ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ ԱՍՈՒՄ Է՝ ԽՆԴՐԵՄ, ԵԿԵ՛Ք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Վարդան Այվազյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նշեց, որ այսօր երկրում առաջնային խնդիրը տնտեսական աճի ապահովումն է ու աշխատատեղերի ստեղծումը, սակայն որպեսզի քաղաքացին իր մաշկի վրա զգա այդ աճը, այն պետք է շատ ավելի բարձր լինի, քան կառավարության ապահոված 7.2 տոկոսը:
 -Պարո՛ն Այվազյան,  Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը լուրջ բախում տեղի ունեցավ Բաղրամյան պողոտայում, ինչը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ  Ժողովուրդը չի ընդունում Ս. Սարգսյանին որպես վերընտրված նախագահ: Ձեր խղճի վրա չի՞ ազդում, որ այսօր ժողովուրդը փողոց է դուրս եկել ու պայքարում է իշխանության դեմ, իսկ իշխանության ներկայացուցիչները ժպիտներով ու ծափահարություններով են ընդունում Ս. Սարգսյանին:  
-Ժողովրդի ո՞ր մասը: Կա մաս, որ չի ընդունել, կա մաս, որ ընդունել է: Համենայնդեպս, ընտրություններն ավարտվել են, ընտրությունների արդյունքները ճանաչվել են բոլորի կողմից: Եվ հանրապետության նախագահը ողջունեց ու շնորհավորեց բոլորին, նրանց, ովքեր իրեն ձայն են տվել, ու նաեւ նրանց, ովքեր ձայն չեն տվել, քանի որ նա համարվում է ՀՀ նախագահը: Գոյություն ունեն իրավական նորմեր, որով էլ այդ ամենը հաստատվում է: Բոլորս էլ Հայաստանում տիրող իրավիճակը գիտենք, այո՛, կա նաեւ աղքատություն, կան տնտեսական խնդիրներ, ու պատահական չէ, որ ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը թեկնածուներից մեկն էր, հավաքեց 500 հազար ձայն: Դա այն մարտահրավերն էր բոլորին, որ լրջագույն խնդիրներ են առկա, ու պետք է լուծել այդ խնդիրները, ինչը կոչ արեց նաեւ ՀՀ նախագահը: Ու այսօր ամեն ինչ արվում է այդ խնդիրները լուծելու համար:
-Ըստ “Գելափ”-ի անցկացրած հարցումների՝ այսօր ՀՀ բնակչության 40 տոկոսը պատրաստ է ցանկացած պահի լքել Հայաստանը…
-Այո՛, հիմա պետք է այնպես անենք, որ մյուս անգամ հարցումների ժամանակ այդ 40 տոկոսը չլինի:
Իսկ ի՞նչ է արվում դրա համար:
-Այսօր առաջնային խնդիրը տնտեսական վերելք, աշխատատեղեր ապահովելն է, որ մարդը կարողանա այստեղ ունենալ համապատասխան աշխատանք, համապատասխան վարձատրություն եւ կարողանա իր ընտանիքի հոգսը հոգալ, որովհետեւ հայ մարդու համար առաջին սրբությունների սրբոցն իր ընտանիքն է: Դա է մեր խնդիրը:
-Կառավարությունը թղթի վրա արդեն 7.2 տոկոս տնտեսական աճ է արձանագրել, սակայն հասարակ քաղաքացին դա իր մաշկի վրա այդպես էլ չի զգում:
-Ես դրա մասին արդեն խոսել եմ ու ներկայացրել իմ հիմնավորումները՝ արդյոք այդ 7.2 տոկոսը բավական է, որպեսզի ազգաբնակչությունն իր վրա զգա: Բնականաբար ո՛չ, այդ տոկոսը պետք է ավելի բարձր լինի, որ ամեն ինչ ճիշտ վերաբաշխվի: Կա խնդիր:
-Այժմ կառավարությունը հրաժարական է տվել, եւ առավելագույնը յոթ օրից Ս. Սարգսյանը պետք է նոր վարչապետ նշանակի: Բայց կարծես թե նա ցանկանում է վերանշանակել  Տիգրան Սարգսյանին: Ըստ Ձեզ՝ Տ. Սարգսյանը մեղավո՞ր չէ ՀՀ տնտեսության մեջ վերջին տարիներին արձանագրված անկման համար:
-Ես հիմա չեմ կարող ասել, թե ինչ տեղի կունենա, վերջիվերջո, մեխանիզմներ են իրականացնում, եւ այդ մեխանիզմների գործընթացները պետք է հստակ լինեն, եւ ոչ թե պաշտոնների փոփոխման հետ կապված լինի դա: Գիտեք ինչ կա, այն խնդիրները, որոնք Դուք միանշանակ դնում եք պաշտոնների մեջ, շատ սխալ է, մենք ունենք լրջագույն խնդիր՝ տնտեսական վերելք ապահովել: Եվ եթե տնտեսական վերելքն ապահովենք, կլուծվեն նաեւ պաշտոնների հետ կապված խնդիրները: Օրինակ՝ այս հարցում նախագահի մոտեցումը  շատ հստակ է, երբ ընդդիմադիր գործիչներին ասում է` խնդրեմ, դո՛ւք էլ եկեք եւ այդ գործողությունների մեջ դո՛ւք էլ անմասն մի մնացեք: Միայն հո խոսելո՞վ չէ, եկե՛ք կոնկրետ գործով միասին առաջ գնանք: Եվ որքան շատ մենք կարողանանք միահամուռ, ձեռք ձեռքի տված այդ աշխատանքները կատարել, այնքան ավելի լավ կլինի ամեն ինչ: Վատ ասելով կամ լավ ասելով բերանդ չի քաղցրանա, գործել է պետք:
-Ձեր կոալիցիոն գործընկեր ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը եւս այն կարծիքին է, որ ,մեր ազգը վատ է ապրելու, քանի դեռ իր սրտով իշխանություն չի ձեւավորվելե: Դուք համակարծի՞ք եք նրա վերոնշյալ պնդմանն ու նաեւ այն դիտարկմանը, որ երկրում մշտապես նույն դեմքերն են պաշտոնավարում:
-Ի՞նչ ասեմ, դա Ա. Բաղդասարյանի կարծիքն է, ու ես չգիտեմ, թե նա ինչի համար է դա հայտարարել: Համենայնդեպս, նշեմ, որ դեմքերի արագ փոփոխությունը չի տալիս արդյունք: Դեմքի փոփոխությունից չէ կախված ամեն ինչ, դա կախված է նրա աշխատանքի արդյունավետությունից:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս