատ լավ սառը ցնցուղ թուրքերի համար, որոնք մոռանալով սեփական պատմությունը, երբ անմեղ մարդկանց ոչնչացնում էին, փորձում են անցյալի բաղադրիչները ներմուծել ներկա»: «Մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանում գործի օրենք, որով կպատժվեն բոլոր նրանք, ովքեր կժխտեն Հայոց ցեղասպանությունը»,-Միրոնովի խոսքերն է մեջբերել ռուական Regnum գործակալությունը:

Ուշագրավ է, որ Միրոնովն այդ հայտարարությունն արել է ուղղակիորեն արձագանքելով Թուրքիայի զինուժի կողմից ռուսական Cy-24 ռազմական ինքնաթիռի խոցման փաստին: Ըստ էության, ռուս քաղաքական գործիչը միանգամայն բաց տեքստով ասել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը լինելու է ի պատիժ թուրքերի` հենց այս ինքնաթիռի խոցման համար:
Իհարկե, հայկական կողմի համար ինքնին նման օրենքի նախագծի շրջանառությունը եւ ընդունումը շատ կարեւոր եւ դրական փաստ կարող է համարվել` անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի քաղաքական դրդապատճառներից ելնելով է այս կամ այն երկիրը գնում դրան:

Ի վերջո, Հայոց ցեղասպանությունը ճանաչած, առավել եւս դրա ժխտումը քրեականացնելուն ուղղված քայլեր կատարած գրեթե բոլոր երկրներն էլ առաջնորդվել են նախ եւ առաջ իրենց քաղաքական շահերով: Սակայն մի բան է, երբ դա արվում է՝ այդ իրական շահերի մասին չբարձրաձայնելով եւ այդ ամենը հումանիզմի քողի տակ ներկայացնելով, եւ բոլորովին այլ բան, երբ դա արվում է այդքան «կացնային» եղանակով: Իրականում Միրոնովի այս հայտարարությունը ոչ միայն չպետք է դույզն-ինչ ոգեւորի հայկական կողմին, այլեւ պետք է լրջորեն մտահոգի, քանի որ Հայոց ցեղասպանության խնդիրն այդպես անթաքույց եւ անամոթաբար շահարկելով` ռուս քաղաքական գործիչը հերթական անգամ թիրախավորում է հայերին եւ Հայաստանը, այսպես կոչված, այս «հակաահաբեկչական» կամպանիայի ամենավտանգավոր եւ թեժ փուլում, ինչը, բնականաբար, չի կարող մեզ համար անցանկալի ազդեցություն չունենալ:

Մյուս կողմից էլ, սակայն, քաղաքականության բնույթն է այդպիսին. ուրիշ էլ երբ Ռուսաստանը կարող էր նման քայլի գնալ` հաշվի առնելով մինչեւ բոլորովին վերջերս Էրդողան-Պուտին ջերմ հարաբերություններն ու ռուս-թուրքական ռազմավարական գործակցությունը: Ինքնին հասկանալի է, որ միայն այսպիսի իրավիճակում է հնարավոր, որ ՌԴ պետդումայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի մասին խոսք գնա, ուստի եւ մենք պետք է կարողանանք, առավել քան երբեւէ, հաշվարկված եւ ճշգրիտ քաղաքականություն վարել` ստեղծվող հնարավորությունից ցանկալի արդյունքներ քաղելու համար:




Լրահոս