ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ Է ՎՏԱՆԳՎԵԼ ԵՂԵԳԻՍ ԳԵՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում փոքր ՀԷԿ-երի գործունեության արդյունքում աղետալի վիճակում է հայտնվել գետերի գերակշիռ մեծամասնությունը: Այդ գետերի թվին է պատկանում նաեւ Եղեգիսը, որի վրա նախատեսվում է ՀԷԿ-երի թիվը հասցնել 14-ի, ինչը, ըստ բնապահպանների, անթույլատրելի է:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսի վերջին ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության» մասին օրենքով մինչեւ տասը մեգավատտ հզորությամբ ՀԷԿ-երը կարող են շահագործվել արդեն առանց հասարակական լսումների եւ փորձաքննության: Այս օրենքի ընդունումը խիստ մտահոգել է բնապահպաններին: Բանն այն է, որ բազմաթիվ փոքր ՀԷԿ-երի կառուցման եւ անվերահսկելի շահագործման հետեւանքով ՀՀ գետերի էկոհամակարգը լուրջ վտանգվել է: Այդպիսի գետերի թվում է նաեւ Եղեգիսը, որի ավազանի էկոհամակարգը նույնպես աղետալի վիճակում է: Այստեղ արդեն իսկ գործում են 12 ՓՀԷԿ, եւս 8-ն էլ նախատեսվում է կառուցել եւ շահագործել:
Եղեգիս (Էլեգիս) գետը հոսում է Վայոց ձորի մարզում, այն Արփա գետի վտակն է: Եղեգիսը սկիզբ է առնում Վարդենիս լեռան հարավ-արեւելյան լանջերից եւ Գետափ գյուղից 2 կմ հարավ աջից միախառնվում Արփային: Նրա երկարությունը 47 կմ է: Սակայն վերջերս՝ նոյեմբերի 4-ին, «Էկոլուր» բնապահպանական կայքէջում տեսանյութ է տեղադրվել, որից պարզ է դառնում, թե ինչ աղետալի վիճակում է գտնվում Եղեգիս գետի՝ «Եղեգնաձոր» ՓՀԷԿ-ի ջրընդունիչ կայանի մոտ գտնվող հատվածը: Նշենք, որ «Եղեգնաձոր» ՓՀԷԿ-ը շահագործում է «Մինա-Մայա» ՍՊԸ-ն:
Ըստ բնապահպանների՝ Եղեգիս գետը, որը ձեւավորում է Եղեգիսի կիրճի էկոհամակարգը, 3 տարվա՝ 2009-2011 թվականների ընթացքում փոխել է իր կազմը: ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնի տվյալների համաձայն` 2009թ-ից մինչեւ 2011թ-ը գետում ջրի ջերմաստիճանը բարձրացել է 1 աստիճանով: Թափանցելիությունը նվազել է 3 միավորով (սմ), թթվածնի պարունակությունը` 2 միավորով (մգ/լ): Այս ամենն անդրադարձել է ձկնապաշարների վրա. գետի ստորին հատվածներում կարմրախայտ էնդեմիկ ձկնատեսակն արդեն անհետացել է: Նման ճնշում գետի վրա գործադրում են փոքր ՀԷԿ-երը, որոնց համար 12 լիցենզիա է տրամադրվել: Բնապահպան Լեւոն Գալստյանի խոսքերով՝ գետի 50 տոկոսը զբաղեցված է ՀԷԿ-երով: «Գետը մտնում է մի ՀԷԿ-ի մեջ, դուրս է գալիս, մտնում մյուսի մեջ: Եղեգիս գետը կարելի է ասել՝ չկա, որովհետեւ գետի գերակշիռ հատվածն անցնում է խողովակների միջով: Այս գետը ճգնաժամային վիճակից այն կողմ է անցել արդեն»:
Այսպիսով՝ Եղեգիս գետը խողովակի մեջ է վերցվում 24.894 մետր երկարությամբ գումարային տարածքում` չհաշված «Եղեգիս» ՓՀԷԿ-ը, որի դերիվացիայի երկարությունը բացակայում է: Այս ցուցանիշը կազմում է գետի 52.96 տոկոսը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` սա աղետ է գետի համար:
Եղեգիս գետի վրա կառուցված են հետեւյալ փոքր ՀԷԿ-երը՝ «Տիգրան Մեծ» ՓՀԷԿ-ը, որի շահագործողը «Ռուս ընդ Հար» ՍՊԸ-ն է, «Ալնարս» ՓՀԷԿ-ը` շահագործող՝ «Ալնարս» ՍՊԸ, «Եղեգիս» ՓՀԷԿ` կառուցված «Էլեգիս ՀԷԿ» ՍՊԸ-ի կողմից, «Սուրբ Աղբյուր» ՓՀԷԿ` կառուցված «Սուրբ աղբյուր» ՍՊԸ-ի կողմից, «Եղեգնաձոր», «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1»՝ կառուցված «Մինա-Մայա» ՍՊԸ-ի կողմից, «Եղեգիս-3» ՓՀԷԿ` կառուցված «Սյունյաց Վոթը» ՍՊԸ-ի կողմից, «Եղեգիս-2» ՓՀԷԿ` կառուցված «Ռաել ԳԷՍ» ՍՊԸ-ի կողմից, «Եղեգիս-1» ՓՀԷԿ` կառուցված «Բազենք» ՓԲԸ-ի կողմից, «Գողթանիկ» ՓՀԷԿ` կառուցված «Հ.Հ.Ն.Մ.Ս.» ՍՊԸ-ի կողմից:
«Ժողովուրդ»-ը փոքրիկ ուսումնասիրության ընթացքում պարզեց, որ այս ընկերությունները ՀՀ պետռեգիստրում գրանցված են: Այսպես՝ «Սուրբ աղբյուր» ընկերության հիմնադիրն է Արշավիր Սարգսյանը: Մամուլի հրապարակումների համաձայն՝ Արշավիր Սարգսյանը Աղվան Հովսեփյանի որդու` Նարեկ Հովսեփյանի եւ մի քանի այլ անձանց հետ Դավիթաշենի ավտոմեքենաների տեխնիկական զննում իրականացնող «Տրանս-սիստեմ» ընկերության համասեփականատերն է: Պետռեգիստրի տվյալներով՝ «Ալնարս» ՍՊԸ-ի հիմնադիրներն են՝ Արսեն Գաբրիելյանը, Նարեկ Մնացականյանը, Ալբերտ Մարգարյանը: Սակայն մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ այս ընկերությունը պատկանում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ընտանիքին: «Հ.Հ.Ն.Մ.Ս.» ընկերության հիմնադիրն է Հայկ Սուվարյանը, «Սյունյաց Վոթ»-ինը՝ Նաիրա Սարգսյանը: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` նշված անձինք ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դուստրն ու փեսան են:
Իսկ «Բազենք» ՓԲԸ-ի հիմնադիրները 4-ն են՝ Մելս, Հակոբ, Պարթեւ եւ Արմեն Հակոբյանները: Ի դեպ, այս ընկերությունը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին: Վերջինիս է պատկանում նաեւ «Արփա-Սեւան» ԲԲԸ-ն, «Բազալտ» ՓԲԸ-ն եւ այլն: Ըստ որոշ տեղեկությունների՝ «Էլեգիս Հ.Է.Կ.» ընկերությունը նույնպես պատկանում է Հակոբյանների ընտանիքին: Սակայն պետռեգիստրում նշված է, որ ընկերության հիմնադիրն է Սյունիքի հասարակական բարեգործական կենտրոնը: Իսկ «Մինա-մայա» ընկերությունը, որը միանգամից շահագործում է երկու փոքր ՀԷԿ, հիմնադրել է Ասատուր Օհանյանը: «Ռուս ընդ Հար» ընկերության հիմնադիրն է Զոհրաբ Շահբազյանը, «Ռաել ԳԷՍ» ընկերության հիմնադիրն էլ Ռաֆայել Արտեմի Մարկիսյանն է:
Ահա, այս անձանց մեղքով է Եղեգիս գետի էկոհամակարգը վտանգվել: Իսկ պատկան կառույցները պարզապես աչք են փակել այս ամենի առաջ:
«Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել ե՛ւ Հերմինե Նաղդալյանի, ե՛ւ Հակոբ Հակոբյանի հետ, սակայն վերջիններս չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս